Player_logo Podcasts Community Create a Podcast
VARAND AUDIO BOOKS
July 05, 2010 05:14 AM PDT

http://yavalia.podomatic.com/

Audio Poem Readings, Excerpts From The Books Listed Below:

ԱՐԵՒԻ ՃԱՄԲՈՎ - The Road of The Sun
ՀՈԼՈՎՈՅԹ - Evolution
ԱՐԵՒԱՔԱՐ - Oval
ՍՈՒՐ ԵՒ ՍՏՒԵՐ - Sword And Shadow
ԲՈՀԵՄԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ - Bohemian Diary
ՄԵՂՔԻ ՎԱՐԴԵՐ - Roses of Sin
ՆՈՐ ՆԵՄԵԶԻԴԱ - New Nemesis
ՅՈՎՀԱՆՆՈՒ - 14 - John, Verse 14
ԿՐԿՆԵՐԵՒՈՅԹ - Mirage
ԱՆՎԵՐԱԴԱՐՁ - Leave of No Return
ՏԱՆԳՕ 21, Սիրային Էջեր - Tango 21, Love Leafs
ՍԽՐԱՏԵՍԻԼ - Bold
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ - Mask And Mirror
ԱՅՍ ԱՉՔԵՐԸ - These Eyes

http://yavalia2.podomatic.com/

Almost All Poems In Books Below Been Read:

ԿՐԿՆԵՐԵՒՈՅԹ - Mirage
ԱՆՎԵՐԱԴԱՐՁ - Leave of No Return
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ - Mask And Mirror

http://yavalia3.podomatic.com/

Almost Complete Book Been Read:

ԱՅՍ ԱՉՔԵՐԸ - These Eyes

Այս Աչքերը - These Eyes
June 23, 2010 08:51 AM PDT
itunes pic

ԱՅՍ ԱՉՔԵՐԸ

Որքա՜ն են իմ աչքերը փակել այս աչքերը,
Որ երազեմ նրանց մախմուր կանչերը.
Որքան են իմ աչքերը ծակել այս աչքերը,
Երբ նետել են իրենց նուրբ նետ-նիզակները։

Որքա՜ն են իմ աչքերը բացել այս աչքերը,
Երբ սուզւել եմ մոռացութեան նիրհ ու նինջում.
Որքան են իմ աչքերը թացել այս աչքերը,
Երբ իրենք խորտակւել են խինդի լճում։

Այս աչքե՜րը, այս աչքե՜րը խաչ են հանել
իմ խաչերը,
Ուսուցանել՝ սուրբ գործ է, սուրբ՝ սիրոյ ճամբին
մեղանչելը։

Որքա՜ն են իմ աչքերը խաչել այս աչքերը,
Որքան են իմ աչքերը տանջել այս աչքերը.
Իրենք մնացել են այնպէս վառ, կայծկլտուն,
Բայց իբր մրրիկ փչել իմ կրակները։

Որքա՜ն են իմ աչքերն այրել այս աչքերը,
Որքան են մուխս մարել այս աչքերը.
Քաղաքներիս, տաճարներիս նետել թէժ հրահոսանք,
Սակայն իրենք կարծրացել են, քարացել այս աչքերը։

Այս աչքե՜րը, այս աչքե՜րը խաչ են հանել
իմ խաչերը,
Ուսուցանել՝ սուրբ գործ է, սուրբ՝ սիրոյ ճամբին
մեղանչելը։

Այս աչքե՜րը....
5-6.4.98

ԱՅՍ ԱՉՔԵՐԸ (2008)
These Eyes

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

Դիմում - Appeal
June 23, 2010 08:43 AM PDT
itunes pic

ԴԻՄՈՒՄ

...Շատ շուտով ձեր լեզւի մէջ ամփոփւած
կանչը հասաւ ինձ, հայեր։
ՏՈՆԻՆՕ ԳՈԻԷՐԱ
(Իտալացի մեծ արւեստագէտ)
Հոկտ. 2007, Երեւան

Այդ իմ լեզուն է,
Որով կարող եմ
Խօսել քո ազգի ոչ միայն կանանց
աչքի սեւերից,
Այլեւ դեւերից
Այն սրտակործան,
Որոնք օրն ի բուն կրծում են կուրծքը
Նոյն այդ աչքերից
զարկւած այրերի։

Այդ իմ լեզուն է,
Որով կարող եմ
Խօսել քո ազգի մեծ Վերգիլիոսից՝
Հոռոմ Հոմերից,
Թարգմանը դառնալ նրանց երկերի՝
Դիւցազներգերի՝
Հանճարեղ գրչով,
Պետրարկ հայացնել
Հարազատ ոճով,
Լէոնարդոյի, մեծ Ռաֆայէլի եւ Անջելլոյի
Գոյները կոչել իրենց ճիշտ անւամբ,
Դանթէն թարգմանել
Պահած եամբ ու յանգ
Ու նէապոլիտէն քո երգիչների
Խօսքը ստւերել բառով նրբերանգ։

Այդ իմ լեզուն է,
Որով կարող եմ
ճիշտ նկարագրել Կոլիզէումդ լայն,
Ֆլորենցիայի բարձունքը փարթամ,
Քաղաքամայրիդ շքեղանքը պերճ,
Երաժշտական
Տոն ու ելեւէջ,
Վեզուվիդ ժայթքը խօլ, վուլկանական
Ու կարմիր գինուդ - հինաւուրց գինուդ
Կախարդանքը թարմ։

……………………………………………
……………………………………………

Սակայն, լաւ լսիր,
Իմ մեծ բարեկամ,
Որքան էլ լինի սրտիդ խօսքը ջերմ,
Գովեստդ արժան,
Դրւատանքդ թանկ՝
Միշտ Ցաւի լեզուն աւել է ուժգին,
Մտրակը լլկող
Եւ մխանքը ժանտ.
Ուստի՝ հարցնում եմ
Ոգով տիրական,
Հարցնում եմ ողբով, աղերսով անկամ,
Հարցնում եմ հոգով մի վերջին անգամ.
- Ձեր ամենատես աչքերի առաջ,
Արձակելով ճիչ, վայնասուն, շառաչ,
Քանի՞ անգամ են կտրել այդ լեզուն՝
Հանճարեղ լեզուն
Իմ արմենական...

9.11.2007

ԱՅՍ ԱՉՔԵՐԸ (2008)
These Eyes

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

Ապոկալիպսիս - Apocalypsis
June 23, 2010 08:38 AM PDT
itunes pic

ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ

Սեւ գէլին

Որտեղի՛ց այդքան
Սեւ չարիք քո մէջ,
Որտեղի՛ց այդքան՝ գռեհկութիւն, թոյն.
Երբ գրի եռքով,
պատկերի ներկով,
Շատրւանում էր հանճարս անշէջ՝
Դու խաւար խոհով
յեսանում էիր եաթաղան, դաշոյն։

Դրախտավայրում այդքան
Չախկալ-շո՞ւն,
Հայկի տարածքում այդքա՞ն պղծութիւն
Ու դեռ ջանում ես
Ամենուր թւալ,
Այնպէս երեւալ
կիրթ եւրոպացի՜,
Սակայն բերանիդ հորում հոտում է
տոպրակը մաղձի։

Դեռ կողքիդ ունես քո կից կերպարը՝
լիրբը կանացի,
Որ «փայլփլում է» բեմերում, ոտքին
Զանգուլակ էծի,

Դիպլոմատների սփռոցի «մեզզէ»,
երեսից թքւած՝
երիցս թրքւած,
Որին հսկում են
Կուզլիկ կաւատներ՝
Օձերի կծիկ։

…………………………………
…………………………………
…………………………………

... Ե՛ւ աւերւելով, ե՛ւ արարելով
մենք գնում ենք դեռ,
Ճամբով արեւի թարթափում՝
Ուսիս բոցկլտող խաչեր.
Շունն արձակում է պտուկները սեւ,
որ սնի դեւեր,
Ոսոխը՝ հաչե՜ր...

13.4.2008

ԱՅՍ ԱՉՔԵՐԸ (2008)
These Eyes

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

Մետամորֆոզ - Metamorphosis
June 23, 2010 08:30 AM PDT
itunes pic

ՄԵՏԱՄՈՐՖՈԶ
(404 եւ 4 կերպարատոխում)

Յիրաւի շատ եմ զարկւել աշխարհում,
Յիրաւի չունեմ պաշտպան-պահապան.
Իմ միակ զէնքը աչերս են անհուն,
Մէկ էլ... թռիչքս, որ չունի սահման.
Ինձ հալածել են ոչ միայն նրանք,
Ովքեր իրապէս ընչաքաղց են, զուրկ,
Այլեւ՝ փադիշահ-արքաներն այն,
Որոնք փնտրել են վայելք ու հաճոյք.
Ինձ ծուղակել են թակարդով անգութ,
Հալածել նետով, թափով նիզակի.
- Ես այն Եղնիկն եմ, որի մաշկը նուրբ
Մագաղաթ դարձաւ Մաշտոցի ծնկին։

Յիրաւի շատ եմ հեղւել աշխարհում,
Չափով մատաղի անմեղ արիւնի,
Ինձ դարձրել են ջուր, դարձրել են փրփուր,
Դարձրել են ինձ թոյն, դարձրել են գինի.
Ինձնով կնքել են պարտութեան դաշինք,
Մատնել են ինձնով պայմանագիր սուտ,
Օծել են ինձնով փրկութեան կնիք
Եւ փրկագին են կտրել մշտամութ.
Ինձնով գնել են, ինձնով վաճառել,
Ինձնով փրկել են, դարձրել են վկայ.
- Ես այն Թանաքն եմ, որ գիր է դառել
Մաշտոցի մաքուր մատեանի վրայ։

Ես սաւառնել եմ տիեզերքում լուրթ,
Կայծակել եմ վէս կայծակի վրայ,
Ճառագայթել եմ ամպերի մէջ մութ,
Կապոյտ եմ վառել երկնքի վրայ.
Մերթ վերածւել եմ փաթիլի փափուկ,
Վերածւել եմ մերթ սլաքի սահող,
Մերթ դարձել եմ նետ, դարձել եմ նիզակ,
Դարձել եմ Փիւնիկ՝ արծիւ սաւառնող.
Վերացման տենչ եմ աչքերի մէջ սառն,
Թռիչքի թեւ եմ մրրիկում անղեկ.
- Ես այն Փետուրն եմ, որ գրել է տառ
Մեսրոպ Մաշտոցի մագաղաթին շէկ։

Ես արարւել եմ Արարչի շնչից,
Էացել եմ ես Է-ից՝ մենակ ինքս,
Շարականւել եմ մայր հողի կանչից,
Չնայած խստիւ մունջ եմ՝ իբր Սֆինկս.
Ես փշրելու եմ պատը լռութեան,
Նոր Բաբելոնն եմ խախտելու հիմից,
Ուր լեզուների խառնարան-լաւան
Հրալիզում է իմ լեզուն՝ քիմքից.
Ես բարբառել եմ ասքով Նայիրեան,
Կարկառել եմ իմ առագաստն արմէն՝
Դրախտավայրից մինչ տապան Նոյեան.
- Ես այն Այբ-ն եմ, որ դարձել է Բեն...

2.10.2007

ԱՅՍ ԱՉՔԵՐԸ (2008)
These Eyes

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

Կարմիր զօրավար - The Red Warrior
June 23, 2010 08:20 AM PDT
itunes pic

ԿԱՐՄԻՐ ԶՕՐԱՎԱՐ

Թէ Զօրավար ես՝ դէ՛՝ շարժւի՛ր հպարտ,
Քո դէմ տեսիլքն է վեհ Ազատութեան,
Պիտի խորտակես պատւարները վատ,
Բացես նոր եզերք՝ Հայոց պատմութեան։
Պիտի ծածանես դրօշդ մեծղի
Եւ վահա՛ն դառնաս Չարի յանդիման,
Բիբերդ պիտ փոխւեն կարմրատակ ածխի,
Մօրուսդ դառնայ սուսեր անպատեան։
Փուշ ճանապարհիդ պիտի հանդիպես
Ո՛չ միայն զուլում զօրքեր ահրեման,
Այլեւ վասակեան «կներ» ժանտերես,
Այլեւ՝ փառատենչ շներ դաւաճան։
Նրանք պիտի քեզ խոցեն չորս կողմից
Ու ճակտիդ դնեն սուր փշեպսակ,
Քո արիւնը պիտ ճառագի՜ հողմից,
Մութ ճամբիդ դառնայ վսեմ լուսարձակ։
Քեզ հետ դու վերցրու մախաղ մի՝ հաւատ,
Կոչումիդ խաչն ու միւռոն՝ մի արցունք,
Նախնեաց Կտակի էջը մագաղաթ
Եւ հայկեան հողից փշուր մի-մասունք...
Ապա բարձրացիր Գողգոթա բարձունք,
Դէմը դղրդայ թո՛ղ կանչիցդ հուր,
Սասանիր հողն ու երկրին տուր երկունք,
Խորտակելով Միհր ու Մհերի դուռ...
Քեզ հետ պիտի գան՝ Եղիշէն Պատմիչ,
Ղեւոնդ Երէցը, Մանէջ պատանին,
Դիւցազունների դասակ մի կտրիճ,
Դու՝ ակ, իսկ նրանք քո շուրջ մատանի.

Արեւի շուրջն էլ փայլում են այդպէս
Մեծ ու փոքր ջահեր՝ աստղեր մի քանի,
Խաւարը որքան լինի թանձր ու մեծ՝
Մարտիդ հանճարի դիմաց ի՜նչ կանի...

……………………………………………
……………………………………………
……………………………………………

... Զի գալիս ես դու ակունքից նախնեաց,
Ուր ամէն շող է մաքուր, գեղանի,
Այս պիղծ պարիսպն էլ խորտակիր ու անց...
Զի՝ Զօրավար ես, Զարմ ես արմէնի...

20.1.2008

ԱՅՍ ԱՉՔԵՐԸ (2008)
These Eyes

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

Ապստամբութիւն
June 23, 2010 08:09 AM PDT
itunes pic

ԱՊՍՏԱՄԲՈՒԹԻՒՆ
(Փետրւար 18)

Ձեր հայրերը մարգարէներից
որի՞ն չհալածեցին՛։
Եւ սպաննեցին նրանց, որոնք
նախօրօք պատմեցին Արդարի
գալստեան մասին, որի
մատնիչներն ու սպանողները
եղաք դուք այժմ, դուք, որ
հրեշտակների միջոցով օրէնքն
ստացաք, բայց այն չպահեցիք։
Ս. Գիրք

Տարուբերւում է իմ երակներում
Խոհը՝ հողմի պէս այս Փետրւարեան,
Ալեբախում է գանգիս ծալքերում
Արեան յորձանքը՝ բոսոր ատրուշան.
Հրաթեւն իմ միտքը տանում է
Մինչեւ սկիզբը մեր արարչութեան,
Ուսկից դառնում է
Սլաքը խոհիս՝
Ձեւում կտաւը խօլ մեր պատմութեան։
Պատմութեա՞ն, օ, ոչ՝
Ոգու պարտութեա՛ն,
Ուր գանգատաւո՞ր՝ որքան ուզենաս,
Սակայն վիզ առնո՞ղ, օ, չկա՛յ, չկա՜յ...

Ուստի դառնում է նիզակը խոհիս,
Հողմերի նման այս Փետրւարեան
Ու նշաւակում կռատունն այն գիպս,

Ուր այգաբացին մեր ազատութեան
Զենւեց մեր ոգին
Նոխազի նման,
դառնալով արնոտ
պարիսպ ու զնդան...

……………………………………………
……………………………………………

- ...Շարուր, Նախիջեւան՝ քե՛զ, Ադրբեջա՛ն,
Արցախ - Կարաբախ՝ նորից քեզ կուրբա՛ն.
Ախալքալաք ու Լոռի՝ Վրաստան,
Կարս ու Սուրմալու՝ հալա՛լ, Տաճկաստա՜ն։

…………………………………………………
…………………………………………………

... Դեռ թարմ են եղել
Աճիւններն իմ հարազատների
Երբ Արարատն էք ծախել թուրքերին։
Հանա՞ք էք կարծել
Խելագար փայլը
Եղեռնից փրկւած
Տատիս աչքերի.
Ի՞նչ էք հասկանում
Խեւ խրախճանքից,
սեւ հարսանիքից
վշտից դիւահար
անձնասպանների,
Նրանք, որ տոհմիկ անունն են պահում,
Իբրեւ հուսկ նշխար՝
Հայրենեաց կորած
հասկ ու հանդերի։

Դուք, որ եղել էք եօթ սարի յետեւ,
Գինի քամելու ձեր կրքին գերի
Կամ շալակել էք
Թառ, բալալայկայ,
Եւ կարծել խա՛չն էք կրում պապերի,
Որ ծոր էք տւել «գազել-բայաթի»,
Իբրեւ արտասուք «սեւ-սեւ աչքերի».
Դա «մայր Արաքս»-ի արցո՞ւնքն է եղել,
Թէ կեղտոտ տիղմը՝ թրքաց ափերի...

Ունեցել էք թաթ,
Սակայն ոչ երբեք ոգին ստեղծարար,
Ունեցել՝ լեզու,
Սակայն միայն սուր խայթոցի համար.
Տւել մի փոր հաց,
Բայց չէք ընկալել քաղցը ծոմեալի,
Պարզել էք դրօշ,
Որ չի ունեցել բոյրը արեւի։

* * *

...Դարձի՜ էք եկել, եկել էք բարի՜,
Սակայն քիչ եղէք այրասի՛րտ, արի՛.
Հայրենիքն էլ պէտք չունի ձեզ պէս
«Հոգատարների» կամ «դեսպանների»։
Դարձի՛ էք եկել,
Բայց մինչեւ երէկ
Մենք «ֆաշի՛ստ» էինք, դուք «յառաջադէ՜մ».
Այսօր նաւակիդ կայմը դիւրաթեք
Դարձել է ա՛յս կողմ,
Ունէք հազա՜ր դէմք։

Դարձի էք եկել՝
Եռագոյն պարզում,
Նոյնիսկ փչում էք Հայ Դատի փողը...
Պայմանը՝ պայման,
Բայց իբրեւ երդում
Նախ պիտի պաչէք դրօշի...ձո՛ղը։

* * *

...Ստիպել էք հերքել՝ անցեալը ներկել,
Դեղատոմսեր էք պատւիրել խստիւ,
Անգիտանալով, որ պատմութիւնը...
փորհարութիւն չէ
եւ ոչ էլ գրիպ։

Դիւցազնութիւնը
Կարգել էք «լեզգի»,
Կամ փողոցային
քաշքշուկ–կռիւ.
Ո՜վ էր ձեզ ստիպում
Կառչել այն ցաւին,
Որից թէկուզ ճաք չկայ ձեր կաւին։
Եւ ո՛վ է ասել ամէն մի պոպոզ
Ձոյլ սաղաւարտ է ահեղ էպոսի.
Ամէն Փիլիպոս
Իրեն կարող է կապել հերոսի
Եւ ամէն Տիրոս
Նմանւել մի վէս, գոռ մարտիրոսի։

……………………………………………
……………………………………………

Մի գաճաճ առնէտ
Շրջում՝ միմոսի պարեր է բռնում ,
Մի անտակտ տգէտ
Տառ է կուտակում... գիշերամանում.
Նրանք ի՜նչ գիտեն
Ծաղկած արիւնի վարդ երգի մասին,
Երբ որ մեր Արեան Յիշողութիւնից զուրկ են՝
միասի՛ն։

...Վառ երգը
Վէրքն է վշտից կտրւած նուրբ երակների,
Որը փոխւում է
Հուր հրդեհների, սուրբ կրակների.
Այդ ե՞րբ է կարող
Ողբ չկուտակած երգը մրցակցել
Վէրքի կաթսայում
եռքի մատնւած
մոգական խօսքի
մուգ – միւռոնագոյն
պղպջակներին...

* * *

...Ես որ ձգտել եմ
Հասնել ակունքը
Եաշտ–ի արիական
Ու այն վերածել
Երգի հայկական՝
Ալիքով ետդարձ,
Ասում եմ՝ չկայ
Երգ մի առած կայծ,
Ձօնւած կոթողին այն խաղաղութեան,

Որ իրական չէ,
Այլ արհեստական,
Զի յուշարձանը տակաւ ներում չէ՝
արդա՛ր, իսկակա՛ն.
Ինչպէս որ տաշտակ- մեդալիոնների շարքը
գերբական
Ո՛չ գիտութիւն է,
Ո՛չ էլ լիարժէք
Կուռ շքանշան...

էլ ո՜ւր մնաց թէ
Ռազմե՛րգու լինի
Ամէն հաւաբոյծ
Եւ կամ խանութպան։

* * *
……………………………………………………
……………………………………………………

... Չարենց չարչարում,
Բակունց ենք այրում,
Ասում ենք՝ հայ ենք.
Սեւակ սպանում,
Գալշոյեան գամում,
Ասում ենք՝ հայ ենք.
Աշխարհի՜ թնջուկ-կապերը բացում,
Գտնում ենք լուծում.
Մեր դատը թողած՝
Իրար ենք կրծում,
Ասում ենք՝ հա՜յ ենք...

1-4.2.2007

ԱՅՍ ԱՉՔԵՐԸ (2008)
These Eyes

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

Հանրիէթ - Henriette
June 23, 2010 07:50 AM PDT
itunes pic

ՀԱՆՐԻԷԹ
(Պոէմ-ռոմանս)

60-ականների սկիզբ

... Ապրեն մոմերն իմ տարեդարձի,
Ապրեն ութ-ինը մոմը կենարար.
Ութ-ինը մանուկ հաւաքւել էին
Համեստ սփռոցի...
Ու ճառագայթ կար
Ու ժպիտ կար վառ...

Ու եկել էիր դու, իմ աննման,
Գիտէի՝ մայրդ այլ է՝ լեհացի,
Ու քո աչքերի կապոյտը վարար
Երկար տարիներ
Այն իւղն էր արդար,
Որը հալւում էր սրտիս հնոցին.
Աչքիդ կապոյտը
Մոմ էր՝ մոմերին իմ տարեդարձի.
Այնքան լուռ էիր, շիկ ու խելացի,
Որ չէի կարծում
Կարող էր մէկը
Քո անունը տալ... Յիսուսից բացի։

Տարեդարձն էր իմ, հեռաւո՜ր գիշեր,
Մարտ էր, գարուն էր,
Իսկ յետոյ՝ յուշե՜ր.

Փայլուն վարսակալ քո ոսկէ մազին,
Ասես կանգնած ես կեանքիս երազին։

Լուսանկարում թէ՛ ես կամ, թէ՛ դու,
Իսկ միւսները աչքեր են, թշեր,
Դո՜ւ ես իմ աչքում նմանում հարսի...

Ու հեռանում ենք... չենք հանդիպում էլ...

* * *

60-ականների կէսերը
... Ես պատանի եմ,
Դու արդէն օրիորդ,
Արւեստանոցն է վարպետ Վասիլի.
Սերտում եմ կերպն ու օրէնքը գծի,
Փորձում եմ ներկն ու գոյները անծիր,
Իսկ դու այնտեղ ես,
այնքան գեղեցիկ,
Որ գալիս նստում
Բնորդ ես դառնում
Ու լուսաւորում սենեակը գործի...

Շրշում են շորերդ գնչուհու նման
Ու շէկ վարսերդ արձակում են կայծ,
Աչքերիդ ծովը ովկիան է դառնում,
Նայւածքիս նաւը
Ընկղմում կամաց...

Ճերմակ շորերդ
Դառնում են բեւեռ,

Իսկ ինքդ արեւ՝
սառցակոյտերում.
Առագաստներս դողում են թեթեւ,
Ապա խորտակւում
Կապոյտ ցուրտերում...

Սկիպիդարի բոյրն ինձ մասամբ
Ուշքի է բերում.
Ասես ճայ եմ, որ զարկւել է սրտից.
Փորձում եմ բռնել վրձինը, սակայն
Մատներս այրւում են
Բեւեռի ցրտից...

Ու բաժանւում ենք... օտարւում նորից...

* * *

70-ականների վերջ

Երիտասարդ եմ,
Իսկ դու՝ կին կարգին.
Մի օր մտնում եմ այլ արւեստանոց
Ու յանկարծ տեսնում
Այդ բոհեմիայում
Ոչ թէ մատռւակ, սիրուհի ես լոկ,
Այլեւ, թէ պէտք է,
Ի տես բոլորի՝
Մոդել՝ մերկ բնորդ։

Որքա՜ն էի քեզ տենչացել հոգով,
Որքա՜ն մերկացրել աչքով՝ մտովի,
Սակայն յարգելով

Պահւածքդ, գառ իմ,
Երազս օծել սրինգով հովւի։

Բայց այստեղ արդէն որջ է գայլերի,
Ու մսիդ քաղցը տիրական է էլ.
Մանուշակներդ դարձել են գերին
Այն ծաղկամանի,
Որ...լագան է էլ։

Հեռանում եմ լուռ,
Թողնում աննկատ
Ու խորհում՝ դարձար աղիճ փողոցի.
Հիմա այնքան ես
Հեշտ, էժանագին՝
Ոչ ոք չի կարող
Քո անունը տալ... Սատանից բացի։

Ու հեռանում ենք... կենում առանձին...

* * *

2006...

Ես հասուն այր եմ,
Իսկ դու...թմրամոլ։

Նստած եմ մի օր
«Նկարիչի տան»
Բար– սրճարանում.
Առաջին ներկս եմ
Յիշում իբր օրօր

Ու կտաւների շուքով վերանում։

...Յայտնւում ես դու
Հնոտիներում,
Բայց այնքան լաւն ես,
Կանացի՜այնքան,
Որ ուզում եմ լալ,
Ճչալ, բղաւել.
–Այդ քե՛զ եմ սպասել
Ես այսքան երկայն...

Մօտենում ես ու ծխախոտ խնդրում.
- Անշուշտ չես յիշում՝ ո՛վ եմ, ինչացո՛ւ, -
Ծխախոտի հետ կրակ ես փնտրում
Ու վզիցդ կախ
Մեդալիոնն բացում.

Լուսանկարում՝ երկնագոյն աչեր,
Ոսկէ մազերիդ փայլուն վարսակալ,
Երեւի գարնան հեռաւո՜ր գիշեր,
Որ հիմա երազ, ցնորք է կարկամ...

…………………………………………
…………………………………………

Ու հեռանում ենք...ու հեռանում ենք...
Ու յետ չեմ նայում
Գէթ վերջին անգամ...

11.8.2007

ԱՅՍ ԱՉՔԵՐԸ (2008)
These Eyes

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ՍԿԶԲՈՒՄ ԷՐ... ԹԱԼԻՍՄԱՆ - In The Beginning... The Talisman
June 23, 2010 07:15 AM PDT
itunes pic

ՍԿԶԲՈՒՄ ԷՐ... ԹԱԼԻՍՄԱՆ

Եօթնալար քնար Լ.ին

1- ԾՆՆԴՈՑ

Դու պտուղն էիր առաջին՝ Աստծոյ,
Այն դաշն Աստծոյ,
Որ խօլ քաոսի,
Խենթ տարերքի մէջ
Սուզեց իր կայտառ առնականութեան,
Արդար գոյութեան
Նիզակը հրոյ,
Սլաքը սիրոյ.
Սէրը յարդարեց ու համաչափեց
Մձաւանջը հիր,
Այնտեղ դնելով իր սերմերը բիլ,
Դրանք ծծելով
Կորիզներ կարմիր,
Դարձան այն լոյսը մանիշակագոյն,
Որ խտանալով,
միգամածութեամբ,
Դարձաւ աստղաբոյլ,
Ապա ճառագայթ,
Ճառագայթը՝ թուր.
թուրը վարդաջուր,
Վարդաջուրը՝ վարդ,
Վարդը ծառ,
Ծառը՝ եդեմ ու դրախտ,
Իսկ դու՝ պտուղ վառ
Դրախտի ծառի կատարին պայծառ...
Դու ժպտում էիր
Արեւների դէմ,

Ստւերների դէմ,
Դու ժպտում էիր
Երազով անծայր,
Մաքուր ու արդար,
Իսկ երբ քեզ դիպան
Առաջին կնոջ
Մատները դալար,
Դու ստացար բոյր,
Դու ստացար թոյր,
Դու հազար մշուշ,
Կարմիր ծիրանի,
Ոսկեղէն շուրջառ։

Երկու հիր թիթեռ
Քեզ դարձան ժիր թեւ,
Ու դու սահեցիր
Իբր հասուն պտուղ,
Դու սարսռացիր
Իբր կաթող պտուկ
Ու մինչ հասնէիր հողին փուխր ու տաք՝
Հասակ նետեցիր, դարձար հրեշտակ։
Դու պտուղն էիր առաջին Աստծոյ.
Գեղեցիկ էիր
ու յաղթահասա՜կ ...

2- ԵԴԵՄՈՒՄ

Թափառում էիր օրերով երկար
Դրախտի մաքուր կածաններում վառ.
Տեսնում էիր լուրթ լճեր ակաթէ,
Ուր մուգ լեղակը զմրուխտ էր հագել.
Տեսնում էիր ցուրտ
Խճեր ապակէ,
Ուր լոյսը իր հուր
Սլաքն էր բեկել,
Տեսնում էիր մութ
Գագաթներ հարուստ,
Ուր արփին
Բոսոր ցոլք էր արձակել,
Տեսնում էիր թուխ նուռը արնահունց,
Որ արփու դիմաց իր սիրտն էր ճեղքել,
Տեսնում էիր լոյս,
Տեսնում մարգ ու բոյս,
Հանդարտւում էիր
Ու հարստանում՝ հոգով ի վերուստ։

Դու պտուղն էիր առաջին Աստծոյ.
Դու մաքուր էիր,
Անապակ էիր.
Դու սնւում էիր ոգեղէն հացով,
Դու մատուռ էիր,
Հրեշտա՛կ էիր ...

* * *

Եդեմից ելար,
Քայլեցիր ազատ
Տիգրիս ու Եփրատ
գետերի հովտով,
Վերացար հոտով
Պարտիզակների ծաղկեփունջերի,
Վերացար տեսքով
Այն լոյս կոյսերի,
Որ արշալոյսի լուրթ մշուշների
Շղարշի ներքոյ,
Արեւագալի հեթանոս երգով,
Օծանւում էին ջրերի կայտառ
ու լուրթ ալիքով։
O, նրանք ճեմում ու խայտում էին,
Նրանք յարդարւում ու կայթում էին,
Նրանք քրքջում, կատակում էին
Ու վարգում էին
Գետերի պայծառ, անծայր եզերքով...

Դու ինչ որ շնչից
Խիստ վախում էիր,
Ինչ որ կախարդւում,
Աւաղո՜ւմ էիր,
Դու գաղտագողի
Աչք էիր ածում,
Առնականանում... Նւաղում էիր...
Թարմանում էիր,
Վերանում էիր,
Համրանում էիր,
Լուռ ձայնում էիր,
Յայտնւում էիր,
Թաքնւում էիր,
Քամիների դէմ... Քարանում էիր...

3- ՀԱՆԴԻՊՈՒՄ

Նրանցից մէկի
Հայեացքն էր պայծառ,
Նրանցից մէկի
Ժպիտըն էր չար,
Նրանցից մէկը ձիգ էր իբրեւ ծառ,
Միւսը՝ հանքից նոր պեղւած մարմար։
Մէկի լանջն էր արեգակ արդար,
Միւսի ոտքը
Կաթնաթոյր տեսիլ,
Մէկի վարսն էր
Կախարդական լար,
Մէկի իրանը
Բամբիռ ու փանդիռ...

Դու նայում էիր, հիանում էիր,
Սակայն գանգիդ մէջ
Ժխոր կար ահի,
Դու նայում էիր, վերանում էիր,
Սակայն ահիդ մէջ
Ստւեր կար մահի...

Սաւառնում էին սեւ ուրւականներ
Ու բերում նաշը քո նախնիների,
Թափառում էին բութ հարցականներ,
Որոնում տուտը
Պատասխանների...

Չէ՞ որ զարմ էիր դու տաք արիւնի,
Չէ՞ որ զարմն էիր այն գորշ գարունի,
Որ արեւի տեղ կարկուտն էր ծեծել,
Որ աւիւնի տեղ
Սառոյցն էր ծծել անհեթեթ ձիւնի,
Դու ծնունդ էիր մորթւած մի լոյսի,
Յօշոտւած յոյսի,
Օ, լսիր, լսիր,
Օ, յիշիր, յիշիր՝
Դու ծնունդն էիր Արեան քաոսի...։

.........................................................
.........................................................
.........................................................

... Նրանցից մէկի շուրթը շատ էր նուրբ,
Միւսի աչքը ճառագայթ էր լուրթ.
Պտուկը մէկի
Արիւնախանձ նուռ,
Մէկի ձեռքերը
Տատրակ ձիւնաթոյր,
Մէկի ծիծաղը աւետում էր կեանք,
Մէկի իրանը՝ ոսկիների հանք.
Մէկի մէջքն ի վար ջրվէժ էր լուսէ,
Մէկի բումբերը՝ բարձիկ մետաքսէ,
Մէկի վզի շուրջ վառւում էր ժպիտ,
Մէկի պորտի շուրջ՝ կապոյտ մարգարիտ,
Միայն դու էիր թափառ ու անձուկ,
Միայն դու էիր թէ՛ ջահ, եւ թէ՛ շուք...

4- ԹԱԼԻՍՄԱՆ

Նրանցից մէկին
Սրտանց կապւեցիր,
Նրա կէզ սիրով
Անապատւեցիր.
Ողջը լաւն էին,
Ողջին սիրեցիր,
Սակայն այս մէկի
Սիրոյց պարտւեցիր։
Օրեր, ամիսներ խենթ թափառեցիր,
Սրտիդ հնոցում բոցեր պարեցին,
Սակայն երբ եկաւ մերժումը դժնի՝
Յոյսիդ արմատը հատեց սուր կացին։
Կրկին երազի սերմեր ցանեցիր,
Կասկածի որդը
Սրտից վանեցիր,
Սակայն երբ եկաւ մերժում կրկնակի՝
Յոյսիդ գաւաթը ջարդւեց յատակին։

... Ապա մօտեցաւ
Սիրատենչ մի կին՝
Տարփալից մի ջին.
Ապաւինեցիր
Նրա տաք գրկին,
Սակայն երբ եկաւ պահը ընտրանքի՝
Կրկին համբառնեց
Նայադը նախկին...

Կինը համրացաւ,
Իջաւ աղօթքի.
Ջինը զայրացաւ
Եւ ապաւինեց՝
Յուռութ-անէծքի.
Կինը աղօթեց,
Ջինը անիծեց
Եւ բախտդ նետեց
Բոցի լեզւակին՝
Օձի ուլունքին։
Խանդեց, աղօթեց,
Ձեռները կրծքին.

- Տէր, հրեշտակդ
Գոռոզ է անչափ։
Խանձւեց, անիծեց,
Կրծքերը՝ ձեռքին.
- Ձարկւի՛, փոթորկեի՛,
Բայց չհասնի ափ։

* * *

Քո միակ մեղքը
Սէր էր մի անչափ,
Ու նրա մեղքը
Սէր էր մի անափ.
Նոյն ճախարակն էր
Եւ ուրիշ ոչինչ.
«Ես քեզ եմ սիրում,
Իսկ դու՝ ուրիշին...»։

Սակայն նա, որին
Դո՛ւ էիր բաղձում
Ողջ գանձը հոգուդ
Համարեց փոշի.
Մի օր արթնացար.-
Մեկնել էր ընդմիշտ,
Քո... Այգեպանի
Որդու հետ լպիրշ...։

5- ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒՄ

... Եւ այնուհետեւ դու դաժանացար,
Եւ այնուհետեւ նաեւ չարացար,
Նախ հասակով մէկ
Կարգին կարճացար,
Ապա լայնքով մէկ՝
Կլոր՝ ուռճացար։
Փորդ նմանեց
Գոմէշի տիկի,
Քամակդ՝ պարկի,
Ճաղատդ՝ կապկի։
Քթածակերդ առին միայն հոտ
Ճարպոտ եղունգի,
ճենճերոտ թոքի...
Ակնախոռոչիդ
Ճպուռ կուտակւեց,
Շրթիդ անկիւնին՝ փրփուրը թուքի։

Ակօսի փոխան
«Սեւ փոս» փորեցիր,
«Երգեր»-ի փոխան
«Մեղքեր» գրեցիր,
Ներկի փոխարէն
Վէրք տրորեցիր,
Ճենճերի փոխան՝
Ճանճեր շամփրեցիր...
Ծաղիկդ թողած՝ փշեր շոյեցիր,
Շաղիկիդ վրայ շանթեր շողացրիր,
Շւաքը թողած՝ լոյսում հանւեցիր,
Ճաշիդ փոխարէն-կաշիդ ծամեցիր։

Ծամի փոխարէն՝ ծարիր սիրեցիր,
Սրտի փոխարէն
Պորտին փարւեցիր,
Կնճիռների մէջ
վաստակի տեղակ,
յարգանքի տեղակ,
Նշմարեցիր լոկ... քացախի առւակ.
Պարանի նման
Պառաւ խաղացրիր,
Կիրքը այրեցիր,
Կոնքը դաղեցիր,
Նարգիզը արիր խիստ ցաք ու ցրիւ,
Հոտին թանկ տւիր, բոյրն առար ձրի։

Չը երջանկացար վեհ ունեցածով,
Աչքդ դուրս մնաց
Ուրիշի ցածով.
Դժոխքը հապա
Կը լինի ինչպէ՞ս–
Դու ժանգառ կուտես,
Ժանգը կուտի քեզ...
Պայթում ես, քանզի
Պահեստն ես ամբողջ
Աշխարհի արաց
արած մեղքերի.
Մինչ ուրիշները
Քայլում են առողջ՝
Դու ես շնչում թաւ,
Դեղնախաւ փոշին նրանց ոտքերի...։

6- ՁՈՒԼՈՒՄԱԹ

Աղմուկ ես լսում
Երազներիդ մէջ,
Որդեր են վազում
Աւազներիդ մէջ,
Մի գաւաթ գինիդ
Կիսով դառնում սեւ,
Միւս կէսն՝ արիւն
Սեւ մազերիդ մէջ։

Մաշկիցդ ելնում է
Կծու գոլորշի,
Իւղած վարսերիդ
Թառում է փոշի.
Հաճոյքիդ պահին
Ձգում հրմշտոց,
Հեշտանքիդ պահին՝
Խանգարող փքոց,
Ծաղկէ մահիճում
Առնում ես գէշ բոյր,
Ծանծաղ ճահիճում՝
Կորուսեալ խաչբուռ,
Շիկահեր արտում՝
Թաղման սեւ թափօր,
Թափուր գաւաթում՝
Ձկան թեփ, փետուր...
Դիմակի տակում
Կիսաբաց աչք կոյր,
Կոպի արանքում՝
Դռնակ, վարագոյր։

Ոտքերդ գալար
Վիշապներ են թեք,
Գանգդ միզանօթ,
Մաշկդ՝ դեղին թեփ։

Ընդմիշտ զգում ես
Մի ներքին շոգ-տօթ,
Ողբանքում՝ հեգնանք,
Քրքիջում՝ սեւ բօթ...

Դժոխքը հապա
Կը լինի ինչպե՞ս,
Դու ժանգառ կուտես,
Ժանգը կուտի քեզ...։

7- ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐ

Պատժւեցիր դու
Ոչ թէ սիգալու,
Գոռոզանալու,
Այլեւ երկուսին,
Այլեւ երեքին...
Միաժամանա՛կ չօգտագործելու
յանցանքով մթին,
յանցանքով խրթին։

Դու՝ պտուղն էիր Աստծոյ՝ առաջին,
Դու մաքուր էիր,
Անապակ էիր,
Քեզ կերպափոխեց
Թալիսման ու Կին,
Դու մատուռ էիր,
Հրեշտա՜կ էիր...

18-22.10.06

ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ՔԱՌԵԱԿՆԵՐ - Robayiat
June 23, 2010 06:23 AM PDT
itunes pic

ՔԱՌԵԱԿՆԵՐ

* * *

Սրտիս միջին, կրծքիս միջին միայն հուր է, ով Աստւած,
Կոպիս վրայ, աչքիս միջին արցունք-ջուր է, ով Աստւած,
Ասում են թէ՝ հուրը միայն ջրո՛վ պիտի հանգցնես,-
Այս ջուրը այն հրի վրայ ինչ ի զո՜ւր է, ով Աստւած...

* * *

Աստւած ինքն է Աստւածացել, յետոյ դարձել հեշտ ու բարդ,
Աստւած ինքն է ցօղով թացել, գեղեցկացել, դարձել վարդ.
Յետոյ երբ որ որոշել է՝ վարդը լաւ է քիչ ապրի–
Ինքն իր վրայ բարկացել է ու լացել է, դարձել մա՜րդ։

* * *

Արեան հուրը մարմնիս միջին բոլորակ է, ով Աստւած,
Կուրծքս արեան հրի համար շրջանակ է, ով Աստւած,
Թէ արիւնը յաւէրժական արեգակ է ու գինի՝
Մարմինն, աւաղ, խիստ փշրւող մի բաժակ է, ով Աստւած...

* * *

Որքան կուզես մարմնիս գաւով Դու քո ծարաւը հանգցրու,
Որքան կուզես հոգուս ցաւով Դու քո թախիծը թաքցրու.
Մի օր խառնած մարմին-հոգի կը կանգնեմ Քո ատեանում,
Այն պահ ես իմ վերջին ու Դու առաջին հարցը հարցրու...

* * *

Վարագոյրի միւս կողմում վարագոյր է, իմաստուն,
Բացւած դուռի միւս կողմում մի փակ դուռ է, իմաստուն.
Կոյրերի մօտ հայելի ծախելն զառանցանք է անմեկին՝
Փայլուն հայելու միւս կողմը մութ ու կոյր է, իմաստուն...

* * *

Ողջ կենդանեաց քանակի մէջ, դու մի աստւած ես, ով մարդ,
Իրաւ մարդկանց որակի մէջ, սողունից ցած ես, ով մարդ.
Եթէ խառնենք որակ, քանակ ու քիչ անցնենք դեռ անդին՝
Անդէնական գաղտնիքներում դու առեղծւա՜ծ ես, ով մարդ...։

* * *

Երբ հարց ունես, հարցդ լուծիր, բայց կը մնայ էլի հարց,
Երբ քաղցած ես, հացդ կրծիր, բայց կը մնաս միշտ քաղցած.
Մի մատ կեանքում մինչեւ ուզես դառնալ հասո՜ւն, իմաստո՜ւն՝
Դեռ մանուկ ես, մատդ ծծիր, ոտներդ խփիր, մի քիչ լաց...։

* * *

Նորից կեանքի էջը բարդ է, ուստի քունս չի տանում,
Նորից վաղը փակ թակարդ է, ուստի քունս չի տանում.
Աշխատում եմ հին հեքիաթով փակել գիրքը գիշերիս,
Բայց կեանքն ինքը սին հեքիաթ է, ուստի քունս չի տանում...։

* * *

Ո՜վ Տէր Աստւած, Մեծիդ մասին որքան խորհեմ դեռ քիչ եմ...
Քո զօրութեան, Քո խորութեան որքան նայեմ՝ ոչինչ եմ.
Ուրեմն թող անքնութեան ու քաւութեան այս գիշեր
Բաւարարւեմ իմացածով-չիմացածով քիչ ննջեմ։

3.7.92

* * *

Ճարճատում եմ խոտի պէս ու ելք չեմ գտնում,
Տարածւում եմ բօթի պէս, բայց տուն չեմ մտնում,
Հովիւս դու ես, այո՛, սակայն Հայելու մէջ.
Հեղեղումն եմ հօտի պէս, եզերք չեմ գտնում...

13.5.88

* * *

Եկ գիրկ գրկի, գլուխ գլխի, քիչ արտասւենք, իմ հոգի,
Հին օրերից զրոյց անենք եւ թող հոգին մեր ճաքի՝
Դառնութիւնից սին օրերի եւ հեքիաթից այն անզօր,
Որ պատմում են նրանց, ովքեր ունեն հոգի մանուկի....

18.4.86

* * *

Ճամբէքի փոշին, ճամբէքի փոշին
Նստել է մաքուր արիւնիդ վրայ.
Ոտքդ առել է ճամփեզրի փուշին
Ու արիւնոտել թաւ փոշին նրա...

22.10.91

* * *

Պիտի քո սիրտը այնքան մեծ լինի,
Որ դառնայ քեզ իսկ իր մէջ առնող վարդ.
Իսկ ինքդ դառնաս այդ վարդի միջի
Նեկտարը քամող ե՛ւ մեղու, ե՛ւ մարդ...

28.10.91

* * *

Բացւել դէպի տիեզերքը եւ անհունը եւ Աստւած,
Իրմով լեցնել ամէն պահը եւ աշխարհը եւ մարդկանց.
Կերպափոխւել ամէն ինչի, ես-ն փոխանցել ուրիշ-ի,
Յետոյ յաւե՜րժ Յարդագողում դառնալ մշուշ ու փոշի...

22.12.91

Քեզ էի յիշում, քեզ էի յիշում, քեզ էի յիշում,
Քեզ չյիշելը որոնում էի ալ գինու շիշում,
Որքան ըմպեցի, որքան խմեցի, որ քեզ մոռանամ՝
Այնքան թարմացար ու պայծառացար իմ անճար յուշում։

ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ՏՈՂԵՐ... ԱՌԱՆՑ ՔԵԶ... - lines... without you...
June 23, 2010 04:56 AM PDT
itunes pic

ՏՈՂԵՐ... ԱՌԱՆՑ ՔԵԶ...

Քաղաքը շնչում էր
Կարմիր, ճերմակ, փերուզ...
Մայթերը ողորկ,
Հրաշալիօրէն խաղաղ,
մաքուր,
դանդաղ շնչառութեամբ
Օգնում էին
Քաղաքի
աշտարակների
Զարկերակը համաչափելու՝
Արթնացող օրւայ թարմութեան հեւքին
Չկայացած, երբ առաւօտեան դէմքը
Վճիտ, իր վրայ կրում էր դեռ
Լուսաբացից առաջւայ
Բոյսերի ու ծաղիկների՝ մարգագետինների
ցօղը աներեւոյթ,
Կամ՝ միջգիշերային քրքիջ–
աղաղակ–
լացերի
վերջին ծւէնները
անհետացած...
Մարգագետին,
«Սեն Մարգարիտա»,
մեր փողոցը խաղաղ,
Որ կուլտուրականօրէն
Սիրահետում էր
Մօտակայ համաշխարհային մեծ թանգարանի
Բուրգերի վերյառնումը՝ Եգիպտոսից,
Մեհեանի կոթողումը՝ Յաւերժական քաղաքից,
Այծեամի, առիւծի ծառացումը Միջագետքից,
Անահիտ դիցուհու արթնացումը Ուրարտուից.
Եւ՝ քարե՜ր, քարե՜ր, քարե՜ր,
Դարե՜ր, դարե՜ր, դարե՜ր...

* * *

Քաղաքը շնչում-շշնջում էր
Կարմիր, ճերմակ
Պահեր.
Ասես եօթ ժամ առաջ...
Չէր եղել հրի, հրավառութեան գիշեր,
Հրապարակի
Մերկ անկիւնի
Հիւրանոց-ամրոցը
Իր Կոմս Դրակուլլայի սեւ թիկնոցը ուսերին,
Իբրեւ սարսուռ ազդող
խորհրդաւոր ուրւական
Չէր խոյացել երկինքն ի վեր,
Չէին եղել
Սառած
ձեռքի՛, աչքի՛,
կրքի՛, վազքի՛
կրակէ օղակներ.
Չինական թաղամասում ասես
Խճողում չէր եղել,
Ու չէր պեղել-պատռել
Թոմ Ջոնզը
Տարիների վարագոյրի շերտերն անարգել,
Չէր եղել լոյսերի
Ել անկոյսերի հեղեղ...
Հիմա «Սեն-Մարգարիտա» պողոտան
Այնպէս էր անմեղ,
Որ ասես՝
Մէկ-երկու՝
Չես հասնի
Չինական մեծ վիշապի երախը՝
Ստորգետնեայ գնացքների որովայնը
անհաւատալիօրէն ահեղ,
Որ քեզ հայոց եկեղեցի հասցնելու տեղ,
Հանում է մի տեղ, որ ինչքան կուզես՝
Դեղ,
Դեղատուն,...
քիչ այն կողմ՝
Օրգանական վաճառատուն,
Ագարակ, գի՜ւղ, գի՜ւղ, գի՜ւղ.
Անարատ ապուր,
Պղպեղ, մանանեխ,
Եւ՝ դեղին, կապոյտ, կանաչ
ի՛ւղ, ի՛ւղ, ի՛ւղ...
Ապա,
Ակնոց եմ որոնում
Ապագայիս համար.
Սեւն ասում է.
«Վերադարձին»,
Իսկ վերադարձին
Պարզւում է՝
Ներւել է սխալն իմ չնչին.
Սկիզբ,
Եւ լաւ է ամէն բան,
Ամէն ինչ
Հասել է իր տեղ։
Դեղ... դեղ... դեղ...
Դեղին քաղաքը շնչում էր
Կարմիր,
Ճերմակ։
Հայկական եկեղեցի հասնելու տեղ՝
Օրգանական գիւղ,
Կապոյտ, դեղին, կանաչ իւղ,
Ու զառամեալ մարդ,
Որ բացել է շապիկն իր
Կնոջ անգեղ,
Եւ ի՜նչ յուռթի կուրծք,
Ասես նոր է ջնարակւել,
առել ջրդեղ։

Ամէն ինչ վերադարձել է իր տեղ,
Միայն ես եմ,
Որ թողնելով իմ բնակավայրը նեղ,
Ուզում եմ վերադառնալ
Իմ տուն ու տեղ,
Սակայն գնած արդէն
Ակնոցը,
Ապագայիս համար։

Դարե՜ր, դարե՜ր, դարե՜ր,...
Քարե՜ր, քարե՜ր, քարե՜ր.
Իմ սէ՜ր,
Իմ սէ՜ր,
Իմ սէ՜ր...

* * *

Քաղաքը շնչում էր
Կարմիր,
Ճերմակ պահեր...

Թէ գիտենայի՝
Քեզ կորցնելուց յետոյ
այսքան տարի
Ապրում ես՝ այնտեղ.
Չէի սպասի
Արթնացող օրւայ թարմութեան հեւքին,
Միջգիշերային քրքիջ-
աղաղակ–
լացերի
ծւէնները պատռած,
Շրջանցելով համաշխարհային մեծ թանգարանի
Բուրգերի վերյառնումը՝ անապատից,
Մեհեանի կոթողումը՝ Յաւերժական քաղաքից,
Այծեամի, առիւծի ծագումը Միջագետքից,
Անահիտ աստւածուհու արթնացումը Ուրարտուից
Ու արհամարհելով՝ դարե՛ր, դարե՛ր, դարե՛ր,
Ոտնահարելով՝ քարե՛ր, քարե՛ր, քարե՛ր,
Կը գտնէի քեզ, իմ սէ՜ր...

Եւ քաղաքը՝
բուրգը՝
Կը ժայթքէր
Կարմիր,
լաջւարդ ջահեր,
Կը լինէր ոչ թէ հրավառութիւն,
Այլ՝ հրդեհներ ահեղ,
Եւ Կոմս Դրակուլլան,
Օգտւելով այդ ընդհանո՜ւր,
համաշխարհայի՜ն իրարանցումից՝
Վար կը նետւէր
Հրապարակի
Մէկ անկիւնի
ամրոց-հիւրանոցի
Տանիքից տգեղ,
Կանցնէր հրապարակ,
Սառած
ձեռքի, աչքի,
կրքի, վազքի
կրակէ օղակները
Կը կոտրէր,
Կը կտրէր,
Չինական թաղամասը կը կողոպտւէր,
Կորոտային միաձայն եւ հրացայտ
Մոտոցիկլետների շարժիչ-վահանները սեւ՝
Դիմագրաւելու
Ժայթքող հրաբխի
Նիզակներին
Պատերազմի մէջ շքեղ։
Կոմսը կորոնէր կոյսեր,
Որ իր սեւ թիկնոցի տակ
Խմէր նրանց արիւնը տաք
Ու կապոյտ մշուշը՝ մաշկի ջահէլ։
Չինական թաղամասը
Ահազանգ կը հնչեցնէր,
Գանգատ կը հասցներ
Ստորգետնեայ գնացքների
Հսկայազօր վիշապին անհաւատալիօրէն
ահեղ,
Եւ Հրաբուխն ու Հրէշը
կը մտնէին ահաւոր մարտի մէջ անմարդավայել։

Մարդակեր, մարդագել «Կոմսը»
Կը թափառէր ամէն տեղ,
Կը մտնէր դեղատուն,
Կը խմէր՝ խաչի, արծաթի, միւռոնի
ու մետաղի դէմ
Բաղադրւած՝ բժժանք-դեղ,
Չէր տեսնւի հայելի-ապակուն,
Բայց վարսերին կը քսեր բրիլիանտին՝
ի՛ւղ, ի՛ւղ...
Ապա քաղաքամայրը
սեպելով լեռնային գիւղ՝
Կը գտնէր տանիք,
Աշտարակի նկուղ
Ու հրաբխի
Ստւար ծուխի,
Մուր-ածուխի
Քուլաների ետեւ թաքնւած լուսնին կոռնար.
- Ո՜ւ... ո՜ւ... ո՜ւ...

Իսկ մենք, սէր իմ,
մղձաւանջում,
Ապոկալիպսեան
քաոսում այս ահարկու
Վերջապէս կը գտնէինք ու կը մտնէինք
Փոքրիկ, բայց ջերմ ու կոկիկ
Եկեղեցին հայոց՝
Փրկւելու
Սեւ թիկնոցով քահանայի
Արծաթէ խաչի ներքոյ,
ըմպելով գինին արնագոյն։

.................................................
.................................................

... Դրսում մեզ կը շնորհաւորէին
Զառամեալ այրը,
Ջնարակւած կողակիցն իր
Եւ կոյսերը,
Թոմ Ջոնզի երգեցողութեան ներքոյ
հուժկու.
Ապա
Կը դադարէր հեղեղը ահարկու,
Կը սառէր հրահեղուկը՝ լաւան
իբրեւ սառցաձիւն,
Կոմսի ժանիքներից ծորած արեան
Կաթիլները յատակին
Կը փոխւէին
Պսպղուն, սրսռուն մանուշակի՝
Մանրիկ ծաղկի բազում,
Կը սահէր սիւք մի սպիտակ,
Զեփիւռ մի՝ սարսռացնող զով,
Կը հնչէր դայլայլ,
Ու շուրջը կը դառնար՝
Խաղաղութեան
կապո՜յտ, դեղի՜ն, կանա՜չ ծո՛վ...

........................................................
........................................................

Անապատի բուրգերից մինչ մեհեանը
Յաւերժական քաղաքի,
Միջագետքի բագինից մինչ
Անահիտի դիմակը ուրարտական՝
Քարե՜ր, քարե՜ր, քարե՜ր,
Դարե՜ր, դարե՜ր, դարե՜ր,
Գրե՜ր, գրե՜ր, գրե՜ր...
Իսկ սա գիր է՝
Ճակատագրի թրով դառած կէս,
Սրանք տողեր են՝
Ժամանակի հրով դառած կէզ,
Սրանք այրւել են հառաչանքների
հնոցների բոցերում,
Աւաղանքների խոցերում,
Սրանք բեկուն, փխրուն են,
սրանք բաբախուն են, հեզ,
Եւ վերջապէս՝ սրանք ձնծաղկի ցօղեր են,
Սրանք տողեր են... Առանց քեզ...

2006, Նաւասարդ

ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ՎԵՆԴԵՏԱ – ՎՐԷԺ - Vendetta
June 23, 2010 04:09 AM PDT
itunes pic

Վենդետա-Վրէժ

… Ո՛չ բաժանումն է կարեւոր,
ոչ միութիւնը։ Սա է երկիրը։
Ժառանգութիւնը մեր։
T. Տ. ELIOT

Սիրտս բացած գարնանային մեղմ հովերին,
Սիրտս բացած ե՛ւ աշխարհի,
ե՛ւ մարդու դէմ,
Հոգիս լեցուն անհուն սիրով՝
շնչով բարի
Եւ առլեցուն ցոլանքներով
Ո՜ղջ աստղերի,
Հողի պէս պարզ
Հերկւած, պատրաստ
Ընդունելու ամէն լաւ հունտ,
Հունտն այդ, որպէս բար ու բարիք,
Կրկին տալու
Կեանքին, մարդուն,
Մերթ ամպելով,
Եթէ հարկ է յորդ անձրեւով
Ոռոգել ցանքս,
Ու կազմելով հա՛յ ընտանիք,
Որ միշտ ծաղկի մեր կեանքը թանկ.
Յար ունկնդիր
Խղճիս կանչին,
Որով ասի Բառս առաջին
Եւ ուշադիր
այն ճաճանչին,
Որ պիտ պահի հայեացքս՝ ջինջ,
Եւ առնելով
հիւթ ու աւիշ
հայ արմատիս երակից վառ,
Բայց բացւելով դէպի ուրիշ
Հորիզոններ արեւավառ,
Հաւատալով սիրատոչոր,
ամենազօր Տիրոջ վճռին,
Բայց եւ թուրս դէմ դնելով
«ճակատագիր» անխիղճ դահճին,
Մերթ հարբելով
Մեր ոգեղէն գաւի գինուց զառ – նռնագոյն,
Բայց աչքս բաց դէպ Յարդագող տանող
այլոց
ճիգը բեղուն,

Մերթ դիմելով Արեւելքի իմացութեան
տաճարին սուրբ,
Մերթ մտնելով Արեւմուտքի
գանձ-գիտութեան կաճառն անդուռ,
Մերթ սնելով բարկ Հարաւի
տեսիլքներով՝ աչքս ու հոգիս,
Մերթ անսալով ցուրտ Հիւսիսին,
բանալով գիրքն այլ նախնիքիս,
Հաւատալով, որ աշխարհում
Դեռ կայ արեւ ու ջերմութիւն,
Եւ ամէն մարդ պիտի տեսնի
Երջանկութեան պտուղի գոյն ...

Մաքառելով վասն Հացի,
վասն Հոգու
եւ Դպրութեան,
Թանձրանալով՝ իբրեւ հոգի,
մսին տալով
գին հոգեկան
Հասկանալով ցաւի լեզուն,
Չգտնելով ճար ու դարման,
Դեռ լիզելով վէրքեր բազում,
Ուր դեռ թարմ են հետքերն արեան...
Չարի զօրքի դէմ՝ առանց զէնք,
Ընկերներից ընկած հեռու,
Ես՝ դասալի՜ք,
Ես՝ անհասցէ՜,
Բայց ոչ երբեք «երես երկու»,
Չներելով ադամորդուն,
Երբ կրում է սեւ թալիսման,
Բայց սիրելով անո՜յշ մարդուն,
Որ ծնւել է ծուռ ու տիտան.
Սիրտ չկոտրած արեւի տակ,
Միշտ մնալով արի, բարի,
Ցանկանում եմ բուրք ու բարիք,
Խաղաղութիւն՝ ողջ աշխարհին:

* * *

Այս գարնան հետ,
Այս հովերին,
Սիրտս է ճեղքում ինչ-որ դաշոյն
Ու կեանքս ի վար
Ու կեանքս ի վեր
Կաթեցնում է ինչ-որ գորշ թոյն:

Այդ ինչի՞ց է՝ այս աշխարհում
Չխնդացի ես ոչ մի պահ,
Կեանքիս Մայիսն
Դարձաւ աշուն,
Ինձ հալածեց ուրու մի պաղ,
Ուր գնացի՝ դարձաւ սոսինձ,
Ուր գնացի՝ դարձաւ տանտէր,
Օձի նման խայթոտեց ինձ,
Հանց Հետերա ասաց ստեր.
Գինուս գաւին
խառնեց արիւ,
Մարմնիս կաւին՝ մոլեխինդ – թոյն,
Ուրախ օրիս՝ սգոյ քողեր,
Սիրոյս դողին՝ արեան ցօղեր,
Հոգուս լոյսին բերեց մութ թուխպ,
Մեծ դաշինքիս՝ բեկանւած ուխտ,
Քարաւանիս՝ ուղտի սատակ,
Հանգրւանիս՝ շիջած կրակ,
Թէժ խարոյկիս՝ թաց ցախ ու փուշ,
Այս ի՞նչ դարձաւ կեանքս անուրջ …
Անապատ է ասես իմ շուրջ ...
Անապատ է ո՛չ թէ իմ շուրջ,
Այլ հոգուս մէջ՝
ունայն ու փուչ ...
Այս աշխարհում որքան բարիք,
Որքա՜ն հաճոյք ու բերկրութիւն -
Ինձ է նայել մի ծուռ տանիք,
Որ չի եղել հայրական տուն:
Այս աշխարհում որքան երդիկ,
որքա՜ն անհոգ օջախ-ակութ –
Ինձ կլանեց հանց վառելիք,
Աւերակիս թոնիրը մութ:
Այս աշխարհում որքա՜ն ծաղիկ,
որքա՜ն վայեյք ու խնդութիւն
Ինձ է զարկել, իբրեւ չարիք,
Օտարութեան թայֆունը ցուրտ...
Այս աշխարհում որքա՜ն «գալիք»,
Որքա՜ն երազ, որքա՜ն գոյն,
Ինձ է փարւել անցեալ մի լիրբ,
Վառ շապիկիս քսել արիւն:
Այս աշխարհում որքա՜ն երկինք,
Որքա՜ն արեւ,, որքան անհուն,
Ինձ դրոշմւեց որպէս կնիք,
Լոկ «Դէր - Զօրը» ֆոսֆորագոյն.
Այս աշխարհում... երգ ու միւզիք,
Սիրոյ նւագ մեղմահնչիւն,
Ինձ խառնել են ճիչերը ձիգ
Անապատի ոսկրափոշուն...

Ինչո՞ւ վարդիս իջաւ աշուն,
Վարդս թօշնեց վատի փշում:

* * *

Թեւածել են ամպեր վրաս՝
Ագռաւները անանց վշտի,
Ներխուժել է գիշեր վրաս,
Մղձաւանջով անապատի,
Երազներս՝ հատիկ-հատիկ
Մանկութիւնս՝ տոտիկ-տոտիկ,
Կեր են դարձել բազմապատիկ
Յուշի անգղին չարաբաստիկ …
Եւ ես խաչեալ ու խաչազուն,
Եւ ես տեսած մահեր բազում,
Ես չարչարւած ու ազազուն,
Խաչից պոկում իմ մէկ բազուկ,
Կայծակում եմ
Խաւարի դէմ
Ոխն ու ողբս շանթալեզու.

- Ես եկել էի աշխարհ, որ սիրեմ,
Ես եկել էի՝ գոյն տամ ձեր աչքին,
Ես եկել էի՝ երազներ բերեմ,
Աներազ քնի ձեր մութ տարածքին.
Ես եկել էի, որ քարը փորէք,
Ժէռ քարից քամէք նուռ, եղնիկ, ողկոյզ…
Ես եկել էի՝ կաքաւէք, պարէք,
Սողանքի փոխան ձեր քարշ... կուզէկուզ…:
Ես եկել էի վիպասանութեամբ,
Բանաստեղծութեան ոսկէ հրաշքով,
Նարեկայ վանքի իմ աստւածութեամբ
Ու չաստւածներիս կապոյտ հմայքով:
Ես եկել էի հրայրքով տիրեմ,
Հանճարիս հուրը նւիրեմ ու տամ,
Իսկ դուք դրախտս շինեցիք գեհեն,
Շէկ աստւածներիս՝ դիմակ անատամ…:
Եւ հիմա գոյի իմ իրաւունքով,
Եւ հիմա իբրեւ վենդետա - վրէժ,
Ես ձեզ կաւերեմ իմ նոր հրաշքով –
Հանճարիս հուրը կարձակեմ ձեր մէջ.
Դուք՝ մթան սադրանք, չղջիկ ու աքիս,
Քարանձաւների պատերին՝ պալար,
Պիտի մոխրանաք շանթերիս զարկից
Եւ պիտի թափւէք գարշ, գետնագալար:
Հանճարիս հրով պիտի այրեմ ձեզ,
Պիտի աւերեմ արարիչ աջով,
Ինչպէս Զօրավար դուրս եկած կրկէս,
Որ թուրը կոտրած, կռւում է խաչով...
Ես պիտի կռւեմ մտքիս փարոսով
Ու գոյատեւեմ իմ հոգու լոյսով:

* * *

… Եւ Քրիստոսի
Արիւնը պիտի
Լւանար մեղքը համայն մարդկութեան.
Այլազան ցեղեր ելնելով մարտի՝
Կործանում էին միմեանց անվարան.
Սափորից հոսում
գինին կրքերի
Մերկ մարմինները օծում էր մեղքով,
Ոչ մի բալասան
Չկար վէրքերին՝
Պղծւած չլինէր
նենգութեան թքով:
Հոսեց արիւնն այդ
Ու լւաց երկար
Մարդկային խղճի
փոշին կոշտացած,
Մաքրեց շնացման
Անկողինը չար,
Բուժեց բազմաթիւ կոտտանք, խոց ու ցաւ.
Սակայն մարդկային մեղքը
շատ էր մեծ,
- էլ մօտենում էր
երրորդ հազարին… -
Այս անգամ Չարը
Եկել էր հանդէս,
Ոչնչացնում էր բոլո՛ր ազգերին.
Խելառ մի փամփուշտ
Արքայ էր սպանել,
Արքայորդու իր պերճ գահոյքի մէջ.
Սատանան անկուշտ
Աշխարհն սասանել
Եւ սպառնում էր
Հրդեհով անշէջ…

Նոր արիւն էր պէտք,
- Ո՞ւր էր Քրիստոս, -
Իսկ տանջող,
խաչող
Իժեր շատ կային,
Ու դեռ գտնւեց մի հեղգ Պիղատոս,
Խուժանին տւեց
Խիստ Հաւատացեալ,
Երիցս խաչեալ,
Քրիստոսատիպ,
Մաքրասիրտ Հային...
...Թէ Քրիստոսի
Արիւնը պիտի
Լւանար մեղքը ապրող մարդկութեան,
- Մինչեւ չլինի ատեանը Դատի,
Մինչեւ չհասնի պահը հատուցման,-
Ցեղի արիւնը կուրացնի պիտի
Աչքերը նրանց, որ դեռ պիտի գան...

………………………………………
………………………………………

Նոր արիւն էր պէտք,
Իսկ չկար Մեսիան:

* * *

Ծլելու համար, ծլարձակելու,
Ծաղկելու համար ու ծաւալւելու,
Թէկուզ ոտնաչափ
Մի ափ հող է պէտք:

Ծլելու համար, ծլարձակելու,
Ծաղկելու համար ու ծաւալւելու,
Թէկուզ բռաչափ
Ջուր ու ցօղ է պէտք:

Ծլելու համար, ծլարձակելու,
Ծաղկելու համար ու ծաւալւելու,
Թէկուզ մատնաչափ
Մի քիչ շող է պէտք:

Ծլելու համար, ծլարձակելու,
Ծաղկելու համար ու ծաւալւելու,
Թէկուզ սրտաչափ
Հոգս ու դող է պէտք...

Եւ դրա՛ համար
Ցօղն այդ մի բուռ
Թանկ է մեզ համար,
Քան իմ ողջ ցեղի արիւնը հանուր:

Եւ դրա՛ համար,
Հողն այդ մի բուռ,
Թանկ է մեզ համար,
Քան ողջ երկնքի տարածքը լազուր:

Եւ դրա՛ համար,
Շողն այդ մի բուռ
Թանկ է մեզ համար,
Քան ողջ արեւի ճառագայթը հուր...

-Դրօշ եռաթոյր...

Եւ դրա՛ համար,
Երկիրն այս պուճուր
Մեզ համար հաց է,
Աղուհաց է, ջուր...

Եւ դրա՛ համար,
Երկիրն այս «չնչին»
Մեր զարկերակն է
Եւ փողը շնչի՛:

Եւ դրա՛ համար,
Երկիրն այս քարոտ
Մեզ համար ոստ է,
Պսակ ու նարօտ...

Եւ դրա՛ համար,
Երկիրն այս պտղունց
Մեր էութիւնն է՝
Իսկ խմորը հունց:

Եւ դրա՛ համար,
Երկիրն այս մի մատ
Մեր ինքնութիւնն է,
Աւիշ ու արմատ…

Դրա՛ համար ենք
Մտել հազար մարտ,
Դրա՛ համար ենք տալիս կեանքեր վարդ...

* * *

Սիրտս բացած
Գարնանային մեղմ հովերին,
Սիրտս բացած
ե՛ւ աշխարհի,
ե՛ւ մարդու դէմ,
Հոգիս լեցուն անհուն սիրով,
չնչով բարի
Եւ առլեցուն
ցոլանքներով
Ողջ աստղերի,
Ողջունում եմ հեռուներից այս աշխարհի,
Ողջոյն ունեմ յաւերժավառ
Քո արեւին,
Ի՛մ Նայիրի ...

Թեհրան,
1995, գարուն

ԿՐԿՆԵՐԵՒՈՅԹ (1998)
Mirage

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ԴԱՆԹԷԱԿԱՆ - Dante's
June 23, 2010 02:50 AM PDT
itunes pic

Դանթէական

Արդէն հասած խօլ աւարտին կոթողական այս դարի,
Տեսած, ապրած, կտրած-անցած ողբեր ու
արհաւիրքներ բազում,
Վերջին ճիգով ու տքնանքով փորձում ենք մէջք ուղղել
ու լինել արի,
Որպեսզի գերբն ու դրօշը մեր ցեղի չմնայ հողին ու չլքւի ազազուն:

Հազար յոյսեր փայփայած ու կորցրած մարդու վշտով
ու վճռակամութեամբ,
Կրկին ուզում ենք հաւատալ արշալոյսներին, որոնց
ոտնաձայնը առանք,
Ուզում ենք Գալիքի երկաթէ նժոյգի համար պատրաստել
երասան ու թամբ,
Որ ընթանանք Նոր Դարի վիհերով, անդունդներով,
խորխորատներով, յաղթահարելով ամէն խութ ու խարակ:

Ելնել, շարժւել տոհմով, ցեղով, ազգովին,
Հաւաքել մեր ուժը ողջ՝ Երկրում եւ սփռւած աշխարհով մէկ.
Ելնե՜լ հրթիռային - հիւլէական արհաւիրքից՝
ապաստանել բիբլիական լեռան վերանորոգ նաւին,
Ու փրկել տեսիլը մեր վարդահեղեղ ու հանճարը շէկ:

Իսկ ես, իբրեւ Հադէսի արքայութեան տարտարոսից փրկւած մի ուրու,
Ոգու եւ մարմնի սպանդանոցի արեան բծերը ծալքերին իմ թեզանիքի,
Ճաշակած օտարութեան ու խորթութեան ցուրտը բովանդակ
աշխարհի անկիւններում ամենահեռու,
Ու տակաւ չգտած Աստղս՝ կամարների տակ եօթնառաստաղ այսերկնքի ...

Կամօքն ճակատագրի կամ ինչ որ խաղով սահմանւած վերից,
Եւ կամ գուցէ Մեծ օրէնքներով կենդանի, ապրող բնութեան
Դատապարտւած եմ երգել վերածնեալ կեանքն ու սնւել յար Սէրից,
Սակայն եւ՝ շանթել ու նշաւակել սեւաստւեր սիւներն ու
կայմերը Բռնութեան:

Չնայած կամօքն Բարձրեալի կամ ինչ որ խաղով սաhմանւած ի վերուստ,
Ես ծնւել ու ապրել եմ արեւառատ ու արեւավառ երկրում
մեծ բանաստեղծների,
Սակայն բախտն ու ճակատագիրը մեր եղել է այնքան արհաւրալից,
ժլատ եւ եղել այնքան ցուրտ,
Որ ես միայնակս չեմ կարող բացել բովանդակ անկիւնները դրա
պաստառի:

Ուստի աղերսող ձեռք եմ մեկնում քեզ, իմ հայրենակից մեծՄակւեցի
Ու դիմում եմ հանճարիդ ուժին ամենազօր,
Եւ չնայած արարիչ աջդ հատել է մի օր կարմրաբոսոր մի կացին,
Սակայն քո ձեռքը ամբառնում է իբրեւ հայրենական հողերը
յար ակօսող արօր:

Եւ ելնում ենք մենք ճամբաներով Հադէսեան տարտարոսի,
Շարունակում Ուղին այնտեղից, ուր անջատւեց քո կեանքի ճիւղը
բերքառատ եւ իմաստուն.
Դժոխային զօրքերի դէմ զինւում ենք՝ սիրով, հաւատով ու զրահով
յոյսի,
Որպէսզի գտանենք գաղտնիքը մեր գոյութեան ու չմնանք անտուն:

...Ահա ելնում է մեր դէմ տեսիլք մի սոսկալի արիւնլւայ,
Տարուբերւում է դէմքը նրա փայլատակմամբ կարմիր ալիքի.
Քունքերի, յօնքերի, այտերի ու ծնօտի վրայ
Յորձանք է տալիս արիւնը՝ կրակւած խոցից ծոծրակի:

Փողկապի սեւ ժապաւէնը սեղմւում էր ամէն վայրկեան,
Կայծ, մոխիր ու փրփուր թռցնելով կոպերից իր խեղդւողի,
Սեղմումն այդ առաւել բացում էր ծակ - ակունքը արեան,
Որ դէմքին վերածւում էր բոսոր փայլատակման ու ցօղի:

Նա ղեկավար էր, քարտուղար ու յեղ. գործիչ,
Բայց վզին կար հետքը «Յուդայի համբոյրի»,
Որ իբրեւ Աքիլլէսեան գարշապար՝ խոցելի նիշ,
Նրա դէմքը ազնւական վերածել էր զահանդական բուի ...

* * *

Մենք թողնում հեռանում ենք կերպարին այդ յաւէտ խեղդւող ու
խոշտանգեալ,
Բռնում մեր Ուղին՝ եռեւեփող եզերքում ոխի ու սարսափի.
Մեզ հետ մթնում ասես վազվզում են հազար գորշ գայլ,
Մինչ հասնում ենք լուսնի լոյսով հազիւ լուսաւորւած ուրիշ մի ափի...

Յանկարծ հռովմէական հին ճանապարհից երեւում է այր մի
կապուտաչեայ.
Մի ձեռքում՝ ծաղիկներ բաց կապոյտ, մի ձեռքում՝ հրկիզւած թղթեր,
Հայեացքով որոնում է ամպերում լուսնեակն ու շշնջում՝ «Լուսինկայ
պապա»,
Յանկարծ ճակատն ու դէմքը ոլորւում է զերդ թիթեղ:

Նա երկար նայում է դէպ նոր Բիւզանդիոն, Մեզրէ ու Խարբերդ,
Նայում իր կտրած – անցած բոլոր ոլոր կածաններին.
Ապա հէնց այդպէս՝ թիթեղէ երեսը դէպի ետ՝
Մանկան աշխուժով թռչում - ցատկում է հասնելու
ոխի ու ողբի կարաւաններին:

……………………………………………………………
……………………………………………………………

Ապա մեր դէմ բարձրանում է տեսիլը ռոշնական մի կնոջ,
Կրակէ շապկի յետեւ թաքցրած ծիծերը յուռթի եւ պայծառ,
Ճերմակ քողերը նրա ծածկում էին թեւերն ու ոտները՝ հասակը ողջ,
Ձախ ձեռքում գիրք կար, իսկ աջում՝ ջահ մի խիստ բոցավառ:

Պրոմեթեւեան հուրն այդ նա պահել էր ափրոդիտեան վարսերից վեր,
Մերթ մրմնջում էր խօսքեր սիրոյ, մերթ բարբաջում բառեր բողոքի.
Նրա հետ շարժւում էր հոյլը սրնգահար Պաների, որ բարձրացրել էր
մեհենական մի երգ
Ու խլացնում էր վայնասունը տագնապահար, թափառող այդ
վոհմակի ...

Նրա նուշ շրթները շշնջում էին շոյող ու շանթահարող բառեր,
Բարբառում մերթ գաղղիերէն, մերթ պատմում կարմիր Բոսֆորից,
Երբ քրմական թափօրին մօտեցաւ այր մի մրայօն ու սեւահեր,
Որ ուրւականի պէս դուրս էր եկել կողքի անդնդախոր մթնաձորից:

Նա ջլապինդ էր ու ամրաբազուկ ձեռքին ունէր փող մի ծիրանի
Եւ փորձում էր ճարտար ու հանճարեղ նւագածութեամբ դառնալ
երգին ներդաշնակ,
Պարանոցից կախել էր փայտէ կոտ` ցելեր մշակող սերմնացանի
Ու փողի բերանից թափւում էր ալպիական մանուշակ:

…………………………………………………………………..
…………………………………………………………………..

Քիչ անդին նրա օրինակով ընթանում էր շեփորահար մի այր,
Նա բարձրանում էր մոխրակոյտից միլիոն, միլիոն նահատակների.
Նա շեփորով փորձում էր հրդեհել անարդար աշխարհի սրտերը սառն,
Իսկ ձեռքի ծերունական գաւազանով՝ մոխրակոյտերը վերածել հրի:

...Բորբոքւած հրից բարձրանում են փիւնիկներ հրաշազուն,
Նրանք դառնում են սպաներ, կազմում բանակ մի դիւցազնացարմ.
Հետեւելով մոգական գաւազանին, որ ճեղքում էր մեր արեան ծովը
Դեր-Զորի աւազում՝
Մոլեգնում է բանակը ասպետօրէն, հարւածելով մէկ աջ, մէկ՝ ձախ:

Մեր դէմ յայտնւում է ապա ահեղատեսիլ արձան մի զօրավարի,
Հեծած ճերմակ իւր ձին՝ նոյնպէս կտրած քարէ արձան,
Զօրավարի ձեռքը երկարել էր դամոկլէսեան իր թրին,
Որ դժոխային վիշապի եօթ գլխին ամէն վայրկեան թափում էր
շանթ ու կայծակ:

Նրա տրոյական Պեգասը, շարժւող կառք-անիւների վրայ,
Քաշում էր այր մի խիզախ՝ ձեռքում լապտեր.
Լապտերն այդ մերթ վառւում էր բոցով, շողով, հրով անխնայ. –
Մերթ մխում իբրեւ փամփուշտ՝ մխրճւած սիրտն ի վեր:

Նա փչում էր սրտին, որ բոցավառւի հուրն այգ անագորոյն ու
արնագոյն,
Որ մղձաւանջ խաւարում գտանի ճամբան՝ վերադարձի.
Նրան հետեւում էր սոսկատեսիլ բանակ մի, գունդ առ գունդ,
Որ իր հերթին բերում էր՝ մի Առիւծ, մի Թուր, մի Արծիւ:

Անցնում է տեսիլն այդ կազմւած զօրականներից բազում,
Նրանք մերթ աղաղակում, մերթ երգում են երգեր ռազմի ու
սխրանքի.
Ձեռներին տանում են գերբեր, դրօշներ, լոզունգներ մեսրոպալեգու
Ու հեռանում սառցադաշտերով՝ կորստեան, դաւի ու սադրանքի:

Քիչ հալւում, հոսում է սառոյցը, բայց յանկարծ լսւում է երկաթի,
շղթայի հեծկլտոց,
Հեւում են հալոցներ, փշրւում պողպատ ու ապակի,
Մետաղի հեծծանքից բարձրանում է կերպար մի ալեկոծ,
Գանգրահեր, սեւաչեայ, մրայօն, քիչ նման հաստաշուրթ խափշիկի:

Կերպարն այդ նախ թւում է խիստ դաժան,
Ապա երբ ցրւում է մէգ - մռայլը յստակւող հայեացքի,
Ժպիտը դառնում է երփներանգ, եօթներանգ ծիածան,
Թոյր թափում խաւարչտին այդ տարածքին:

Եթերւում են հնչիւններ, մեղեդիներ տարաշխարհիկ ու չքնաղ,
«Սոնա եար», «Չինար ես…», «Անտունի…»
Լոյս է կաթում բոյսին, տաղ ու խաղ են ասում շող ու շաղ,
Խափշիկը պտոյտներ է անում, ափերը կարկառած անհունին...

Բայց յանկարծ բարձրանում է երկաթի բախիւն ու հեծկլտոց,
Հեւում են հալոցներ, կռինչ կայ պողպատի, կապարի,
Մետաղի մսաքաոսում բացւում է մէկ քունքը նրա բոց
Ու քիչ-քիչ վերածւում... Մատուռի:

Բայց տակաւ զառանցում, կաղկանձում է շղթան,
Բարձրանում է թաւ անտառ ոռնոցի.
Յայտնւում է այր մի յաղթահասակ, տիտան,
Մտրակւած, մոլեգնած, մեծ բաշով մռնչող առիւծի...

Նրան հետեւում է այր մի շիկաւուն, շէկ,
Թւում է՝ քաջ որսորդ առնացի,
Երկնագոյն աչերում՝ հեռաւո՜ր, երկնահա՜ս լեռներ սէգ,
Իսկ կրծքին՝ խորին խոց կարմրածիր:

Ելնում են առիւծն ու հերոս այրն այդ հպարտ,
Բայց ոչ թէ մէկը զոհ միւսին,
Այլ երկուսը վճռակամ ու հաստատ,
Մեկնում են ուս-ուսի՝ միասի՛ն:

Մեր հայեացքը դառնում է խաւար երկնակամարում մխրճւած
Մասիսին.
Ցոլք է արձակում Լեռը` վուլկանական հրաբուխ եւ շառաչ.
Խլրտում է ընկնում բանակի շարքերում, նաեւ զօրասիւներում
մեկուսի,
Բարձրանում են նոր ճիչեր, ահեղագոռ լոզունգներ, ահագնադղորդ
կանչ:

Եւ կանչերն այդ, որ սկզբում թւում էին լոկ բողոքի ազդանշան,
Քիչ-քիչ վերածւում են արծւակռինչ մարտակոչի.
Հսկաներ են դուրս պրծնում խաւարամած թաւուտներից անկենդան,
Վագրեր են յարձակւում դժոխային վիշապներին, բարձրացնելով
շամանդաղ եւ փոշի:

Ամէն տեղ պայթեցին արկեր ու ռումբեր ահեղաշառաչ,
Երկնակամարը վերածւեց բորբ, կարմրաւուն հնոցի,
Սոյլ արձակող օձերը ճողոպրեցին ահից դուրս թռած աչքերով կանաչ,
Բովանդակ տարածութիւնը վերածելով հազարաւոր գծի:

Նահատակաց բանակը հարւածում էր հրաբուխի թէժ, յորդացայտ
կայծերով,
Լեռը, պահ առ պահ, իր ոխի ու ցասման երախն էր առաւել բացում,
Բանակը յաղթանակում էր, ինչպէս հրահեղուկ-լաւան է թռչում
ապառաժներով, քերծերով,
Բախւում, բաբախում եւ բղաւում՝ «Միացո՛ւմ, միացո՛ւմ, միացո՛ւմ...»:

…………………………………………………………………………………

Յանկարծ Արարատի կատարը հազում է, արձակում սեւ մուխ ու
մոխիր, իբրեւ հերձւած հագագ մի ահագին.
Սասանւում, շարժւում է երկիրը՝ աւերւում են ճամբաներ, շէնքեր
ու քաղաքներ բազում,
Մի վայրկեան շրջւում է աշխարհը, վերածւում փլատակի, աւերակի,
Իսկ ահեղ բանակը շանթահար՝ մի պահ շփոթւում է, կակազում...

Յետոյ տարածքը ծածկում են ծաղկաւոր պատանքով ծպտւած
ուրւականներ,
Ձեւախեղւած, այլանդակ, հաշմանդամ մարմիններ անհաշիվ,
Նրանք մի պահ թւում են կարմիր պատարագ գնացող վանականներ,
Մի պահ՝ երկնային զօրք, որ գնում է Չարի ու Բարու տիեզերական,
տարերային կռիւ:
Մինչ հողեղէն բանակը գտնում էր իրեն ու ելնում վերահաս
շփոթմունքից -.
Փլատակների տակ մնացած զանգւածի արիւնը հասաւ երկրի
ընդերքին թաքուն ու գաղտնի գծով,
Եւ ինչպէս դիւրավառ վառելանիւթն է բարձրանում ցամաքած
պատրոյգից՝
Արիւնն այդ ոռոգում է Արարատի կատարը. որ փայլատակում է նոր
բոցով:

Հրաշափառ յարութեան հուրը յիշեցնող այդ շողարձակման ներքոյ
Կրկին կռւում է կուռ բանակն ու նոր կապեր արձակում - բացում,
Կռւում ու կոչում է մերթ աղաղակով, մերթ ջանքով, մերթ երգով՝
- «Միացո՛ւմ, միացո՛ւմ, միացո՛ւմ...»:

Միացման այդ կանչով մենք էլ թեւ առած նոր թռիչքի ու ճախրանքի,
Մաքրւած մանկան պէս ցատկում, հասնում ենք հազարներին այդ
յաւերժապսակ
Ու մերձենալով՝ բարձունքի վրայ բոցավառած – արծարծած նրանց
հուր – խարոյկին,
Ջերմանում եւ ապա քաշւում, կանգնում ենք գլխահակ:

Այնպահ ինձ առաջնորդող բանաստեղծը, ցասումով ու վերացումով
մի անմեկին,
Բարձրացնում է ձեռները, կուրծքը դէմ տալիս, աչքերը յառում
երկինքներին անեզրական,
Փիւնիկի պէս մօտենում է նրանց արծարծած, բարձրացրած կրակին
Եւ արձակում է խիստ եւ հատու մի պատգամ՝

- Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւը
Ուժի մէջ է քո հաւաքական...

Արդէն հասած խօլ աւարտին կոթողական այս դարի,
Տեսած, ապրած, կտրած - անցած ողբեր ու արհաւիրքներ բազում,
Մեզ նշանաբան է դառնում կրկին պատգամն այդ արի,
Որ չկորչենք անվերադարձ ու չդառնանք երազ՝ երազո՜ւմ …:

1999 - գարուն

ԱՆՎԵՐԱԴԱՐՁ (1999)
Leave of No Return

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

Բանաստեղծները - The Poets
June 22, 2010 08:38 PM PDT
itunes pic

ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ

... Եւ ի սկզբանէ անյաղթներ էին:
Թուլամորթ նաեւ, ինչպէս մշուշը
արեւածագին,
կամ բիլ մի երազ, բայց
յաւերժագին:
Նրանք հաղորդ են մեծ տառապանքին,
բայց
երջանկութեան սքեմ հագներին,
կանգնած են նրանք
տիեզերական ամենավերջին
(նաեւ առաջին),
չծնուած ու հին
կենտ մոլորակին...

Նրանք ծնւում են ամէն լուսաբաց,
մկրտւում են յար
արդար անձրեւում
ու լուացւում են կապտով երկնքի
եւ նոր բերկրանքի հաւատքով քամում՝
Գաւա՜թը կեանքի:

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

Բաղձանք - Desire
June 22, 2010 08:34 PM PDT
itunes pic

ԲԱՂՁԱՆՔ

Կ‏’ուզէի իրաւ
հոգով ու սրտով,
որ ամէն գարուն ծնուէի կրկին
ծիլերի շնչով…

Կ’‏ուզէի ծնուել
ամէն կրակուող լուցկու հատիկով,
ապրէի վառուող ծխախոտի մէջ,
ինձ ներշնչէին մարդիկ յուսաբեկ,
կարողանայի գոնէ այդպիսով
մեղմացնել հոգսը, տագնապը նրանց, —
ամէն կրակուող լուցկու հատիկով…

Կ‏’ուզէի ծնուել
ամպի արգանդից ծնուող ամէն մի ջրի
կաթիլով,
նրանց հետ, մի կերպ,
տեղայի համայն աշխարհի վրայ,
այդպէս օգնէի
չոր¬ծարաւներին,
ախտահանէի բոլո¯ր¬բոլորին,
ու խեղճ աչքերի վերջին արցունքով հոսէի ներքեւ,

ու էլ չհոսեր ինձանից յետոյ
էլ ոչ մի կաթիլ…

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

Մեկնում - Departure
June 22, 2010 08:30 PM PDT
itunes pic

ՄԵԿՆՈՒՄ

Ու տեսնում եմ ես՝ ո՜նց ես մեծանում,
ամէն շողի հետ, ամէն անձրեւին,
ո՜նց է Իմաստդ բիւրեղանում պերճ,
հատիկ առ հատիկ, ամէն նռի մէջ
ուռճացող, պայթուն
գոհարի նման:

Բիլ մի աղաւնի թեւում է արագ:
Միջօրէն ծոյլ-ծոյլ կախուել է դէմի պատշգամբից
խոնաւ ու յօրանջում է:
Մէկը իմ կրծքում քայլում է դանդաղ ու հեռանում է:
Իսկ դու կանգնած ես իմ հայեացքի դէմ
ու տեսնում եմ ես՝ ո՜նց է բորբոքւում արիւնն
մէր արդար
ամէն պահի հետ, ամէ՜ն ակնթարթ…

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

Հեռացում - Separation
June 22, 2010 08:25 PM PDT
itunes pic

ՀԵՌԱՑՈՒՄ

… եւ բոլոր դաշտումը մի կանգնիր…
ԾՆՆԴՈՑ ԳԼ. ԺԹ

Ես անցնում եմ իմ ողջ ճամբան հաւատով
եւ գնում եմ այս ուղիով միակամ,
իմ յետեւում մի հին աշխարհ հեթանոս,
իսկ իմ դիմաց հրաբորբոք ապագայ…

Ու խեղճ օրե՜ր, որոնք բերին ինձ տաժանք,
մերկ գիշերներ խեղանդամուած երազի,
գորշ ուրուներ գէշ ոռնացող, յերիւրանք,
մարդիկ, մարդիկ ոչ վեհութեամբ առնացի…

Եւ դեղնաթոյր, ‎ֆոսֆորափայլ մի քաղաք,
թղթէ լուսին, կախուած կաւէ եպկնքից,
գետնին մի թագ, մի մատանի, մի դանակ…
կախաղանուած մի երեխա, մեղկ, անբիծ…

Այս բոլորը, այս բոլո՛րը ես տեսայ,
բայց մի Աստղի կանաչ կայծը ինձ գերեց,
ես թողեցի այդ քաղաքը, հեռացայ
այն բոցկլտող Աստղի հետքով աներեր…

Եւ գնում եմ ես մարմաջով մարտական,
կրծքիս ներքոյ պահած երազ մը թաւշէ,
չեմ նայում յետ՝ Ադէ Արձան չդառնամ,
եւ՝ մի՛շտ վառուեմ իմ մոլուցքով հրաշէկ…

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

Անձրեւային - Rainy
June 22, 2010 08:22 PM PDT
itunes pic

ԱՆՁՐԵՒԱՅԻՆ

Յունուարին քայլում ենք փողոցով:

Մի մանուկ
իր նարնջագոյն հովանոցը պարզած
իմ
ամենամաքուր երազի պէս
քայլում է
իր մանրիկ քայլերով…

Երեկոյ է
ու մեղմ անձրեւ է գալիս:

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

Վերածնունդ 2 - Rebirth 2
June 22, 2010 08:18 PM PDT
itunes pic

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ 2

Ձոն մի անծանօթի

Ես այն ծառն եմ,
որ իմ մերկութեամբ, ձմռանն ամբողջ,
հրակէզ եմ, ձիգ:

Արեւագալին,
կարկառում եմ միշտ ձեռքերն իմ կանաչ,
որպէս ջերմ աղօթք, երգ ականակիտ:
Կացնահարել են ինձ մարդիկ փոքրիկ,
իսկ ես ծլել եմ,
որպէս խենթ մի երգ, ջինջ, բիբլիական…

Իմ ստուերի մէջ քնել է մարդը
յոգնած ու անցնող:

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Բուքին ու ցասման,
ես հաւաքում եմ աստղերն երկնքի,
ապաւէն տալիս դալար կրծքիս մէջ:

Ես միրգ եմ տալիս ամէն լուսաբաց
եւ գիշերները շոյում եմ լուսնի
մերկութիւնը շէկ:

Իմ վեհ կատարը
օրորւում է միշտ
ափում անհունի,
իսկ ծեր արմատներս աճում են
հողում:

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

***Դու մօտենում ես ինձ... - You're Getting Closer To Me...
June 22, 2010 08:14 PM PDT
itunes pic

* * *

Դու մօտենում ես ինձ ամէն գիշեր,
մնում ես մի քիչ որպէս հին ծանօթ,
մի քիչ լսւում ես հեքիաթի նման,
յետոյ վերածւում նոյն կապոյտ յուշին:

Դու յիշում ես ինձ
երբեմն գուցէ,
գուցէ միշտ,
գուցէ օրերով էլ չէ,
բայց կարօտ եմ քեզ, որպէս մի արծիւ
երկնի կարօտով:

(ինձ հողի վրայ
կանգուն է պահում փոքր մի մարգարէ…)

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

***Արդ իմ արդար... - My Righteous...
June 22, 2010 08:08 PM PDT
itunes pic

* * *

Արդ իմ արդար, համբերատար երազանքները ծաւի,
ծաւալւում են ու ծեգում են ծփանքներում վարսերիդ,
գիշերուայ գաղջ խորհուրդն գամել թաց մայթերին լռակեաց,
ծիրանագոյն թեւեր առած թեւածում են արեւին…

Կանաչ անձրեւ իջաւ մի օր, — միջօրէից մի ժամ անց, —
յետոյ կապոյտ երազ իջաւ իմ գիշերին տառապած,
դանդաղ իջաւ գաղջ գոլորշի պատուհանիս ապակուն,
ու բորբոքուեց բոսոր շառաչ իմ գիշերի երակում:

Իմ գլուխը ցաւով իջաւ քո նկարին, կապոյտ սէր,—
մի լեցուն ամպ ահեղ պայթեց իմ կոկորդի կրակում…
ես մենակ եմ, ես մենակ եմ, ես մենակ եմ մնացել,
լոկ թեւում է մի Աղաւնի իմ անսահման սենեակում:

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

Ցայգային - At Sunrise
June 22, 2010 08:04 PM PDT
itunes pic

ՑԱՅԳԱՅԻՆ

Դոփում են գիշերով ուրուականներ՝
տանիքն ու դուռը իմ տան:
Բորբոքւում են աստղեր շափիւղայ,
թանձրանում է խաւարը անքուն,
ու իմ գաղջ սենեակում
տարածւում ու ածւում է
բուրմունքը նրա…
Կապոյտ տեսիլք մի աղջկայ,
պատուհանիս ապակին ճեղքող ճամբին
հնամեայ,
հնաբոյր երազի պէս,
գալիս, կանգնում է ամբողջ գիշեր —
մերկ մարմնին կաթիլներ անձրեւի,
ձեռքում ջարդուած ժամացոյց…

Յիշում եմ աչե¯րը քո ծաւի:

Ելնում եմ լեռներն
Հաւատամքի…

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

***Փոքրիկ ձեռքդ դիր... Put It With Your Little Hand...
June 22, 2010 07:59 PM PDT
itunes pic

* * *

Փոքրիկ ձեռքդ դիր
աչքերիս վրայ,
փակի՜ր աչքերս, աչքերս փակիր,
յետոյ
մեղմութեամբ մուժ ու անձրեւի,
իջիր
երազիս
գագաթներն ի վար,
պառկիր հողի մէջ
եւ վաղը,
որպէս մեղմ նարնջենի,
բացուիր արեւի կանաչ շողի մէջ:

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

Գիշերւայ աչքերում - In The Eyes of The Night
June 22, 2010 07:53 PM PDT
itunes pic

ԳԻՇԵՐՈՒԱՅ ԱՉՔԵՐՈՒՄ

Որքա ՜ն
շուտ է մոռացւում
կեանքը կրակոտ,
կեանքը հարբեցած.
անցորդի անփոյթ սուլոցը այստեղ,
դրամի կնոջ տագնապը մթում,
եւ անուրջները մեր շտապ անցնող,
այս խենթ ու արբշիռ քաղաքի գրկում, —
գիշերային աչքերում:

Նրանք հարբում են երբեմն մեզ պէս
եւ շուտ մոռանում ամէն, ամէն բան.
երբ արտասւում են՝
տեղում է անձրեւ,
ու մայթին խփուող խենթ կաթիլները,
ասես՝
պահեր են լճացող յուշի…

Եւ հեղեղում են ժամերը անքուն,
մի համատարած, անձայն խնջոյքում, —
գիշերուայ սեւ աչքերում…

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

***Իմ մէջ ապրում է... - In Me Lives...
June 22, 2010 07:47 PM PDT
itunes pic

* * *

Իմ մէջ ապրում է
մանուկ մի երազ,
որ անձրեւոտ է ու անապական:

Ապակէ երկնի փայլից ցոլացող,
իմ մէջ շարժւում են
բիլ աստղաբոյլեր, աջրպետ կաթէ:

Իմ մէջ ոռնում է
գէշ մի կենդանի.
թափահարում է իր թեւերը գորշ
բծաւոր մի անգղ:

Իմ մէջ լճեր են ծփում ակաթէ,
ու ծաղկում է յար
բոցկլտող մի ծառ:

Իմ մէջ աճում է
լուռ մի առասպել…

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

***Վազոյի ձեռքին... In The Hand of Vazo
June 22, 2010 01:46 PM PDT
itunes pic

* * *

Վազոյի ձեռքին,
կանաչ մի մատիտ
գծում է կեանքիս
Իմաստը շքեղ…
Եւ ամէն անգամ հանդարտւում եմ ես,
երբ նա մի ճերմակ թուղթ է պահանջում:

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

***Փոքր եղբօրս... - To My Little Brother...
June 22, 2010 01:37 PM PDT
itunes pic

* * *

Փոքր եղբօրս
(երբ քնից զարթնեց),
մի կտոր մաքուր երկինք հագցրեցի,
բոսոր մի կակաչ,
եւ հողագոյն կօշիկներ:

Յետոյ ուղարկեցի
կանաչ երազներում խաղալու:

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

Տաղ տարագրի
June 22, 2010 01:19 PM PDT
itunes pic

ՏԱՂ ՏԱՐԱԳՐԻ

Իրանեան հին առասպել: Պատկեր£ Գինի եւ ցնորք, —
բէյթ ու գազել, ռուբայաթ: Մինարեթներ: Նախշուն գորգ…

Եւ երազնե՜ր, երազնե՜ր… Աւերակներ պատմական:
Հին հեքիաթներ ու գրքեր, — երգեր թախծոտ ու կական…:

Ծանօթ աղջիկ, հայուհի, Իրանի այս քաղաքում,
աչերումդ նայիրեան կանա՜չ հուրն է բորբոքւում:

Ես բանաստեղծ տարագիր, իմ ճամբի այս կանգառում,
մի պահ նայում եմ դէմքիդ ու տենչերն իմ վառում.

Մի պահ թեքւում եմ վրադ, խաժ աչերդ համբուրում,
նրանք որ ինձ հեռաւոր երա՜զ, թախիծ են բերում:

Վերածնուած իմ հոգին ահա քեզնով եմ վառել,
այս քարքարոտ իմ ճամբին մի պահ քեզ մօտ կանգ առել:

Մեր նախնիքը տարագիր եկել, այստեղ են հաել,
ու կնքել են քեզ վրայ հայոց անուն մի լուսէ…

Ես սիրում եմ անունդ, այս հեռաւոր ափերում,
դա ինձ համար նայիրեան կապոյտ կարօտ է բերում:

Երազում եմ, որ հարսի ճերմակ քօղով տեսնեմ քեզ,
եւ իմ դիմաց շիկնանքով բացուե՛ս, բացուե՛ս սիրակէզ:

Դու որ ծնուել ես ցեղիս մեռոնակալ հաւատում,
բայց աճել ես բէյթերի, գազելների՜ Գաւաթում,

Հազար ու մէկ գիշերի, դու Շահրզադն ես նորօրեայ,
բայց եւ ինձ հետ խօսում ես անուշ լեզուով նայիրեան:

Ես անպալատ արքայ եմ, բայց արքա՜յ եմ երբ դու կաս,
աղջկական պարզութեամբ, իմ տիրուհի՜… իմ երա՜զ…

— Արեւելեան Մեծ Պօէտ, գիտեմ՝ խօսքիդ մահ չկայ,
դու ինձ ասա՝ ո՞նց երգեմ՝ սէրն այս նոր աղջկայ:

Արեւելեան միստիկներ, հողից ելէ՛ք կրկնակի,
ես էլ ուզում եմ ‎ձեզ հետ պարպել Գաւաթը կեանքի:

Արեւելեան լեգենդներ, բացէ՛ք էջերը ձեր հին,
նրան առէք դուք ձեր մէջ, որպէս հեքիա՜թ մի վերջին:

Նա այս հողում է ծաղկել, նա աղջիկն է անձրեւի,
կուրծքը հրով է լեցուն արեւելեա՜ն արեւի…

Ես բանաստեղծ տարագիր, ես երգասան թափառուն,
յաւերժ սիրում եմ նրան ու տենչերն իմ ես վառում:

Նա մի աղջիկ, հայուհի, Իրանի այս քաղաքում,
որ աչերում նայիրեան կանա՜չ հուրն է բորբոքւում:

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

Հորիզոն - Horizon
June 22, 2010 01:15 PM PDT
itunes pic

ՀՈՐԻԶՈՆ

Մի օ՜ր, մի օ՜ր
կը ծաւալուի քո Հեռուն,
կաթնծիրներ կը կայծկլտան,
կ‏þեռայ կապոյտ քո Գինին.
այդօր
կ‏þիջնես
ձեռքումդ պահած
երկնքով լի թասը քո.
ես կը պարզեմ կաւէ գաւս,
միջումª կրակ ծիրանի,
— Քո կենացը, — կ‏þասենք, յետոյ
կը խմենք հին մեր գինին…

Այդօր
հզոր Տիեզերքը
մի նոր արեւ կը ծնի:

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

***Ասում են՝... - Some Say...
June 22, 2010 01:10 PM PDT
itunes pic

* * *

Ասում են՝
հին ժամանակներում միայն
հրաշքներ կային:

Ես ասում եմ.
— Ժամանակ,
կամ դու յաղթիր ինձ
քո թրով տրամաբանական,
կամ պարտուիր իմ դէմ,
հաւատա էլի,
որ հրաշքներ կան:

Հրաշքներ կան հրաշալի…

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

Քեզ հետ - With You
June 22, 2010 01:06 PM PDT
itunes pic

ՔԵԶ ՀԵՏ

Դու քայլում ես ինձ հետ:
Շուքդ շուքիս մեջ,
այտդ այտիս վրայ
օ՜ր, օ՜ր, օրե՜ր:
Զ. ՄԻՐԶԱՅԵԱՆ

Կապոյտ Եար, յորձանք անհունի ծովում,
ինձ մօտ, իմ հոգում, ապրում ես ինձ հետ,
վառում ես սէրս գիրեշուայ խորքում,
յետոյ սփոփումª վէրքերս մէկ¬մէկ:

Քայլում ենք, քայլո¯ւմ Քաղաքում այս մեծ,
տեղատարափից թաց մայթի վրայ,
միասին պարպում գինու բաժակներ,
մինչեւ որ կանաչ արշալոյսը գայ…

Դղիրդով ժայթքեց հրաշք հրաշէկ,
եւ շողշողում է կեանքն ու հոգին մեր,
մենակ տառապել ու հատնել եմ, արդ
քեզ հետ ապրում եմ լոյս օ՜ր, օ՜ր, օրե՜ր:

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

Մարմաջ
June 22, 2010 01:02 PM PDT
itunes pic

ՄԱՐՄԱՋ

Ինչպէս ասեմ աշխարհին,
որ աշխարհում արդէն կաս…
ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ

Ես ուզում եմ՝ դղրդայ ձայնս անծիր եւ հզօր,
եւ ղօղանջի եւ կանչի արձագանգով ահաւոր.

Շանթահարի ողբերի անդաստանը լռակեաց,
յետոյ ցնդի խաւարը, բացուի կանա՜չ լուսաբաց…

Ես ուզում եմ, որ հիմա աղաղակեմ աշխարհին,
որ դու եկել ես արդէն, եղբայր եւ հայր իմ անգին:

Այնտեղ ուր ցուրտ էր երէկ, այնտեղ մահ էր ու սարսուռ,
այսօր վառւում է ահեղ, բոցկլտում է կապոյտ հուր…

Եւ ես չոքել եմ հիմա, որպէս մատաղ քո դիմաց,
Կ‏’ուզես մորթիր, կ’ուզես չէ՛, ով դու փոքրիկ իմ աստուած:

Եւ կանգուն եմ հիմա, տե՛ս, ճակատս դէմ հողմերին,
կանգուն եմ մերկ ու հզօր, եւ երգում է իմ հոգին…

Եւ երգում է իմ հոգին, քո հաւատով արբեցած,
որ դու եկել ես արդէն, որ աշխարհում արդէն կա՛ս…

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

Ձօն
June 22, 2010 12:58 PM PDT
itunes pic

ՁՕՆ

Դու, երկի՛ր իմ սրբազան,
որքան ճամբայ կտրեցիր,
դու ե՛ւ հող ես ե՛ւ հոգի,
հատուած կաղնի՝ վերածիլ:

Օ՜, Հայաստա՛ն, Հայաստա՛ն,
հող ես, քար ես եւ հոգի,
եւ չգիտեէ դեռ ոչ ոք՝
մեծ Գաղտնիքը քո կեանքի:

Եւ ես արբշիռ եմ ընդմիշտ
թէժ կարասից քո անծիր,
ե՛ւ անօթի ե՛ւ կարօտ՝
քո ոգեղէն սուրբ հացին:

Մեղապարտ եմ քո դիմաց,
որ չեմ տեսել քեզ կեանքում,
բայց կարօտս ամէնուր
ինձ տանջում է, քե՛զ կանչում…

Իմ Հայաստա՛ն, Հայաստա՛ն,
քո կռունկն եմ ես անտուն:

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

***Ես խմեցի քո գինուց... - I Drank From Your Wine...
June 22, 2010 12:51 PM PDT
itunes pic

* * *

Ես խմեցի քո գինուց,
օ՜, այնքան այն իրական էր եւ ազդու:

Ես լսեցի քեզ — հոգուդ ձայնը —
տարածուող գիշերներիս խորհրդում:
Ես ողջունեցի, ողջունեցի՜ արեւին,
— իբրեւ մոգ հնադարեան —
ու քո խօսքիդ արիւնով հարբած,
— իբրեւ գիշերաշրջիկ վամպիր —

ես սիրեցի մերկութիւնդ արիւնոտ
ու հոգիդ՝ բանաստեղծի:

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

Ահա վերստին
June 22, 2010 12:46 PM PDT
itunes pic

ԱՀԱ ՎԵՐՍՏԻՆ

Եւ մի արեւ, խորքերից,
լուսաւորում է մոխրացած
կաթնծիրները…
ՇԱՄԼՈՒ

Մոխրակոյտերի մթին շերտերից
ելնում է արեւ հզոր եւ հսկայ,—
պայթեց լոյս Բջիջ, կեանքի արգանդում:
Կրկին եւ կրկին կանգուն եմ հիմա…

Դուք, ծաւի աչեր, շողացէ՛ք կրկին,
մէջք ուղղէ՛ք, բոլոր ծառեր կեռացած,
ցնծա՛յ, ծով, երկինք, ծփա՛յ, արտ առատ,
գիշեր,— մուգ գիշեր,— ահա լուսաբաց…

Արեգակ բոսոր, պայթող հրէ գունդ,
բոցավառում է միլիոն աշխարհներ,
տառապած մարդիկ ելնում են դէպի
միլիոն լուսաւոր դարեր, ձիգ դարեր:

Նահատակների շարաններ երկար
ելնում են կեանքի իմաստ մուրալու,
իսկ ես վստահ եմ, որ վերջին օրը,
մի կանա՜չ, կանա՜չ անձրեւ է գալու:

Եւ դղրդում է կեանքը, կեանքը մեր,
այս ճառագայթող արեւը վկայ,
դեռ քանի անգամ կը գանք մենք այսպէս,
այս հազարամեա՜յ աշխարհի վրայ:

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

Վայրկեանը - A Second
June 22, 2010 12:40 PM PDT
itunes pic

ՎԱՅՐԿԵԱՆԸ

Ողջ վայրկեանների երթում սլացիկ,
որ իրար բռնած կորչում են անհետ,
լոկ այս Վայրկեանն է մնայուն մնում,
որ հլու, խոնարհ երթի փոխարէն,
հորիզոնական շարքից դուրս գալով
ու շատրուանի ջրի պէս թափով
ցայտում է վերեւ…

Լոկ սրա արագ ընթացքի մէջ է,
որ դու կարող ես դարերը հաշուել,
լոկ սրա կապոյտ միջոցում է, որ
կարող ես տեսնել տիեզերքը խոր:

Այս խենթ Վայրկեանի մէն մի հարուածում
լսելի է միշտ,—
Սոնատ, ռապսօդի, ռեքուիեմ, օպուս…
Այս խենթ Վայրկեանին
դու ուր էլ նայես,
քո աչքերի դէմ երեւան կը գան
թանգարանային պաստառներ հին-նոր,
որոնց շատերին բնաւ չես տեսել
ու չես էլ տեսնի քո ամբողջ կեանքում:

Այս խենթ Վայրկեանին դու ինչ էլ գրես
դա երգ կը լինի,
եւ ա՛յս Վայրկեանի ծնունդն են բոլոր
երգերը հզոր:

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Ձիգ-ձիգ շարաններ փոքր վայրկեանների,
որ իրար բռնած կորչում են անհետ,
լոկ այս Վայրկեանն է խենթ ու անօրէն,
որ այդ շարքից դուրս թեւում է յաւէտ:

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

Պարոյրին - To Paruyr
June 22, 2010 12:34 PM PDT
itunes pic

ՊԱՐՈՅՐԻՆ

Քո անունով, Պարո՜յր,
մահիկը լրւում, դառնում է ճրագ,
բիբերն աչքերի վառ երանգ առնում,
արշալո՜յս դառնում խռովքն մթի,
Երազանքը մերª ստանում մարմին£

Քո անունով, Պարո՜յր,
մեր հին կարօտը դառնում է կրակ,
սնւում է անվերջ պոռթկումը ազգիդ,
եւ զաւակներդ խոնարհ ու ազնիւ,
գալիս միանում,
միանում են հեշտ,
քո ընդվզումին բերելով նոր շեշտ,
փոթորիկ մի նոր,
որպէսզի գարնան Կռունկը գայ տուն,
էլ Ձիւն չտեղայ,
այլ տայ մեր կեանքին «Լո՜յս, լո՜յսդ զուարթ»,
եւ չքուի խաւարն,
միշտ անհետանայ,
մեր տառապանքի հետքերով անդարձ:

Քո անունով, Պարո՜յր,
մենք համբուրում ենք գաւաթը գինուդ,
դամբանդ լուսէ,
Յոյսի Մատեանդ,
սակայն ո՛չ որպէս պարտքի մատուցում,
այլ ինչպէս քաջը զէնքն է համբուրում,
հայրն իր որդուն եւ որդին հօրը,
համբուրում այնպէս, ինչպէս սեղմում են
մատ հրազէնին,
եւ անմիջապէս ժայթքում է… կրա՛կ:

Քո անունով, Պարո՜յր, քո անունո՜վ,
մենք անուանում ենք նորածիններին,
բիւրեղանում է Մարդը ափի մէջ,
նորից քեզ հետ է ձայնում մեծ Լարը,
ամենայն Հայրը
մեր տաղ ու երգի:

Քո անունով, Պարո՜յր,
մենք հաւատում ենք ղօղանջին քո մեծ,
քո եռամատնեայ խաչակնքումի ստուերին շնչող՝
ՈՂԲԻԴ ՄԵՌԵԼՈՑ,
ԲԵԿԱՆՔԻԴ ՇԱՆԹԱՑ,
ԿՈՉՈՒՄԻԴ ՀԱՅՈՑ£
Դո՛ւ, քո վիթխարի, հրա՛շք քերթութեամբ,
խոր տառապանքիդ աննինջ խենթութեամբ,
քո ողջ խորհրդով ու ծով բարութեամբ,
ո՞նց չանմահանաս…
Կա՛ս,
պիտի՛ լինես,
ու դեռ… մեծանա՜ս:

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

…ՈՒ ՄԻԱՑՈՒՄ... - ...And Reunion
June 22, 2010 12:24 PM PDT
itunes pic

...Ու միացում...

Մենք մերկ:
Մենք ոսկեմշուշ երազի դիցատիպ երգասան:
Մենք կապտափայլ գիշերների ճամբատար
ու արբշռոտ մոլուցքի գինեմոլ վայրի:

Մենք, կապոյտ գորգին
մերկ կանգնած, կապուտաչ կրակի
ծարավ անբասիր:
Մենք չարագուշակ գիշերներին
խաչ բռնող
Հավատացեալ Մեծղի
եւ իմացակիր օրերի ճամբորդ
անտրտունջ:
Մենք բացւում ենք,
որպէս լեգենդ՝ միատիպ մագաղաթում
ձեռագրուած
ու մի‎ֆ՝ նորօրեայ քաղաքներում
քայլող:

Մենք նոր, կապոյտ արիւնով լեցուն,
նայում ենք երկա՜ր, երկա՜ր,
մեր հայեացքներով կապոյտ,
մե՜ղմ, երազով ու անձրեւով օծուն:

Մենք կանգուն ենք այնտեղ
ուր պէտք է:
Մենք ապառաժ
ու մերկ ենք…

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ՄԻՆՉԵՒ ՎԵՐԱԴԱՐՁ - Till Return
June 22, 2010 12:20 PM PDT
itunes pic

Մինչեւ վերադարձ

Գնում եմ հանգիստ առնելու համար,
իրիկնամուտի լայնարձակ ծոցում.
ես շւաք էի, մի փոքրիկ շւաք,
այս ձիգ փողոցում:
Եւ անցորդ մարդիկ ինձ կոխոտեցին,
այս կարճլիկ օրուայ երկար ընթացքում,
քչերը եկան, մի պահ կանգնեցին
իմ կապոյտ ծոցում:

Բայց ես կը դառնամ ինչ էլ որ լինի,
վիթխարի կաղնու ստուեր կը լինեմ,
որ յոգնած ճամբորդն, իր ճամբի եզրին,
գայ անդորրիս մէջ ու մի քիչ քնի:

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ՀՈԼՈՎՈՅԹ - Evolution
June 22, 2010 12:15 PM PDT
itunes pic

Հոլովոյթ

Անդադար պտոյտ
անցեալ ու գալիք ժամանակներում:

Եւ նորութիւն չէր,
որ ժպիտների, կարօտների՜ մէջ,
գարնանամուտի զով աղջամուղջին
ես աշխարհ եկայ,
քանզի
ծնուել եմ դեռ դարեր առաջ,
Եւայի սրտում ծաղկող առաջին սիրոյ ծիլերով,
այն վսեմ պահին,
երբ լուսինը մորթուեց երկնի կամարին.
— Վասն արեգակ,
ի դէմ խաւարի…:

Եւ ես ծնուել եմ առաջին մանկան
անուշ ժպիտով,
սնուել, մեծացել նրա ապագայ կուշտ
ծիծաղներում,
ապա ցոլացել աչքերից նրա
եւ կուլ գնացել արգաւանդ հողին,
սակայն անվատնում
բողբոջ եմ տուել գարնանամուտին,
ծաղկի բոյրի հետ, այնպէս ներշնչուել
մարդկանց կրծքերում,
ու դարեր յետոյ հօրս ջերմ շնչով
կերպաւորուել եմ մի նորահարսի
երազանքներում,
եւ ժպիտների՜, կարօտների՜ մէջ,
գարնանամուտի զով աղջամուղջին,
որպէս նորածին
լոյս աշխարհ եկել…

Եւ այսպէս դարեր եւ դարե՜ր յետոյ
կրկին կը շնչեմ մանկանց ժպիտով
եւ անմեղութեամբ պիտի հոսեմ ցած
նրանց աչքերից արգաւանդ հողին,
սակայն անվատնում
կրկի՜ն եւ կրկի՜ն…

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

***ՆԱՅԻ՛Ր, Ի՛ՆՁ ՆԱՅԻՐ՝... - Look, Look At Me...
June 22, 2010 12:10 PM PDT
itunes pic

* * *

Նայի՛ր, ի՛նձ նայիր՝ մինչ երէկ օդում,
իմ մորթուած բախտի դին էի ատում,
բայց հիմա արմատ ունեմ այնքան խոր,
որ յոյսիս ծառի մրգիցն եմ ուտում
եւ ես յարգում եմ պատիւն այն մօր,
որ որդու համար՝ պատիւն է մորթում:

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ 1 - Rebirth 1
June 22, 2010 09:20 AM PDT
itunes pic

Վերածնունդ 1

Քո աչքերը խաւար, անյոյս,
մի դալուկ ծառ մեր փողոցում,
չոր մի քամի աշնանային,
կոտրուած ճիւղ, թօշնած տերե՜ւ…

Եւ մոլորուած, թախծոտ երազ,
եւ պահերի անշեղ սլացք,
մի ձնծաղիկ մեր ափերում,
գարնանային մի նոր արե՜ւ…

Եվ նոր ծիլեր հին ճիւղերին,
մի դալար ծառ մեր փողոցում,—
քո աչքերը հաւատով լի,
յոյսի ժպիտ, կեանքին բարե՜ւ…

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

***ԱՅԺՄ ԲԱՑՒԵԼ Է... - Now It's Open...
June 22, 2010 09:15 AM PDT
itunes pic

* * *

Այժմ բացուել է արդար առաւօտ,
սիրտ իմ, դու այդպէս դեռեւս կարօտ,
վառւում ես տենդով
իմ գիշերների
ու չես նկատել՝ ոսկին արեւի:

Դեռ հիշում ես դու
անձրեւից թրջուած մերկ մայթե՜ր, մայթե՜ր,
ջարդուած անձրեւից մի շնիկ անտէր,
շնիկ ու մայթե՜ր…

Եւ ո±նց նկատես,
դու այդ շնիկի կրծքում հեծող սիրտ:

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ՔԱՈՍ - Chaos
June 22, 2010 09:08 AM PDT
itunes pic

Քաոս

Մոխրագոյն քամու
մտրակների տակ,
պուտ-պուտ անդունդ է
բացուել իմ դիմաց:

Հողից քիչ բարձր
Ճօճւո՜ւմ են, ճօճւո՜ւմ՝
սրունքներ,
ոտքի թաթեր բզկտուած…

Լուսինը ճեղքուեց:

Սառ,
‎ֆոսֆորափայլ թիթեռներ իջան
մետաղէ լճին:

Մութի մէջ խեղդուեց
Կապտած մի մանկան ճչոցը
Վերջին:

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ԹԱԽԻԾ - Heartache
June 22, 2010 09:04 AM PDT
itunes pic

Թախիծ

Հեռւում մթապատ աւաններ նիրհուն,
հին երազներ են յետ գալիս այցի —

մի հին հողէ պատ փլուեց հեղեղում…

Ուրուականնե՜ր են մոլորուել հեռւում:

Անյայտ վայրերում ծանօթ տնակներ,
Մէկ-մէկ մարում են լոյսերն իրենց,
արդէն մոռացուող մի աղօտ պատկեր
մեղմ օրօրւում է
իմ աչքերի դէմ…

ծածուկ սուլոցով անցնում է քամին,
սրբում է յոգնած դէմքը մայթերի:

Իմ դատարկ ափում աստղեր եմ պահել՝
Նոր տարուայ սեմին
կախ տամ
ծառերին:

Հեռւում մթապատ աւաններ նիրհուն,
Ինչ-որ մի բու է վայո՜ւմ ու լալիս,
հին-հին երազներ դառնում են այցի,
ու անյայտ մի տեղ արձրե՜ւ է գալիս…:

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ՄԷԿԸ…ԱՆՅԱՅՏ ԺԱՄԱՆԱԿ… - Someone... In An Unknown Time...
June 22, 2010 08:58 AM PDT
itunes pic

Մէկը… Անյայտ ժամանակ…

Անյայտ ժամանակ,
եւ ոչ հենց այստեղ,
Մէկը,
որ չունի եւ ոչ մի ցեղ,
կը գայ,
կը խօսի իմ բերնով գուցէ,
յետոյ
հաւատով մի երգ կը գրի,
ժպտացող մանկան լուրթ, անապական
աչքերում փայլող երազի մասին:

Մէկը կը խօսի իմ բերանով
Ճեքուող նռերի մասին, կանաչ անձրեւի…
Կ‏’արտասուի իմ աչքերով
եւ լուսադէմին կը ցնծայ արեւով…

Երբ
անգամ տիրի միայն պողպատը մոխրագոյն,
Մէկը
իմ ձեռքերով
կը բաժանի Հաց, կապոյտ Հաց,
կանաչ Գինի…

Մէկը իմ կրծքից կը երգի մի անրձեւոտ եղանակ:

Մէկը…
Անյայտ ժամանակ…

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ԱՅՍ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ - In This Way
June 22, 2010 08:46 AM PDT
itunes pic

Այս ճանապարհին

Օրերի կապոյտ արիւնով արբշիռ,
աշխարհի անծայր, բորբոք երակում,
կանգուն եմ ահա:
—Արդ ես եմ երգում:

Դու իմն ես հիմա,
եւ ոչ մի չար հողմ ու դաժան մոլուցք
չի կարող հատնել քո արմատը սուրբ,
որ այսօր, այս մեծ պայքարի պահին,
խոր ու անքնին,
խրուել մինչ յատակն իմ անտակ հոգու,
ծլարձակում է:
—Արդ ես եմ երգում:

Ես ծնունդ նոյն քո ըմբոստուող ոգու,
ծնունդ կրկնակի իմաստի անսուտ,
ծնունդ մշուշի ու ճայթող հրի,
կանաչ արեւի այս ճանապարհին
եւ այս մեծ կռուի ընթացքում անքուն.
—Արդ ես եմ երգում:

Ինչպես հրդեհն է բռնկում անահ եւ
անապական,
ինչպէս արեւը
մորթում է մթէ չղջիկներ հազար
(իր ձիգ սրերով լոյս-ասպետական),
ինչպես ճեղքուում է տիեզերքը լուրթ
հավատացեալի բերնից մրմնջուող աղօթքով
անսուտ,
ինչպէս գաւաթ են լցնում բորբ գինով,
լցնում են տակառ,
ես այդպէ՛ս, այդպէ՛ս լցւում եմ քեզնով
եւ ամէն վայրկեան,
ամէն ակնթարթ:
Լցւում եմ, սակայն չի պարպուում գաւդ,
լցնում ես, սակայն ահեղ ծարաւս
անապատի կէզ աւազների պէս
ծծում է միշտ քեզ
ու միշտ պապակւում…
Փթթում է ինչ¬որ բորբոք մի արեւ
իմ ու քո կրծքում,
ու մենք
գնում ենք
մեր մեծ յաղթութեան այս ճամբով
անքուն:
—Արդ ես եմ երգում…

ՀՈԼՈՎՈՅԹ (1975)
Evolution

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

Սխրատեսիլ - Bold
June 22, 2010 08:18 AM PDT
itunes pic

ՍԽՐԱՏԵՍԻԼ

Կանգնած ահա կրկին փարթամ ու արի,
Կանգնած իբրեւ տեսիլ ու կուռք ամեհի,
Կանգնած իբրեւ սէգ ուրւական մարդացած,
Կաւէ մարմին, ուր եռում է գինին թանձր,
Կանգնած իբրեւ ե՛ւ նահատակ, ե՛ւ վկայ,
Բայց մանաւանդ՝ վերընձիւղած ծառ հսկայ,
Կանգնած իբրեւ վէս կերպարը Մասիսի,
Որ ճակատը դէմ է տւել շանթ, կայծի,
Կանգնած իբրեւ Բաբելոնեան աշտարակ,
Որը, սակայն, ամբառնում է անխորտակ.
Սեւեռ իբրեւ սրբի հայեացք՝ ալ աստղին,
Որին պիտի հրաշք թուփը ծաղկի,
Սեպւած իբրեւ պողովատեայ խարիսխ ձիգ,
Որը պիտի նաւը բախտի պահի պիրկ.
Անքուն իբրեւ ճակատագրի մի‎ֆ տոկուն,
Որ պիտ փրկի մոլորակն այս բեկբեկուն
Կրակների կարմրաբոսոր կլափից
Ու դեռ ձայն տայ անջրպետի այն
Ափից…
Կրկին կանգնած իբրեւ տեսիլք սոսկալի,
Սուր աչքերով, գաւազանով մոգերի,
Գանգուրներս տւած քամուն ամեհի,
Ճիչով պիտի կոտրեմ գանգն այս
աշխարհի…

* * *

Օ՜, ինձ հետ են հոգիները զոհերի,
Միլիո՜ն, միլիո՜ն մեռելներիս անշիրիմ,
Նրանց ճիչը, աղաղակը սահմռկող,
Որ բեկել է հիմքից մէջքս ող առ ող.
Օ՜, ինձ հետ է ջարդւած բերանը նրանց,
Ուր սառել է արհամարհանք մի անսանձ
Մարդու վրայ գայլակզակ, արնալինդ,
Որ ճիւաղ է մղձաւանջում չարախինդ
Եւ անէծք է մարդկայնութեան վրայ յար
Կեռ մահիկով ու չար աստղով իր խաւար.
Օ՜, ինձ հետ են ոսկորները նրանց լերկ,
Որոնք ասես անմար խարոյկներ են շէկ,
Որոնք ոչ թէ միայն այրոցք են խղճին,
Այլեւ փարոս՝ խիղճն աղճատող սեւ ճահճին.
Օ՜, ինձ հետ են նրանց մատները բարակ,
Որոնք ասես մոմի լեզւակ են՝ կրակ,
Կրակ՝ նրանց սրտի թափուր խորանին,
Ուր մորթւել է ձիւնափետուր աղաւնին.
Օ՜, ինձ հետ են նրանց աչքերը սառած,
Ուր պառկել է երկնի պատկերն անաստւած,
Օ՜, աչքերը, այդ աչքերը ամեհի,
Ուր թխսել են սադայէլները մահի.
Օ՜, ինձ հետ են նրանց ոտները հատած,
Ուր կծկւել է ճամբաների թելը բաց,
Ճանապարհներ, որ չտարան ուխտատեղ՝
Ողջ երկիրս դարձրին մատաղ մի անմեղ…
Օ՜, ինձ հետ է նրանց սիրտը սրոփող,
Որում հնչեց Ազատութեան ոսկէ փող,
Փողը, սակայն, դարձաւ բեկւած մի շեփոր
Ու շամփրեց ազգիս հասակը շէնշող:

Օ՜, ինձ հետ են հոգիներն այդ աննկուն,
Նրանց սիրով ես կրել եմ ողջ կեանքում.
Միլիոն ու կէս հոգի լոկ մի մարմնի մէջ,
Դրա համար հոգիս հրդեհ է անշէջ…
Դա է ուղղել թիկունքս գոռ մարտերում,
Լեզուս դարձրել հրաբուխի խառնարան.
Դրանով են ոսկորներս անկոտրում
Եւ բռունցքս՝ գրանիտէ մի կռան.
Դրանով եմ դարձել արծիւ՝ տեսանող,
Եւ չափում եմ շառաւիղներն աշխարհի,
Դրանով են իմ ոտները յեսանող՝
Գալիքների սուր սլաքները վայրի…

Դրանով եմ կանգնած՝ տեսիլք սոսկալի,
Սուր աչքերով, գաւազանով մոգերի,
Գանգուրներս տւած քամուն ահռելի,
Ճիչով պիտի կոտրեմ գանգն այս
աշխարհի.

Ես Հայկն եմ, կը խորտակեմ նոր Բէլին…

* * *

Ես Օհանն եմ, աղաղակով ամեհի,
Պիտի կոտրեմ սառցալեռը դարերի,
Բայց նախ պիտի ողջ ուժերս հաւաքեմ,
Որ գոռալիս սարի նման չճաքեմ՝
Եփրատ, Տիգրիս գետերը ինձ սեղմ գօտի,
Ակնազարդւած աչիկներով հայ որբի…

— Հէ՜յ, Թուրանից փախած, եկած անօթիք,
Չէ՞ք ճանաչում Թորգոմայ տոհմս, որդիք
Ունեմ, մինը, ամէն մինը՝ Սասմայ ծուռ,
Իսկ Էրգիրս՝ ոսկէ փարախ ու մսուր.
Վրնջում է այնտեղ Քուռկիկ Ջալալին,
Խրխնջում է ու սպասում հեծեալին.
Կը գա°յ, շուտով նոր Դաւիթս, կը հեծնի
Ու ձեր գլխին կարմրակուտակ շանթ կածի:

— Հէ՜յ, Թուրանից փախած, եկած շանորդիք,
Չէ՞ք ճանաչում իմ Սասնատունը բարձրիկ:
Պիտի գոռամ՝ ես Հայկն եմ, Օհանն եմ,
Նետերի նետ եւ ձայների ես ձայնն եմ,
Բայց նախ պիտի ողջ ուժերս հաւաքեմ,
Որ գոռալիս սարի նման չճաքեմ՝
Եփրատ, Տիգրիս գետերը ինձ սեղմ գօտի,
Ակնազարդւած աչուկներով հայ որբի…

* * *

Անապատներո՜ւմ, անապատներո՜ւմ կէզ Միջագետքի,
Մի բուռ օրհնութիւն, դու կանաչութիւն,
իմ տեսիլք Դեր Զոր,
Դու չես թողել որ թափառ բեդւինի շուրթը պապակի,
Քո մէջ գտել են խոնջած ուղտերը կապոյտ
մի անդորր…

Ուխտատեղ ես դու, սրբավայր, մատուռ,
Ծւարած շուքում զովին պուրակի,
Ապաւէն ես դու եւ փրկութեան դուռ
Թէ՛ զաւակներիդ, եւ թէ° պանդուխտին:

Հալէպից Թաւրիզ, Դամասկոսից Վան,
Առեւտրական կէզ ճանապարհներին,
Եղել ես աւան, եղել օթեւան,
Արեւից տապկած կարաւաններին:

Դու զով ովազիս, միւռոնւած դու բոյն,
Գնչուհու ճակտին ծաղկած փունջ ու վարս.
Եղել ես ցնորք, երազ երկնագոյն
Ու քեզ կոչել են՝
ՙԱնապատի հա՜րս՚…

* * *

Օ՜, դաժան Դեր Զոր, ո՜նց հանդուրժեցիր
Այդքան մանկական աչուկ ոտքիդ տակ,
Ուսերիդ վրայ ո՜նց չվիժեցրիր
Օսման օձերի գալարումը տաք…

Քո գեղատեսիլ հարսիդ ճակատին
Ինչպէ՜ս դրեցիր քողը մեր արեան,
Մեր հառաչանքի մուրը մթագին
Այդ ինչպէ՜ս դարձաւ աչքերիդ սուրման:

Քո հոյատեսիլ ստինքով յուռթի
Ո՜նց չսնեցիր հէգ մանուկներին.
Մետաքսահիւս քո բարձերին անթիւ
Ո՞նց տեղ չտւիր մեղկ գառնուկներին:

Ինչպէ՜ս մօտեցար քէ‎ֆի սփռոցին,
Երբ քեզ էր մեկնւած այդքան ցամաք ձեռք.
Ինչպէ՜ս ըմպեցիր Կանայիդ գինին,
Երբ որ քո դիմաց բաց էր այդքան վէրք:

Ինչպէ՜ս ճօճեցիր մէջքդ բարալիկ,
Ողբ ու կականի, վայնասունի տակ.
Ինչպէ՜ս երգեցիր լիահագագ, ձիգ,
Երբ գլխիդ վրայ մաղւում էր կրակ…

* * *

Հարսնաքոյրերդ սեւ հրեշտակներ,
Քո դէմքի վրայ նզովք նետեցին.
Լանջդ յօշոտեց յիշատակը նեռ
Ցաւի եւ ցասման, իբրեւ խաւար ցին:

Այդ ո՜նց պարեցիր յատակին քո մերկ՝
Պահանջելով թանկ գորգը մեր արեան.
Այդ ո՜նց պտտեցիր յատակին քո թեք
Ու դեռ քրքջալով զիլ, լիաբերան…

Ինչպէ՜ս սուզւեցիր յղացման մահիճ
Ու կոյս արգանդդ դարձրիր պտղի բոյն,
Երբ քո գաւաթում զեռուն ու կարիճ
Խրախճանում էր ու ածում սեւ ձուն:

Այդ ո՜ւր պահեցիր թաշկինակն անծալ՝
Վկայ բննոցիդ անարատութեան,
Երբ քո շուրջ բոլոր փոթորիկ էր ալ
Քուրջերի ներկւած շիթով մեր արեան…

* * *

Անապատի հարս, Անապատի հարս,
Ինչպէ՜ս տոկացիր այդքան բռնութեան,
Երբ քո աչքերին պիտ իջնէր երազ,
Ու գլխիդ՝ ոսկէ թագը Բնութեան…

Անապատի հարս, աչքերիդ դիմակ,
Գուցէ չտեսար ո՜նց է պտտում
Մեր մերկ հարսների արգանդում դանակ
Եւ չծնւածի պորտը յօշոտում:

Այո՛, չտեսա°ր Եփրատի հովտում
Ոնց են կուտակւում դիերը անթիւ
Ու քամին ոնց է նրանց կոյտն հարթում
Իբրեւ դժոխքից դուրս նետւած անիւ:

Ինչո՞ւ չտեսար թէ ո՜նց է նետում
Մայրն իր որդուն կամուրջն ի վար.
Չտեսար ո՜նց է պապը աղօթում
Երբ մոխրանում էր թոռը մինուճար…

Հիստերիկայում սադայէլական
Խաշել են թոռանն իբրեւ վերջին կեր,
Իսկ մահամերձը մեղկութեամբ մանկան
Թախանձել է թէ՝ տատիկ, ինձ դո՛ւ կեր:

Չտեսար ո՜նց է քահանան օրհնում
Երկնային ուղին բիւր ծարաւների,
Ու ո՜նց է նրա սաղմոսին օգնում
Կռկռան խումբը սեւ ագռաւների…

Ո՞նց են, չտեսար, խաչքարեր կոտրում
Ու պարտիզակներս դարձնում սահարա,
Չտեսար ո՜նց են լեզուներ կտրում
Ու սիրտ խորովում խարոյկի վրայ…

Չտեսար ոնց են աղջնակ թեքում
Ու պատւին թքում չորսով միասին.
Քաղաքնե՜ր, բերդե՜ր, վանքե՜ր կրակում,
Ուր խողխողւում էր մեծ Նազովրեցին…

* * *

Դիմակ աչքերիդ, Անապատի հարս,
Տե՛ս ի՞նչ համերգ է, դիմակահանդէս.
Կուզե՞ս, ե՛կ պարենք բոլերօ կամ վալս,
Միւռոնների բոյր քեզնից առնեմ ես:

Արցունքի բոյրը մեր հազարների՜,
Որոնք այդպէս էլ մեռան անմիւռոն,
Աչքերի թոյրը հարազատներիս,
Որոնք իմ ճամբին միշտ դառան կերոն:
Անապատի հարս, շալդ ոսկեկար,
Քի՞չ էր օժիտը քո հարսանեկան,
Որ ողջ երկիրս քեզ դարձաւ աւար,
Ու ժողովուրդս՝ մատաղ քո դռան:

Դու պիտ դառնայիր Արդար հրեշտակ,
Մի ձեռքիդ՝ կռեռք, միւս ձեռքիդ թուր,
Բայց, աւա՜ղ, սե՛ւ էր, սե՛ւ էր քո դիմակ,
Դրա համար էլ՝ թուրքը մնաց թուրք…

Օ՜, թէ դառնայիր Նեմեսիս ճերմակ,
Օ՜, թէ շանթէիր թուրդ երկնային.
Ջնջէիր ամէն դաւ ու խարդաւանք
Ու իմ երկիրը չդառնար բագին…

Հէ՜յ, ո՛ւր ես, Դաւիթ, ո±ւր, Առիւծի ձագ,
Հիմի՛ պիտ շողար քո Թուր-կէծակին:

* * *

Անապատի հարս, թոյլ տուր գալ քեզ մօտ
Ու ծոցդ դնել ծաղիկներ բոսոր,
Ծաղիկներ անթիւ, ծաղիկներ ցօղոտ
Ու համբուրել քո մատներն այսօր:

Թոյլ տուր համբուրել մատներդ անզօր,
Որ չչորացրին արտասուքը մեր.
Թոյլ տուր համբուրել ականջներդ խոր,
Որ միշտ կրեցին ողբն ու սուգը մեր:

Անապատի հարս, աշխարհում որքան
Ծաղիկ՝ այդքան սէր, այդքան սիրոյ բոյն,
Իսկ մեր արիւնի ծովերն անսահման,
Այդ ողջ ծաղկունքին կարող են տալ գոյն:

… Դրա համար եմ ես սիրում վարդեր,
Վարդեր արնագոյն, վարդեր արևածոր.
Երբ յիշում եմ քեզ, հարս իմ սեւահեր,
Համբուրում եմ խենթ վարդերը բոսոր…

Ես ինքս սերմ եմ վարդագոյն արեան,
Սակայն ջրւել եմ հէնց իմ արիւնով,
Դրա համար է բոյրս սուր այսքան
Ու թոյրս վառւած արիւնիս գոյնով:

Այն արիւնը, որ թափւեց ապարդիւն
Ու յետոյ դարձաւ հեղեղ անյատակ-,
Այսօր գտել է ուղղութիւն եւ հուն
Ու բոցկլտում է իբրեւ աշտանակ:

Նա ուղեցոյց է կեանքում այս շւաք,
Որ ճամբաս գտնեմ ուղիղ եւ շիտակ,
Նա սնանում է իմ հոգին դատարկ,
Իբրեւ ակունքից ինձ հասած երակ:

* * *

Տիեզերաչափ արեան հեղումով
Մեր մէջ մնաց մի խոռոչ սեւասուն,
Ոըը չարքերի անքուն մղումով
Դարձաւ ուրւական, մտաւ ամէն տուն:

Տան վրայ դարձաւ անստւեր տանտէր,
Փայտէ սեղանին՝ վշտի մոմի գոյն,
Մոմի լոյսի դէմ՝ սպառնացող դեւ,
Խրախճանքի մէջ՝ կարօտանքի բոյն…

Պայծառ գինու մէջ նա դարձաւ սեւ թոյն,
Ոսկէ սինու մէջ՝ չուգունի երակ.
Սաւառնումի մեջ դարձաւ զուր անկում,
Վերացումի մէջ՝ խռպոտ աղաղակ:

Բիլ երազի մէջ՝ ճիւաղ այլանդակ,
Շէկ աւազի մէջ՝ պոչը թեք կարիճ,
Զբօսանքի մէջ՝ շանթ անժամանակ,
Հեշտ սահանքի մէջ՝ արգելակող ճիչ:

Ու այնուհետեւ հոգին մեր ունայն
Վարժւեց անքանակ, սեւ աղէտների,
Իսկ տխրութիւնը դարձաւ անբաժան
Ու դարձաւ սրտի զարկը վաղեմի:

* * *

… Պատուհանները մեզ դարձան խաչեր,
Ապակիները՝ թափանցիկ պատանք,
Զով անձրեւները՝ գորշութեան ստւեր,
Վերնայարկերը՝ անյատակ յատակ:
Նայեցինք բոլոր երկնաքերերին
Ու գտանք միայն զրկանքի մութ գոյն,
Շէնքից նայեցինք մարդկանց հեւքերին
Ու գտանք միայն խաբկանք ապարդիւն:

Նայեցինք կանանց սեւ-սեւ աչքերին
Ու տեսանք միայն կեղծիքի շպար.
Նայեցինք ստւար, մեծ-մեծ գրքերին,
Կարդացինք միայն տառ եւ ոչ մի Բառ:

Կիսատ կարդալով մնացինք թերուս,
Կարդալով առատ հաւատացինք մեզ,
Մեզ հաւատալով ելանք Օլիմպո՜ւս
Ու ընկանք էժա՛ն պայքարների մէջ:

Արմատից զատւած բոյսի հանգունակ
—Ո՛չ՝ պոչը կտրած գոմէշների պես,—
Իրար երեսի տւեցինք ապտակ,
Որ փրկենք միայն կողոպտւած մի Ես:

Ջանացանք լինել խիստ յառաջատար,
Խիստ աւանդապահ փորձեցինք լինել.
Ոսկէ միջինը դարձաւ միջնարար,
Ոչինչ չստացւեց զոյգ արարից էլ:

Մեզ մնաց միայն մի զոյգ սեւ ակնոց,
Որ կամ մեզ նայեց եւ կամ մենք՝ իրեն.
Երկնաքերերը մեզ դարձան ամրոց,
Սակայն կառուցւած սառցին դիւրաբեկ:

Հէյ, օտարութեան ՙԱբսուրդի թատրերգ՚:

* * *

Բայց քանի կրկին տուն եմ կառուցում
Նորքի բարձունքին
Եւ սեւեռւած եմ վառած օջախիս յաւերժ
կրակին.
Քանի օջախիս դէմ բարձրանում է
Նայիրեան բարդին,
Բարդու կատարն իւր աչքն է պահում վեհ
Արարատին,
Իսկ Արարատը՝ նստած աստղային երկնի
գագաթին՝
Աչքն է վառ պահում իր զաւակների
սփիւռքւած բախտին՝
Ես հաւատում եմ լինելուս կամքին:

Միշտ համբուրել եմ լոյս սպիները Եղեռնից
փրկւած հարազատներիս,
Առաւել եւս համբուրել եմ սեղմ՝ նրանց աճիւնը
հողին յանձնելիս.
— Շիրիմը շիրիմ, ցուրտ է աշխարհի որեւէ վայրում
ամէն գերեզման,
Բայց աւելի ցուրտ՝ հայրենուց հեռու, խորթ
ափերի մէջ վտարանդութեան,
Բայց քանի այսօր զաւակներս վեհ
նրանց յարգանքին պահակ են կանգնած,
Ու մեր երէկւայ սարսուռն անզօր ցասո՛ւմ է այսօր
բռունցքում նրանց՝
Առաւել սիրով, յոյս ու ջերմութեամբ
համբոյր եմ տալիս բռունցքւած ձեռքին
Եւ հաւատում եմ Հայոց գալիքին:

Քանի գնում եմ Մուշ, Տարօն, Վարագ, քանի հասնում եմ՝
Կարս, Կարին, Անի,
Առնում եմ բոյրը քար ու խաչքարի ու համբուրում եմ
կապոյտը Վանի,
Քանի գտնում եմ դեռ հարազատներ, թէկուզ այլախօս,
բայց գլուխ-գլխի
Լաց ենք լինում մենք, Աստծուն աղերսում, որ մեր
չար բախտի անիւը փոխի
Քանի կորցրել եմ շատ բան աշխարհում ու խորտակւել եմ
ովկիանում ոխի,
Բայց Դրօ՛շ ունեմ, որ բարձրանում է
Արազից մինչեւ կատարն Արցախի,
Կոչ եմ արձակում ողջ որդիներիս՝
սփռւած հանդում այս մոլորակի
Լինել աննկուն ու հաւատարիմ՝
Մեծ երազանքին…
Քանի արմէն եմ, այստեղ եմ վառել
ջահը իմ փառքի
4000 տարի մաքառել յանուն լոյսի ու
Կեանքի,
Տեսել եմ Կեսար, տեսել Լուկուլլոս, խոցել եմ
ծոցը ոսոխ բանակի,
Ճանապարհել եմ Խալի‎ֆաթ, մոնղոլ
եւ թքած ունեմ թրքաց լուսնեակին՝
Ի±նչ է ինձ համար սահանքը դարի,
ինչ է ինձ համար ժամանակն
անսանձ,
Ես խաւարի դէմ վառել եմ կրակ
Եւ աւարի դէմ պահել հոգու գանձ.
Ես քար եմ, ժայռ եմ, բառ եմ ու բարդի,
Ես առեղծւած եմ, խորհուրդ եմ վսեմ,
Յաւերժութի՛ւն է անունն իմ աստղի
եւ պիտի հասնե՜մ…

25.12.2004
1.1.2005
Թեհրան, Իրան

ՍԽՐԱՏԵՍԻԼ (2005)
Bold

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ՀԱՅՈՑ ՕՐԱՑՈՅՑԸ - Armenian Calander
June 22, 2010 08:11 AM PDT
itunes pic

Հայոց օրացոյցը

Յունւար ամիս, բուք ու մրրիկ, սակայն… Ծնունդ,
Ահա ոճը մեր առեղծւած ճակատագրի.
Ջարդւած ճիւղեր, երբ քամիներն փչում են թունդ,
Սակայն երբեք չի փշրւում մէջքը Ծառի:

Նա տալիս է կրկին ծիլեր, ծաղկունք նորոգ,
Ուղղում հասակն ընդդէմ ամէն չար քաոսի,
Փրկւում այնտեղ, ուր չի կանգնում այլեւս ոչ ոք,
Ու դրանով միշտ նմանում… Քրիստոսին:

Փետրւարը ունի միայն մէկ նպատակ‎՝
Պատրաստ լինել կեանքի-մահի սահմանին միշտ,
Չմոռաա՛լ, որ պիտ կոչւենք յար՝ ՙՎարդանանք՚,
Որ վառ մնայ հայ հաւատի ջահը վճիտ:

Մարտ ամիսը լինելութեան գաղտնիքն է ճիշտ,-
Կէս-լոյս, կէս-մութ, կէս-հուր, կէս-ցուրտ,
Կէս-կեանք, կէս-մահ.
Պիտի կռւե՛լ ուժերի դէմ խաւար ու բիրտ,
Որ դէպ արեւ տանող ճամբան չմթագնի՝ կէս չմնայ:

Ապրիլը միշտ պիտի յուշի մեզ ծաղիկներ՝
Միլիո՜ն, միլիո՜ն մեռելներին մեր անշիրիմ,
Բայց աւելին՝ պիտի յուշի՝ ապրում ենք դեռ
Ու պիտ թաղենք, դեռ պիտ թաղենք վիշապներին:

Մայիս ամսին հալածւել է Վիշապն էլ սեւ,
Նրա վրայ մասիսւել է Արիւծ-Արքան.
Տարածւել է նրա վրայ Արծիւը սէգ,
Է՛լ բացւել է ստրկութեան մեր ժանտ շղթան:
Էջմիածնի տօնն է շքեղ Յունիս ամսին,
Լուսաւորիչն ամբառնեց երբ Խոր վիրապից.
Էջմիածնով ճառագայթեց մեր նոր հոգին,
Կեանքի դարձանք կորուստների խաւար ափից:

Յուլիս ամսին ե՛ւ Խանասոր, ե՛ւ վեհ Լիսբոն,
Ազատութեան այգեստաններն մեր վարդառատ,
Ուր յոյսերի անշունչ մոմը դարձաւ կերոն,
Շողարձակեց ջահի նման մի վարդավառ:

Օգոստոսը ե՛ւ Նաւասարդ, ե՛ւ Սեւր վսեմ,
Երբ որ Ոյժը դարձաւ բռունցք, ջնջեց դաւեր.
Չի պարտելու ոչ մի դժնի ճիւաղ նսեմ
Այն խօլ Նետին, որ կարող է թեւել դարե՜ր…

Սեպտեմբերին թեւեր առանք կրկին անգամ,
Երբ փողփողաց Դրօշը մեր ազգերի մէջ,
Երբ կանգնեցինք, որ միշտ տանենք, իբրեւ պատգամ,
Ինքնութեան մեր ջահն անխորտակ մինչեւ յաւե՜րժ:

Հոկտեմբերը՝ Մեսրոպ Մաշտոց, տառերի գիւտ,
Թարգմանչաց տօն, վերածնունդ, վառ ոսկեդար.
Խորենացի, Փաւստոս, ‎Ֆրիկ… մեծ Մշակոյթ,
Հազա՜ր հրից փրկւած մատեան մի ոսկետառ:

Առաքելոց՝ վկաների տօն Նոյեմբեր,
Երբ սերտեցինք զոհւել յանուն նպատակի.
Զոհւել, սակայն դառնալ՝ տաճար, ամրոց ու բերդ,
Վար չդնել բոցը Ոգու դրօշակի:

Դեկտեմբերը միշտ կը յուշի՝ աւերւած բոյն,
Չենք մոռանայ երկրաշարժի զոհերին հեզ,
Սակայն պիտի լինենք արի, լինենք տոկուն,
Որ Յունւարին վերածնւենք Յիսուսի՜ պէս…

3.12.2003

ՍԽՐԱՏԵՍԻԼ (2005)
Bold

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ԿԱՄՔԻ ԿԵՐՈՆՆԵՐ - Pillars of Will
June 22, 2010 07:12 AM PDT
itunes pic

Կամքի կերոններ

Արեւելքի, Արեւմուտքի
աշխարհները շաղկապող,
Բազմադարեան իմ աշխարհի
մրրիկներից փրկւած սերմ,
Բողբոջել եմ հիմա կրկին
Վառ, պտղատու իմ ծառին,
Արեւելքին, Արեւմուտքին
Ահա տալիս եմ նոր բերք…

Այդ ո՜ր չարն է օրօրօցում
Գլխիս կախել սեւ նզովք,
Ո՞ր ճիւաղն է ծննդոցիս
Կեանքս կապել հողմերին,
Ո՛ր վհուկն է ոսկորիս մէջ
Պատւաստել մուռ ու մորմոք,
Ո՞ր վիշապն է
անտես նիզակ
Դրել բախտիս կողերին:
Ո՜ր գուշակն է
Երազիս մէջ գրել փետրով ագռաւի,
Ո՞ր հրէշն է
յուշերիս մէջ
ցանել խաշխաշ արնագոյն,
Ո՞ր Մեդուզան
Արցունքիս մէջ ցրել ծովերը ցաւի
Եւ գալիքիս նաւը նետել
խօլ դարերի փոթորկում:
Ո՞ր Գորգոնն է բաժին տւել
ինձ՝ որբացում ու դժոխք,
Ո՞ր մէկ նեռն է ճակտիս գրել՝
յաւերժ զուլում ու զրկանք,
Ո՞ր դուշմանն է մաշկս քերել
իր խանչալով ժանգահոտ,
Անրջատես աչքս փորել
իր կարմրամութ մանգաղով:

* * *

Բիբլիական Մասիս լեռան
Ջրհեղեղից ես փրկւած՝
Աչքս բացի
Առաւօտւայ արդարութեան լոյսի դէմ.
Մի կաթիլ շող
Իմ երազի շէկ վարսերից կաթեց ցած,
Ու ես այդ օր որոշեցի
Լինել սիրոյ, յոյսի վէմ:

Ու աշխարհում որոնեցի
Արարչի դէմքը մաքուր,
Յանուն նրա կառուցեցի
Ոստաններ շէն ու պարտէզ,
Մշակեցի այգեստաններ,
խաղող, ծիրան, խնձոր, նուռ,
Ու երկիրն իմ համայն դարձաւ
Եդեմ, դրախտ, մարգ ու սէգ:

Սակայն նոյն սեւ ճակատագրի
Մտրակների տակ կապւած՝
Հազար անգամ մէջք ուղղեցի,
Հազար անգամ ընկայ ցած.
Հազար անգամ
Քարս դրի քարին՝ իբրեւ ամրոց-վանք,
Հազար անգամ
Հացս այրւեց,
շէնս դարձաւ աւերակ…
Ո՞ր Ահրեմանն ինձ խնայեց,
Չանցաւ Տղմուտս փղով,
Ո՞ր Բիւզանդիոնն ինձ չխաչեց,
Չառաւ Անին իմ՝ փողով.
Ո՞ր խալի‎ֆը զօրք չդրեց
Հայրենիքիս հանդերում,
Ո՞ր մոնղոլը ողբ չբերեց,
Չկիզեց գանգս՝ հրում,
Ո՞ր Թեմուրը
Չապականեց
Մատեաններս սրբասուն,
Ո՞ր թաթարը
Ինձ չխժռեց, իբր գեհենի անասուն…
Ո՞ր մամլիւքը
Չասպատակեց ՙ չքնաղ երկիրս՝ Կիլիկիան՚,
Ո՞ր օսմանը
Ինձ չապտակեց ճիրաններով՝ սեւ եղան,
Ո՞ր սուլթանը
Եւ ո՞ր խանը
Չպղծեցին խորանն իմ
Եւ թողեցին՝ իմ հողի հետ վաստակեմ
հաշտ, մտերիմ:

* * *

Իբր ամպ ու թուխպ՝
Վարագուրած չքնաղ լուսին ոսկեման,
Պատմութեան մութ վարագոյրը
չքեց գահն իմ Լուսինեան,
Եւ այնուհետ ալիքները
Ովկիանոսւած խաւարի
Ցեղիս տւին մշտածաւալ
մղձաւանջի, աւարի…

* * *

Արեւելքի, Արեւմուտքի
աշխարհները շաղկապող,
Բազմադարեան իմ աշխարհի
Մրրիկներից փրկւած սերմ,
Բողբոջել եմ հիմա կրկին
Վառ, պտղատու իմ ծառին,
Արեւելքին, Արեւմուտքին
Ահա տալիս եմ նոր բերք…

Սա՛ է Գաղտնիքն իմ լուսեղէն,
Սա՛ է պատճառը կեանքիս,-
Հալածւելով, տարածւելով
Դառնալ կաղնին այն հրաշք,
Որ մի կողմից զոհ է տալիս՝
Ոստեր, ճիւղեր անքանակ,
Միւս կողմից աւիւն տալիս
բողբոջներին իր կրակ…
Իմ շուրթերը պիտ համբուրեն
Արեւները անհասի՜,
Պտուղ պիտ տամ՝ քաղցր, մեղրալի,
Առաւօտեան ցօղի դէմ,
Ողջ գիշերը պիտի սպասեմ
զինւած լոյսով երազի,
Զի ծնունդիս
Որոշել եմ՝ դառնալ սիրոյ, յոյսի վէմ:

7-8.06.2003

ՍԽՐԱՏԵՍԻԼ (2005)
Bold

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ԱՊՐԻԼԵԱՆ ՀՈՂՄԵՐ - April Storms
June 22, 2010 06:57 AM PDT
itunes pic

Ապրիլեան Հողմեր

Ողջ ահ ու սարսափ,
Որբացած մանուկ, կիսամեռ մի կին
Ո՛հ, խեղճ երեխայ, նա դեռ մօր կրծքից
Կաթ էր պահանջում …
Ա՛խ, աւա՜ղ, խեղճ մայր,
Լաւ էր, որ մեռար,
Քո՛ անուշիկին, քո սիրած բալին,
Որ օրօրեցիր քո գրկի միջին
Ու շատ գիշերներ արթուն մնացիր,
Որ հանգիստ քնի բալիկդ անուշ,
Հիմա չտեսար մութ անապատում,
Ինքդ խո՜ր քնած, բալիկդ արթուն,
Եւ քո օրօրի ձայնի փոխարէն,
Քո քաղցր կաթը խմելու փոխան,
Արիւն է ծծում քո մարմնից հիմա ...
Թող արիւն ծծի այն ազգը յաւէտ,
Որ մօր անուշիկ սուրբ կաթի տեղը,
Թարախ է ծծել իր մանուկ օրւան.
Մեր մէկ Ապրիլը թող որ տաճիկին
Յաւիտեան դառնայ պատմութեան միջին,
Ապրիլեան գիշեր թող նրանց իջնի,
Որոնք դաշոյնով, կացինով անգամ
Մօր արգանդում իսկ խեղճ երեխային
Մորթում, յօշոտում, պատռոտում էին...
Թէ հայ ծնւելը մեզ մեղք էր դառել,
էլ չծնւածը, գէշ անիրաւներ,
Ի՞նչ մեղք էր արել...
Ու թէ դուք մեզի մեռած էք կարծում
Կամ ուրանում էք գոյութիւնը մեր,
Լաւ գիտցէք, նրանք, որ մօր չոր կրծքից
Ապրիլեան գիշեր արիւն են ծծել,
Դեռ չեն մոռացել վրեժը հայի,
Որ թէ աշխարհի այն ծայրը գնաս
Կամ ոչնչանաս, մի փոշի դառնաս
Չես կարող խեղդել ձայնը արիւնի
Դեհ, քիչ էլ սպասիր,
Որ ինքդ տեսնես`
Թէ ինչ էր տւել Ապրիլը մեզի ...
Կը գայ այն օրր` պարտաւոր լինես
Հէնց քո սեւ սրտից դու արիւն խմես:

1969-1970

ԱՐԵՒԻ ՃԱՄԲՈՎ (1972)
The Road of The Sun

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ԴՈՒՔ ԵՒ ՄԵՆՔ - You And Us
June 22, 2010 06:50 AM PDT
itunes pic

Դուք եւ մենք

Դուք`
Կանցնէք մի օր պատմութեան փոշով,
Կը թեթեւացնէք խիղճը մարդկութեան,
Եւ ամօթալի պատմութիւնը ձեր
Միայն կը յիշւի սեւ անէծքներով:

Դուք`
Մահաշունչ հողմ, դաժան ու տմարդ,
Անապատներից եկած վայրենիք,
Մեր երկնասլաց լեռներում հպարտ
Ապաստան գտած մահաբեր չարիք:

Դուք`
Նենգ աշխարհում, մարդկութեան համար,
Ընդունակ միայն շէնը քանդելու,
Դուք սեւ գերեզման, դուք մահի հանճար,
Գազանատիպար ու արիւնարբու:

Դուք`
Ամբողջութեամբ դահիճներ անտիպ,
Օտարի տունը ոտք կոխած մի գող,
Օտարի մանկան սիրտը յօշոտող,
Ոչ մարդու վայել, ա՛յդ Էք լոկ կարող:

Դուք`
Գիշերւայ մութ, իսկ մենք` փայլող աստղ,
Դուք խաւարամիտ, իսկ մենք` վառ ճրագ,
Դուք կացին հատու, իսկ մենք` ծիլ կաղնի,
Դուք սեւ պարտութիւն, իսկ մենք` յաղթանա՜կ:

1969

ԱՐԵՒԻ ՃԱՄԲՈՎ (1972)
The Road of The Sun

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ԺՊԻՏԸ - The Smile
June 22, 2010 06:45 AM PDT
itunes pic

Ժպիտը

Այդ ո՞ր կարիքով այդպէս ժպտացիր.
Արդեօք մի յիմար խօսքի բերումո՞վ,
Թէ երբ զգացիր`
Որ յաղթել ես ինձ...

Դու ինձ յաղթել ես եւ ոչ նրբութեամբ,
Այլ այն թափանցքով, որ դեռ չգիտեմ
Կարո՞ղ եմ նրան անւանել`
Ժպիտ:

Շատ համբերութեամբ ուզեցի տոկալ,
Նրա յանդիման,
Այն արարմունքիդ,
Որ կասկածում եմ նրան անւանել
Շատ սովորական մի բառով...

Գէթ պատասխանիր որպէս յաղթական,
Քո ո՞ր կարիքով այդպէս ժպտացիր.
Արդեօք մի յիմար խօսքի բերումով
Թէ՞ երբ զգացիր
Որ յաղթել ես ինձ
Այն բառով գուցէ, որը միայն չէր`
Մի թեթեւ ժպիտ ...

1971

ԱՐԵՒԻ ՃԱՄԲՈՎ (1972)
The Road of The Sun

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ԲԱՂՁԱՆՔ - Desire
June 22, 2010 06:24 AM PDT
itunes pic

Բաղձանք

Կուզէի իրաւ
Սրտանց ու հոգով,
Որ ամէն գարուն ծնւէի կրկին
Ծիլերի շնչով...

Կուզէի ծնւել
Ամէն կրակւող լուցկու հատիկով,
Ապրէի վառւող ծխախոտի մէջ,
Ինձ ներշնչէին մարդիկ յուսաբեկ,
Կարողանայի գոնէ այդպիսով
Մեղմացնել հոգսը, տագնապր նրանց.-
Ամէն կրակւող լուցկու հատիկով...

Կուզէի ծնւել
Ամպի արգանդից ծնւող ամէն մի ջրի
կաթիլով,
Նրանց հետ, մի կերպ,
Տեղայի համայն աշխարհի վրայ,
Այդպէս օգնէի
Ծ արաւածներին,
Ախտահանէի բոլո՜ր-բոլորին
Ու խեղճ աչքերի վերջին արցունքով
Հոսէի ներքեւ,

Ու էլ չհոսէր ինձանից յետոյ
Էլ ոչ մի կաթիլ…

1970

ԱՐԵՒԻ ՃԱՄԲՈՎ (1972)
The Road of The Sun

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

***ԻՄ ՅՈԳՆԱ՜Ծ, ՅՈԳՆԱ՜Ծ ՍՐՏՈՒՄ... - In My Weary, Weary Heart...
June 22, 2010 06:18 AM PDT
itunes pic

***Իմ յոգնա՜ծ,յոգնա՜ծ սրտում...

Իմ յոգնա՛ծ, յոգնա՛ծ սրտում
Ոչինչ կայ, որ նւիրեմ քեզ,
Եթէ կայ, մի հին, ցամաքող լճակ,
Եթէ կայ, մութ, լոյս, անկայուն վիճակ,
Այնտեղ կայ նաեւ մի փոքր պարտէզ
Ու մի նստարան, հանգստանալու,
Հանգիստ առնելու:
Բայց ո՞վ է նստել այնտեղ լուռ,
Հանգիստ,
Առանց փորելու,
Առանց գրելու, աթոռի վրայ,
Յիշատակը իր, հեռացման պահին ...

ԱՐԵՒԻ ՃԱՄԲՈՎ (1972)
The Road of The Sun

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ԳԻՇԵՐՒԱՅ ԱՉՔԵՐՈՒՄ - In The Eyes of The Night
June 22, 2010 06:12 AM PDT
itunes pic

Գիշերւայ աչքերում

Որքա՛ն
շուտ է մոռացւում
Կեանքը կրակոտ,
կեանքր հարբեցած,
Անցորդի անփոյթ սուլոցը այստեղ,
Դրամի կնոջ տագնապը մթնում
Եւ անուրջները մեր շտապ անցնող,
Այս խենթ ու արբշիռ քաղաքի գրկում,-
Գիշերային աչքերում:

Նրանք հարբում են երբեմն մեզ պէս
Եւ շուտ մոռանում ամէն, ամէ՛ն բան.
Երբ արտասւում են`
Տեղում է անձրեւ,
Ու մա յթին խփւող կաթիլները խենթ
Ասես`
պահեր են լճացող յուշի ...

Եւ հեղեղում են ժամերը անքուն
Մի համատարած, անձայն խնջոյքում,–
Գ՚իշերւայ սեւ աչքերում...

Երբ լուսածագին
Խաւարն է թաղւում արփու անդնդում,
Անցեալ գիշերւայ աչքերն են բանտւում,
Փողոցի կնոջ խաւար կոպերով:

1971, աշուն

ԱՐԵՒԻ ՃԱՄԲՈՎ (1972)
The Road of The Sun

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ (ՔՈ ԿԱՐՕՏԻՑ…) - My World Armenia (From Your Longing...)
June 22, 2010 06:01 AM PDT
itunes pic

Հայաստան Աշխարհ (Քn Կարօտից)

(Հեղինակի առաջին բանաստեղծութիւնը)

Ես քօ կարօտից մի քար եմ դառել, քարերիդ
նման
Ու քար դառնալով Մասիս եմ դառել,
Մասիսիդ նման,

Ես քո կարօտից արցունք եմ դառել ու անվերջ
հոսել,
Արազ եմ դառել, Սեւան եմ դառել, մի ծով
եմ եղել:

Ես քո կարօտից ոչնչացել եմ, մարել եմ, սառել,
Բայց եւ քո յոյսով նորից ապրել եմ ու կրկին
մարել:

Հայաստա՜ն աշխարհ, ես քո ցաւիցը մի ցաւ
եմ դառել,
Բիւրաւո՜ր անգամ մարել եմ, սառել ու նորից
ապրե՛լ:

1968, փետրւար

ԱՐԵՒԻ ՃԱՄԲՈՎ (1972)
The Road of The Sun

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ԱԿՆ ԸՆԴ ԱԿԱՆ - An Eye For An Eye
June 22, 2010 05:40 AM PDT
itunes pic

Ակն ընդ ական

Որպէս ասպետ ես կանգնած
Ընդդէմ դղեակիս մեծանիստ եւ հեռանիստ
ափին մուժի,
Իմ աչքը համբուրում էր մամուռն ու մառախուղը
Մօտի եւ հեռւի,
Իմ միակ թշնամին արեգակն էր
հրկիզածաւալ, անահ,
Փառապանծ նիստով արքայազարմ
Կամարին երկնի:

Կայի ես եւ արեգակ կար հրկիզածաւալ
Եւ ոչինչ կար, այլեւս, ոչի՜նչ մեզանից բացի:

Յետոյ եղաւ մի
առաւօտ.
Անտառի նայադը՝ հեծեալ
Նժոյգին արեւեան
Յայտնւեց որպէս հեքիաթ ներկայ
Եւ առասպել հեռակայ,
Յայտնւեց որպէս արեգակ
Այս շեղբից լեռան,
Ուր արեւն էր ելնում լոյսի ծագման:

Ես որպէս արքայ եւ իշխողը ինքնակամ՝ լեռան,
Այնուհետ սկսեցի նայել առաւօտեան՝ արեւի փոխան՝
Նրան:
Նա՝ ստինքը անպտուկ, գոյն ձեան,
Հերքը եօթ հազար ծիածան ալեծածան,
Յօնքը ամպ-ու-լուսնկայ,
Անդալուզեան արեգակ՝ ակը,
Ու տիտան նժոյգը՝
Տեսիլ աւանդական:

Այնուհետ մի խաւար գիշեր
Ես հեծայ յարդագողի ճամբում նժոյգ ու անցայ
Եօթ ծիր - կաթին իրական եւ մոլար,
Եօթ կախարդական աշխարհ,
Յետոյ բռնած արեգակի բաշը միականի,
Որպէս միայնակ ներկան նայադի մերկութեան,
Կուրացրի ակը նրա...

Կոպ զարկեց հազար անգամ կոպի վրայ
Արեւը արիւնլւայ,
Եղաւ հազար առաւօտ ու գիշեր աշխարհի վրայ...
Զարկւեցին երկնում եւ հողերի մէջ
Հազար կոպային ծնծղայ:

Իմ աչքը չհամբուրեց մամուռը ու մառախուղը
Մօտի եւ հեռւի,
Իմ միակ թշնամին՝ արեգակը
հրկիզածաւալ, անահ
Մարել էր գիշերային ժամերգութեան մէջ,
իմ կրծքի ժամերում
անշէջ,
Իբրեւ մի սուսերահար, պողովատեայ վահան,
Եւ իջել էր մութ ու խաւա՜ր մի դաժան:

Դղեկս լացում էր անձրեւով ու աշունով,
Ո՞վ էր զարկում մի պատռւած խոնաւ դափ,
տերեւաթափ
ծառի ճիւղով...
Ո՞վ:

Չէի նիրհում ու երազում էի գինով,
Մայրս լացում էր որպէս տիրուհի վրդով,
Մի աչքաչափ արիւն կար ափիս մէջ
Հայելու փայլով:

Երբ
Յայտնւեց անտառի նայադը
Լեռան շեղբի լոյսով՝
Ծիծաղեց մարգարիտ գանձը երկնի՝
Անձրեւը եկող կոյսով,-
Նա՝ ստինքը պտուկով՝ գոյնը արեան,
Հերքը եօթ հազար ծիածան ալեծածան,
Յօնքը ամպի շեղբ, լուսնային արծաթ,
Նժոյգը ճերմակ հեծան
Գոյնը կաթ...

Ափիս արեան հայելում քրքջաց
Նայադը լուսատուր,
Ժպտաց հայելին,
Եւ նա
Անցաւ կերոնազարդ մահիճս քող ու ճաճանչ,
Որպէս ճշմարտութեան միակ ճանաչ,
Ծիծաղեց ու ժպտաց երազականչ շրթով:

Իմ աչքը լուսածագին համբուրեց մամուռը
Ու մառախուղը
Մօտի եւ հեռւի,
Իմ միակ թշնամին արեգակն էր կրկին,
Իմ ակը,
Որ տարել էր
Աղջիկը ծիածան
Իր շէկ շեղբով, արնաշող շանթով դաշոյնի:

Արեգակը հիմա անգահավէժ
Եւ որպէս արդար եւ անդադար վրէժ
Շողշողում ու շլացնում է միակ
Ակիս դէմ
Միւս ակիս
Շողով:

……………………………………………

Այնուհետ չտեսայ
Նայադին ծիածան,
Պտուկը՝ ժպիտ արեան,
Յօնքը արծաթ,
Նժոյգը կաթ
Ու մնացինք, մնացինք կրկին ես եւ արեւը,
արեգակը դաւաճան,
Ակն ընդ ական:

1978

ԱՐԵՒԱՔԱՐ (1978)
Opal

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԳԱՄ - Second Advise
June 22, 2010 05:33 AM PDT
itunes pic

Երկրորդ պատգամ

Երբ իջնեմ դամբան
Ու սկսէ փտել մարմինն այս հողէ,
Ինձ որոնեցէք ձեր յոյսով լեցուն հայեացքների մէջ,
Գինու լեփլեցուն ու թէժ գաւաթում,
Արշալոյսներում հազարաերանգ
Եւ բողբոջ տւած ծառերին բոլոր...

Երբ իջնեմ դամբան,
Ինձ որոնեցէք արցունքի բիւրեղ կաթիլում,
Որը սահում է մարմանդ ցնծութեան պահին
Եւ ոչ տխրութեան...

Ինձ որոնեցէք
Այն հեքիաթի մէջ, որը պատմում են
Երեխաներին:

Ինձ որոնեցէք,
Երբ պարտութիւնից յետոյ ժպտում էք,
Ժպտում էք կեանքին:

Երբ իջնեմ դամբան...

1976,Խոռամշահր-Աբադան

ԱՐԵՒԱՔԱՐ (1978)
Opal

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ԱՌԱՋԻՆ ՊԱՏԳԱՄ - First Advise
June 22, 2010 05:28 AM PDT
itunes pic

Առաջին պատգամ

Դուք մի փորձէք հատնել
Այս հոյակապ ծառի ճիւղերը ծանրաբեռն.
Նրանք խորին խրւած են
Տիեզերքի ամենաջինջ պահերում:

Մի պղտորէք այս աղբիւրի
Ակը անապական,
Մի փշրէք նրա հայելին
Ու թողէք, որ նա քնի իր խաղաղութեան մէջ...

Մի հանգցրէք այս կրակը,
Նա կարող է մոմեր վառել
Եւ բռնկւելիս իր հետ տանել
Ախտեր ու նեխանք:

Այս ծառը ձեզ միրգ կը տայ,-
Թէ քիչ էլ սպասէք,-
Կը տայ ստւեր, - հանգիստ առնելու համար, -
Եւ կը ցուցադրի իր պատկերը մաքուր
Ու խաղաղութիւն կը բերի ձեր անսովոր
աչքերին:

Այս աղբիւրը կը յագեցնի ձեր ծարաւը
Խորին,
- Մի գուցէ տեղեակ չէք նրա գոյութեան մասին,
Կը ցուցադրի ձեր դէմքը իրական,
Եթէ մի պահ նայէք նրա մէջ...
Իսկ թէ չկարողանաք զսպել
Մոլուցքը ձեր անմարդկային,
Եթէ չկարողանաք չկոտրել ծառը
Եւ չփշրել հայելին...

Մի մարէք կրակը...:

1976, Աբադան

ԱՐԵՒԱՔԱՐ (1978)
Opal

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ԱՐԵՒԱՏՈՒՆ - House of The Sun
June 22, 2010 05:19 AM PDT
itunes pic

Արեւատուն

1. Երբ Բեթհովէն եմ լսում
Եւ դու նստում ես իմ դէմ,
Ասես միրգը ամանում
Արեւանում,
Քաղցրանում,
Սուրճի բաժակը՝ տաճար,
Աչերդ խորք են դառնում,
Արեգակն է մաճառւում...

Կրծքիդ կոճակը բաց է,
Ոտներդ երկու ձիգ կարապ.
Քթարմատս է որոնում
Չսիրւած մի խոր կնճիռ,
Որ եւ տալիս է վճիռ.

- Քեզ այսպիսով ունենալն
Հաւասար է պատիժի,
Նման ինձ ու ջրվէժին,
Որին սուզւել եմ ուզում,
Բայց եւ գարնան սէզի պէս
Նստած մնում եմ գուղձում:

Կրծքիդ փանդիռը նրբին
Ջրվէժներ է մատուցում,
Բեթհովէնն է խենթացնում,
Բացում պահը Յաւէտի.
Ես քեզ սիրել եմ ուզում
Ոնց փայտը կեանք՝ հնոցում,
Հանց՝ պատրոյգը գզրոցում,
Եւ լոյս՝ կուրծքը քո ծոցում...

Եւ մնում եմ այսպէս լերկ
Մեղմ ու դեղին իմ բոցում,
Երբ նստում ես դու իմ դէմ
Եւ Բեթհովէն եմ լսում:

2. Արեգակը լալիս է,
Աչքից արիւն է կաթում,
Արցունքներն այդ հոգուս պէս,
Վարդ են դառնում ձեր բակում:

Հեռու, հեռու, աչագեղ
Վարդերդ ինձանից են հարցնում. –
Վերադարձել ես այնտեղ,
Ես՝ մոմ ու ցուրտ հնոցում:

Իմ կրծքում բորբ մի տաճար
Սկսեց կանգնել հանց տեսիլք,
Որ պսակէ մեզ իրար,
Ներկայ է Սուրբ ինչ-որ Գիրք...

Տաճարը սուզւեց յետոյ
Մի հեռացող կապոյտում,
Դու գիտես՝ քո վարդերը
Լոկ ինձ համար են փթթում:

Աչքդ իմ աչքն է թակում:

3. Արեգակ,
Սիրիր վարդերը նրա,
Որ հաշտ ու դաշն են Երկնաւորի հետ,
Սիրիր անձրեւը, որ ծածկում է քեզ,
Բայց եւ սրտակցում վիրաւորի հետ:

Համբուրիր մութը,
որ հաշտ հեռանայ.
Թափանցիր ծուխը,
որ թոյր ստանայ,
Հալեցրու ոխը այս հազարամեայ,
Եւ թող գալիքը գայ ու ընթանայ...

Թող եւ տաք արեան
Իջնի սառցաձիւն,
Ինքդ, ի՛նքդ տար
Մեզ Արեւատուն:

1978, օգոստոս

ԱՐԵՒԱՔԱՐ (1978)
Opal

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ
June 22, 2010 05:14 AM PDT
itunes pic

Տաղ անձնական

Ես խաւարածին տաղեր չեմ գրել
Ես չեմ էլ գրի,
Դրա փոխարէն նայում եմ ծառին,
Ու թէպէտ հատւել,
Բայց եւ ծաղկում է եւ ամէն տարի:

Գիշերն թախծոտ է,
Բայց նա չի կարող ինձ էլ տրտմացնել,
Քանզի ես գիտեմ, որ նրանցից ետք
Մի առաւօտ է…

- Գինին բարի է...
Սակայն նրանով չէ, որ հարբում եմ,
Այլ այն տաղերով,
Որ արեգակի շողերն են երգում,
Երբ խաղողն արդէն լցւում - հասնում է:

Գերադասում եմ
Մնալ առանց քուն, սակայն երազով,
Ունենալ մի կում խմելու պարզ ջուր,
Քանի աղի մի ծով...

Գերադասում եմ
լինել փոքր մի աստղ
Եւ ոչ արեգակ ամեհի, հզօր,
Որ գիշերները,- երբ արեւ չկայ,-
Մի անքուն մարդու պահեմ երազով...

Ուզում եմ դառնալ կենսալի մի ծով…:

1977-78

ԱՐԵՒԱՔԱՐ (1978)
Opal

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ԴԱՇՆԱՄՈՒՐ - Piano
June 22, 2010 05:04 AM PDT
itunes pic

Դաշնամուր

Ռ.-ին

Մեր տխրութիւնը ժայռ է այս գիշեր,
Բազկատարած ժայռ՝ պայթելու չափ գէր,
Մեր տխրութիւնը մունջ է ու չբեր,
Ո՞վ է ժպտալու գալիքի համար:

Մեր տխրութիւնը ցուլ է այս գիշեր,
Արիւնոտած ցուլ՝ ուսին սուր սուսեր,
Մեր տխրութիւնը թարախում է դեռ,
Ո՞վ գինի կը տայ տխրութեան յարմար:

Մեր տխրութիւնը սուրբ է այս գիշեր,
Մի Աստւածամայր հայող դէպ եթեր,
Մեր տխրութիւնը՝ արեան տաք շիթեր,-
Ե՞րբ է այu ցուրտը առնելու դադար...

Մեր տխրութիւնը կոյս է այս գիշեր,
Մի Հռիփսիմեաց տաճար է նա լերկ.
Անբառ ճառընտիր, երգչախումբ աներգ,
Մեր տխրութիւնը ամբիոն է անճառ:

Մեր տխրութիւնը թո՜յն է այս գիշեր,
Դափ զարկող մի կոյր, մուրացիկ եւ ծեր,
Աւետարանում խաչւած մի թիթեռ,
Կօգնի՞ մեզ արդեօք այս մոմը դեռ վառ:

Մեր տխրութիւնը արտ է այս գիշեր,
Ուր լուսնի դոյլից թափւած են շողեր,
Մեր արտի փոքրիկ խրտւիլակը դեւ
Երազում է մի Յունիս արեւառ...

Մեր տխրութիւն հարթ է այս գիշեր,
Նա տրորւել է, խեղդւել տարիներ –
Ո՞վ է իմանում որտեղ կան շողեր,
Որ սրինգ դառնան, անձրեւ միալար...

Մեր տխրութիւնը Լոյս է այս գիշեր,
Ոնց որ վանքն այս աւերա՜կ,- ալե՜ր,
Մեր տխրութիւնը դաշնամուր է սեւ,
Որ կը նւագի տխրութեան համար:

1978, փետրւար

ԱՐԵՒԱՔԱՐ (1978)
Opal

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ԱՆՀԱՍՑէ ՆԱՄԱԿ - A Letter Without An Address
June 22, 2010 04:44 AM PDT
itunes pic

Անհասցէ նամակ

-Գնա՛, գնա՛, գնա՛:

Եթէ պիտի չսիրես
Իմ խենթ ու անապական հոգին,
Եթէ պիտի չհասկանաս այս սրտի
Բաբախումները
Ծանրաքաշ,
Եթէ պիտի նիրհես,
Երբ արթուն եմ գիշերւայ կէսին՝
Գնա:

Լճերը դեռ ծփում են խաղաղ,
Եղեամապատ ապակիները
Շշնջում են ձիւնոտ հեքիաթներ,
Մէկը դեռ երազում է մահճում...
Իսկ այստեղ
Լեռները ճաքճքւում են
Մօտակայ հրաբխի տենդով խելագար,
Վարդերը փթթում են կարմիր մարմաջով
Ու կոպերը փակւում են
Խոշոր արցունքներ չթափելու համար...

- Սիրում եմ քեզ:

………………………………………………

Ուզում եմ խաղաղւել
Ծփացող լճերի նման,
Տուր ինձ
Խաղաղութիւն:
Ուզում եմ համրանալ
Ծառուղիների պէս,
Իմ միջով միայն անցնես դու:
Ուզում եմ չիմանաս
Այն, ինչ հարկ է լինելու...

Ծանրաքայլ ժամանակը
Թող քայլէ իր ճշգրիտ յանգով,
Մի շտապիր դու, եւ թող ես ապրեմ
Օրերի մարմաջը անխուսափ:
- Սիրում եմ քեզ…

Սիրում եմ քեզ այն մոլուցքով,
Որով բողբոջն է ճեղքում
Հարիւրամեայ թթենու կեղեւը ու ծլում,
Այն հաւատքով,
Որով թրակիր ձեռքը
Հարւածում է նենգածածկ վահանին,
Այն համբերատարութեամբ,
Որ Արարատը ունի,
Այն մերկութեամբ, որ իմը չէր,
Իմը դարձաւ, երբ տեսայ քեզ աշխարհում:

Մի մեղմ մեղեդի
Տենչում է այն, ինչ
Հիմա տեսնում եմ ես.-
Դաշտեր:
Արեւոտ կանաչով լեցուն,
Խաղողով պսպղուն,
Գաղջ հողերով բաժան-բաժանոտւած,
Ոչխարի դանդա՜ղ հօտերով,
Հեռու, անսահման դաշտեր...

Շները հաչում են
կէս գիշերի մօտ,
Ու մի թանձր, խորհրդաւոր կապոյտ
Նիրհել է մերթ - մերթ վառւող
Շրջապատի գոյութեան վրայ իրական:
Մի սահմանւած եղելութիւն յուշում է,
Ու հեռու է քո մերկութիւնը հիմա,
Որ չպիտի քեզ ունենամ այս գիշեր...

-Գնա, գնա, գնա…:

1976, Խոռամշահր

ԱՐԵՒԱՔԱՐ (1978)
Opal

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ՃԱՆԱՊԱՐՀ (ԴԱՎՐԷԺ) - The Road
June 21, 2010 10:52 PM PDT
itunes pic

ճանապարհ

Ա

Երբ
Ճեղքւած արեգակի ժանգը,
- Որպէս ձեր փողոցում իջած ուրւական –
Եկաւ, նստեց կոկորդիս մաշկին,
Այն Մագաղաթի նման,
Որ սեղմւել է կրծ֊քիս,
Ազգիս
Յօշոտող ճիրաններից
Դէպ բիլ նռերի այգին տանելու, ճամբին,
Եւ այդ ժանգը նշանակում էր`
Տքնանքի վահը ու վաստակ,
Ներքին հուր փոխադրելու գործում –
Դու կանգնեցիր իմ դէմ
լո՜յս ակացիայի
Եւ տարիքիդ - բիլ տարիքիդ –
Քսանի, քսաներեքի հմայքով
Ասացիր. –
Կը գաս...

Բ

Մենք
Ճամբայ ելանք՝
Արեգակի հետքերով փոշեպատ
Արեւմտեան կողմը,
Ուր Սրբազան Լեռան
Բեռան ներքոյ էր անցնում
Մեր ճամբան:
Մենք, - ես ու ուղեկիցներս,-
Չէ՝ ես,
Չէ՝ մենք՝
ես ու դու
Եւ նրանք –
մատուռները,

Որպէս ճամբին
Հազարամեակներ կանգնած
կրակէ պահապանք
Անցանք նարնջագոյն ուղիներով
Երգի ու մտածմունքի,
Քողեր հագցրած մեր Անցեալին,
Երազի բազուկներով ...
Ես ամէն վայրկեան համբուրեցի
Երկնքի թաց շրթերը,
Որպէս ծարաւի նոխազ,
Որ տարւում է ուխտատեղի՝
բախտի պատրանքը
յաւերժացնելու:

Գ

Երկրագործ, ռենճպէր
Ազգս
Դեսպաններ ունէր մեր ճամբին՝
մրգեր,
Երկաթագործ, արհեստաւոր եղբայրներս
Պատգամներ գրեցին իմ ճակտին
Քրտինքի բառերով …
Թռչուններ ճախրեցին
աչքիդ երկնքում՝
Ի նշան խաղաղութեան.

Ճանապարհ, վանք ու փոքր քաղաք ...
Եւ ես մի
անմահութիւն
հագցրած
բիբերիդ մէջ
Անցայ տարօրինակ թեւերով
- Խեղդելու պատրաստ իրենք իրենց -
Իմ գրգիռը, մարմաջը զսպելու`
հաւատարիմ:

Ես անուններ չունէի քեզ հագցնելու.
Դրանք հաւաքիր ճամբեզրի ծառերի մանանայից,
ջրերի խորութիւնից,
քարերի կարծրութիւնից
եւ Մարդուց,
որ լացե՜լ է այս մատուռի
մոմերի դիմաց ...

Դ

Ես
Երգեր չէի որոնում
Արտաբերելու շշուկով,
Քանզի դու թարթիչներով
Երգեր էիր ասեղնագործել բարձիդ,
Այդ շնչող երթուղու յաւերժութեան
համոզումով ...

Ես յուլունքներ դիզեցի
Հանածս գլխարկում,
Որոնց վրայ գրւած էր՝
Միամտութիւն:

Ու Բնութեան Կինը
Լացել էր արնաներկ այտերով,
Որ մի օր գնամ
այդ ճամբով ...
- Դու քնա՜ծ էիր ...

Ե

Դու
Արթուն էիր
Եւ ճամբան բարակում էր
Մահւան տարիների ընթացքի պէս:

Քո շունը
Հաչեց լուսնի վրայ ագահաբար
Եւ մի տեղ
Մի բանաստեղծութիւն գրւեց
լուսնի հմայքը արձանագրող:
Դու
հայելու դէմ
շօշափեցիր
ծծերդ հոլանի,
Հայելին փշրւեց գիշերի զովի մէջ
Եւ մի քղամիդ բոցակիզւեց
Ձեր շեմին,
գիշերւայ կարմիրում:

Զ

… Դրօշակներ ճօճւեցին
Զանգերի համանւագում,
Ես ծծեցի Երազի շրթերը ագահօրէն, –
Դու հագնւեցիր:

Է

Դու երէկ գիշեր երազ ես տեսել մենաստաններում փակւած աչերի, ուր ես չկայի, կիզւած էի ես անմխիթար մի վանքի նման, որ զանգեր չունի։ Դու երազ տեսար՝ մի կոյս աղաւնի ամենավերջին սաղարթների մէջ կտցեց լիութեան հացն ու գինին եւ մերկացումդ նմանւեց պարտւած մահացեալների վերջին շապիկին, որը հանում են, տափս աշխարհին հագցնելու համար մի բուռ լուսաւոր արիւնի հագուստ աշխարհի՜ համար ու մենակների։ Ես քնած էի։ Երազում էի քո մարմնի մասին, որպէս մի ծառի, ամենամենակ ճիւղից վայր ընկած մի շիթ արեւի...
Եւ քո երազում առաջին անգամ մի մայր հարսնացաւ, մի կոյր հայրացաւ (խնձորներ էին տղերքը նրա), մայրդ հիացաւ քո լոյս լռութեամբ, իսկ մի փոքր քար նետեցիր ջուրը՝ քո ամենամեծ որոշման նման։
Կուրծքդ քորեցիր շապիկիդ վրայից։ Աղերսեց մի բու. - Մի լինիր այդքան, այդքան ահարկու իմ աւազներին իշխելու համար ունայն ափերով...
Ամենահեռու աչքերը մնան։ Իմ աչքը հանիր...

Ը

Իմ վերադարձին
Դու ինձ հետ չէիր,
Քեզ թողել էի
Սուրբ Մ արիամի
Պատկերում վանքի:
Մեր սէրը,
Որպէս արեւելեան արեւի հիւթ,
Թողել էի, որ գալ տարի
Ողջ ողկոյզները ուռճանան
մեր Արեւ – նւագով,
Դու ինձ հետ չէիր,
Հորիզոնի հետ լուրթ ու լուսաքող
Մայրամուտ էիր իմ ճամբի կողին:

Դու ինձ հետ չէիր –
Այլ իմ շնչի հետ
Դեգերում էիր կրծքիս բաց – փակում,
Տրոփում էիր նրբաններիս մէջ`
Մուգ արեան նման –
Դու ինձ հետ էիր
Բերդաթաղի մէջ ...

Թ

Իմ աչքը փափուկ թիթեռնիկի պէս,
Մօտիկ ու հեռու ծմակում,
խորին թաւուտ ու մթի
Քողեր ագուցեց
հարսնութեանդ համար,
այնտեղ`
մշուշի՜ց …

Չհաւատացի ճակատիս Խաչին,
Որի վրայ միշտ
Կը մնայ գամւած մի թիթեռ, որը
Քողեր բոժոժեց`
աւել իր ուժից:

Մատուռները
Ծուռ փրփրած բերաններով
Ծիծաղ վառեցին
մերկութեան վրայ ...

Օդը սարսռաց դահանակի պէս,
Ձիւնը պար եկաւ
կրծքիս քուրային ...

Ժամերգեցին իմ տխրութեան համար
Եւ խորհուրդների:

Վերադարձիս,
Սուրս պատռեց
Շղարշը հոգուդ հնութեան,
Եւ դու մնացիր՝ Պառա՜ւ մի Աղջիկ …
Ճանապարհ չկայ:

1978, աշուն
1980, ամառ

ՍՈՒՐ ԵՒ ՍՏՒԵՐ (1982)
Sword And Shadow

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ԼՈՒՍԱՄՈՒՏԴ ԲԱՑ - Open Your Window
June 21, 2010 10:42 PM PDT
itunes pic

Լուսամուտդ բաց

Լուսամուտդ բաց
Աշխարհի դիմաց,
Եւ թող աշնաներկ քամին ներծծւի
Ծոցերիդ մէջ վառ,
Որ կարողանաս
Ապրել ամէն մի ծառից վայր ընկնող
Տերեւի մարող երազը քո մէջ,
Եւ աչքիդ հայելում
Թող արտացոլւի
Երկնքի հեռու, ամենահեռո՜ւ
մշուշից մի փայլ…
Լուսամուտդ բաց
Գարունի դիմաց,
Որպէսզի մարգում կաթնագոյն մայող
Հորթուկի մեղմը ամբարւի քո մէջ.
Ճերմակ, ծերացած լեռը քեզ ցոյց տայ
Բաշն իր պարմանի,- Ձնհալից յետոյ,-
Մի սայլ անց կենայ կածանով թօնի
Եւ դու մոռանաս մինչեւ իսկ լսել
Ձայնասփիւռից՝ չոր
Խօսքը տարափող –
Քաղաքում փլած մի շէնքի մասին:

Լուսամուտդ բաց
Երկնքի դիմաց,
Որպէսզի մի ամպ պոկւի միւսից,
Եւ դու նկատես թախիծը նրա՝
Տիեզերքի մեծ Առանցքի վրայ:

Լուսամուտդ բաց
Ամառի դիմաց.
Նայիր ուռճացող մրգին վառերանգ
Ու մի մտածիր, թէ նոյն մրգի մայր
Ծառը կը դառնայ բուխարիկում ցախ
Եւ կամ՝ քո որմին, քո իսկ սենեակի
Արդէն դառել է չշնչող գերան:

Նայիր մրգերին, գուցէ չյիշես,
Որ նոյն մեղմ ծառը դառած կախաղան –
Կախում է ամէն այգին մի գերու,
Դատապարտելի՝ մի սեւ մարդասպան:

Լուսամուտդ բաց
Հովերի դիմաց:

Իսկ երբ ձմեռի՝ նստիր աթոռին,-
Այս գիրքը կարդա
Ու յիշիր, յիշիր, որ մի օր, մի օր
Ձիւնը պիտ անցնի քո փակ տանիքից,
Նստի քո հերքին
- Որպէս մերկ դրոշմ անցած տարիքի,-
Իսկ ես՝ աստւածս այս գարուն գրքի –
Չեմ լինի եւ քեզ
Պիտ հետաքրքրի, թէ հիմա եթէ
Լինէիր ուրիշ, ուրի՜շ լինէիր –
նոյն արտաքինով –
Ինչե՜ր պիտի գար այս գրքի միջին,
Քո աչքի դիմաց...

Աչքերդ փակիր,
Դէ, շրթերդ բաց …

1978.11.5

ՍՈՒՐ ԵՒ ՍՏՒԵՐ (1982)
Sword And Shadow

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ՀՐԱԺԵՇՏ
June 21, 2010 10:36 PM PDT
itunes pic

Հրաժեշտ

Ռ.– ին

Տես՝ սպիտակում են մազերս քիչ-քիչ,
Ու դող է ընկնում մերթ ձեռքիս յամառ,
Կար մի ժամանակ՝ երազում էի
Քո ամէն քայլի, ժպիտի համար:

Կար մի ժամանակ՝ երազում էի
Գարունը դառնայ աշնամօտ ամառ,
Որ կածանը այս կարմրի՜, դեղնի,
Միրգը այս ճիւղի դառնայ բորբ ու վառ:

Կար մի ժամանակ, երբ թեւերը քո
Բերում էին ինձ յաւիտենութիւն,
Կրծքիդ քիչ ճեղքը՝ երկու մեղմ ծնունդ,
Քո շրթերից ես կը խմէի թոյն...

Աչերիդ ծովի նաւահանգստում
Այրւած կայմերս հառաչո՜ւմ էին.
Քեզ տուն բերելուց ու դարձից յետոյ՝
Իմ գրածները ճաճանչում էին:

Ճանաչում էին այս մարդիկ իրար,
Ու լաւ էր կեանքը զով Սէն – Միշէլի՜
Ողջ մարդիկ երգում, ծիծաղում ազատ,
Մենք էլ լռութեամբ՝ տւայտում էլի ...

Տարինե՜ր անցան աշնան տերեւի
Տառապած թւով, իջած ձիւների-.
Յանկարծ ես գտայ ինձ կայարանում
Կատարելութեան, բայց տանջւած, գերի:

Ու վաղը պիտի թողնեմ քեզ ու ինձ
Քեզ՝ քիչ տառապած եւ ինձ՝ առանց ճիչ,
Այս վերջի՜ն, վերջի՜ն, վերջին վայրկեանին
Տես՝ սպիտակե՜լ են մազերդ մի քիչ:

1979.9.23, Փարիզ, Յունաստան

ՍՈՒՐ ԵՒ ՍՏՒԵՐ (1982)
Sword And Shadow

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ՔԱՖԷ - Cafe
June 21, 2010 10:28 PM PDT
itunes pic

Քաֆէ

Տիկնիկը Տիկի՛ն դարձաւ այն գիշեր,
Երբ դու ասացիր՝ էլ քեզ չյիշեմ...

1.
Սէն-Դընում կանգնում են Տիկնիկներ,
Շպարւած աչերով կիսաբաց,
Կանչում եմ՝ Ալպինէ, Ալպինէ՜…
Սուլում են շրթներով կիսաթաց:

Ճօճում են սրունքներ օդի մէջ,
Մտնում եմ մի կոկիկ սրճարան.
Որտե՞ղ ես դու գտել, բանաստեղծ,
Քո հոգու եւ սիրոյ հանգրւան ...

Արդեօք ո՞վ, արդեօք ո՞վ քեզ բերեց
Գունագեղ կրքերի այս աշխարհն,
Միթէ դու չէի՞ր, որ երԷկ
Կերտեցիր հրաշքի մի տաճար ...

Մ իթէ չէ՞ր սէրը քո մի աղջիկ,
Ձիւնի պէս, ձիւնաթո՜յր այտերով,
Հիմա տես քանի մերկ, վառ շրջիկ
Տանում են քեզ այս ձիգ մայթերով…

Կանչում են կրծքերով կիսաբաց,
Ճօճում են ոտները անպարկեշտ,
Ժպտում են շրթներով կիսաթաց,
Սէր ծախում, հայհոյում իրար մէջ:

2.
Մտել եմ փոքրիկ մի քաֆէ,
Յիշում եմ խօսքերը մերժումիդ
Je vous prie, mademoiselle, deux cafes*)
Երկու սուրճ ու անմիտ մի ժպիտ:

Երկու սուրճ,- միայնա՜կ բանաստեղծ,-
Ծխախոտ, օրաթերթ ու կատակ,
Մարդիկ են, մարդիկ կան ամէն տեղ,
Գրաւած բարձրութիւն եւ յատակ …

Եւ դրսում՝ ճրագներ գունավառ,
Ներսում նոյն ժպիտներն անթերի,
- Կը ցանկա՞ք, ով պարոն, ինձ հետ գալ ...
Հրաշքի դրամներ իմ բարի ...

Հեռաւոր ճամբաներ իմ անկեղծ,
- Վարդաթոյր – շիկահեր - պատանի,-
Երազիդ տաճարում մենակ ես,
Եկ մի օր քեզ տանեմ ՍԷն-Դընի:

Սեղանին քո փոքրիկ մատանին
Մնում է անխռով, սրճիդ հետ.
Սենան էլ չի հոսում այս գիշեր,
Գնում եմ: Ներկում են մի գմբեթ:

Մի շէկ կին սիրելու արժանի.
Չեմ յիշում խօսքերդ մերժումի ...

3.
Գնում եմ կամրջից դէպ գիշեր,
Բաժակի նարնջի հիւթը շէկ
Օրերիս լոյսն էր անապակ,
Որ կրկին վերցրեցի ես անբեկ:

Սէն-Դընում կանգնած են տիկիններ
(Ուզում եմ՝ վերադարձ, վերադա՜րձ),
Սուտ սիրոյ լուսաւո՜ր Տիկնիկներ՝
Մի՜շտ սպասող աչքերով կիսաթաց ...

1980, ամառ

*) Խնդրում եմ, օրիորդ, երկու սուրճ:

ՍՈՒՐ ԵՒ ՍՏՒԵՐ (1982)
Sword And Shadow

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ԱԼՊԻԱԿԱՆ ՄԱՆՈՒՇԱԿ - Alpinian Cyclamen
June 21, 2010 10:18 PM PDT
itunes pic

Ալպիական մանուշակ

Իմ վատ իմ, մեղաւո՜ր իմ,
Քեզ սիրում եմ հիմա
Հէնց այս մեղքիդ համար,
Որ սուտ ասացիր`
Ուրիշի ես սիրում...

Նա կը սիրի քեզ միայն
Եթէ Ես լինի
Միթէ՞ գիրքը երբեմն մոմի հոտ չունի:

Գիրքը մոմի բոյր ունի,
Մոմի տակ է երկնւել գիրքը հազար տարի.
Ամէն մարդու մէջ ես էլ կամ, գիտես,
Իսկ քո ասած մէկը ճշմարտութիւն ունի՞ …

Ես արեւի խրձով մառախլակաթ,
Ամէն առտու,
Լեցւում եմ քո ծոցը, երբ դու
Ելնում ես Փարիզի մայթով սալարկապատ,
Գնում ես դասի, ամէ՜ն առտու…

Ես ամէն լուրթ աչքի մէջ եմ,
Որ քեզ է նայում,
Նայում սիրով...

Ալպեան մանուշակ թէ որ ուղարկեն քեզ,-
Դա կունենայ մի յիշատակութիւն եւ ի՛մ գրով:

Իմ վատ իմ, մեղաւոր իմ,
Իմ սենեակը հիմա
Մահուդի եւ սրճի բոյր ունի միայն
Չեմ լսում Բեթհովէնդ,
Չեմ նայում նկարիդ,
Քանզի միչեւ իսկ կեղծ՝
Ուրիշի՜ եմ սիրում ...

Արդէն ես ու դու, ուրիշ-ը
Իմաստ չունենք.
Կայ միայն մի Սէր, Սէր անհունական,
Որ կը տեղաւորւի նաեւ մի սրտի մէջ,
Որ չի կորցնի իմաստը իր անդրաշխարհային
Եւ չի կորչի մի ստի մէջ:

Կայ միայն մի Սէր
Խորախորհուրդ ու անմեկին,
Կայ մի Կին՝ երկնքի չափ աչքով,
Մի Մարդ՝ Աստծոյ նման,
Եւ չեն կորչի նրանք, թէ մինչեւ իսկ ասեմ՝
Գնա ...
Վատ իմ, մեղաւո՜ր իմ,
Ալպիական …

1978.10.2

ՍՈՒՐ ԵՒ ՍՏՒԵՐ (1982)
Sword And Shadow

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ՔԱՂԱՔ - The City
June 21, 2010 10:11 PM PDT
itunes pic

Քաղաք

Հեռու ինձանից ի՞նչ կանես, hոգիս,
Ո՞ր աչքի հայելում աղօթք կը տեսնես,
Ո՞ր մի տերեւը կընկնի սառ ոտքիդ,
Ո՞ր երազանքը կը ջերմացնի քեզ:

Էլ ո՞ր կածանով աշնատես կերթաս,
Ո՞ր խաչի դիմաց հանգիստ կը նստես,
Ո՞ր մի քերթւածը քեզ կը տայ երազ,
Ո՞ր հատորի հետ կը գնաս պարտէզ ...

Ո՞ր բանաստեղծի Էջը կը բացես,
Նա ի՞նչ պիտ ասի ՝սրտիցս բացի,
Բեթհովէնը էլ ու՞մ հետ կը փնտրես.
Մենք երկու Էջ ենք նոյն մի քերթւածի:

Ո՞ր եղանակը քեզ ցուրտ չի բերի,
Ո՞ր եղանակը կախորժես լսել,
Լսել եւ զգալ՝ ինչ որ շունչ բարի,-
Ջերմանալ իրաւ, այսպէս չմրսե ՜ լ...

Աշուն է կրկին, մեղմ, խոնաւ գոյներ,
Կանձրեւի նորից անցեալի նման,
Բայց էլ չես սպասի մի ողջ առասպել
Ապրել իմ Սիրոյ խրճիթում գարնան:

Եւ չվառւի պիտ էլ ոչ մի կրակ
Կնճիռից ճաքած այտերիդ վրայ,
Ու պիտ չշոյի էլ ոչ մի մեղմ ձեռք
Իմ ձեռքի նման ուսերդ անարատ...

Մշուշների մէջ, հովերի նման,
Անդադար կերթաս ճամբադ ձգելու,
Բայց էլ չի լինի, հոգեակ, աչք ինձ պէս՝
Քո այդ երթալու ցա՜ւը զգալու ...

Ցուրտ ՍԷն-Միշէլում ո ՞ւմ հետ կը նստես,
Ո՞ր բաժակը պիտ շոյես մատներով –
Ո՞ր վիտրինի մէջ պիտ վարդեր ընտրես,
Ո՞ւմ կողքին պիտի քայլես գիշերով ...

Ո՞ւմ պիտի տանես դու մինչ Մոնպառնաս,
Եւ ո՞վ քեզ պիտի հրամցնէ քաֆէ,–
Միթէ չե՞մ տանջւել ես այնպէս անմաս ...
Շատ է, հաւատա, հերիք, կը բաւէ ...

Եւ կը գայ ձմեռ, գուցէ ծեր լինենք,
Հանդիպենք նորից այս մայթին կիզիչ.
Գուցէ ... մի աշուն ... եւ ուրի՜շ մի երգ.
- Այրւում է ամէ՜ն, ամէ՜ն, ամէ՜ն ինչ ...

1980, աշուն

ՍՈՒՐ ԵՒ ՍՏՒԵՐ (1982)
Sword And Shadow

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ՄԵՆՈՒԹԻՒՆ - Loneliness
June 21, 2010 10:02 PM PDT
itunes pic

Մենութիւն

Մի փոքրիկ սենեակ
Մեղմ նարնջագոյն,
Անհունի լոյսից մի պատառ մուժ լոյս
լուսամփոփի մէջ,-
Գիշեր:
Օգոստոս:
Փարիզ:
Աֆիշներ:
Կանայք՝ մերկ ու գիրգ,
Ամէն տեղ՝ տաճար, կամուրջ, թերթ ու գիրք.
Ամենուր՝հաշիւ, կայծ, ճանապարհներ...
Հառաչանք, շառաչ, բուրում, երթ ու կիրք...

Ու մենակութեան
Անձրեւոտ կածանն
Ինձ մայրամուտի
Շեղ շողի ճամբով
Տարաւ անյայտի անձրեւի տունը,
ուր անձրեւ չկար.
Կար մի կոյս աղջիկ՝
Աւելի չքնաղ,
Քան թէ Սենայի ալեաց ծփումը
Թոյլ լոյսերի տակ:
Աւելի նրբին, քան տաճարները
Մայրամուտին մօտ մե՜ղմ ղօղանջելիս,
Եւ աւելի մերկ, քան երկինքը բաց,
Աւելի անսուրբ, քան ծախւող գինին...
Աւելի տխուր, քան խորան մի մութ,
Եւ աւելի լուռ, քան արհաւիրքը
Պայթելուց առաջ,
Գինի դառնալու տենչով՝ ողկոյզը:
- Սիրիր ինձ, Անգին,
Եւ աւելին եմ,
Քան այս ծաղիկը,
Որ անուն չունի,
Բայց սպասում է քո պատուհանի
Փակ փեղկերի տակ,
Որ լուսադէմին գլուխը կախի
Քո մի քայլի տակ
Ու մեղմ ղօղանջի
Սերտած այն ձայնով,
Որով աստղերը ղօղանջում են չուռ,
երբ պառկում ես դու, -
Գուցէ չես քնում...մեղքերի նման...:

Ես աւելին եմ եւ այն անձրեւից,
Որի մի կաթիլն նստում է շրթիդ,
Շրթունքները իմ այդ բախտը չունեն
քո մէջքի նման,
Ես աւելի եմ քո մէջքից, որը
Շոյում է վարսդ, երբ ննջած ես դու.
արթնութեանդ պահին
վարսդ է շոյում ուսդ՝
աչքիս պէս...
Ես աւելին եմ
Ինքս ինձանից եւ յաղթութիւնից
երբ սիրում եմ քեզ,
Եւ դու դա գիտես.
Դա իմանում է, - անդրյատակեայ,
ձիգ մետրօներում
Թաքուն ապրելով՝
Եւ այն մերկ կինը ռեկլամի վառման
Եւ որը մասամբ
Նմանում է քեզ,
Իսկ դու իջնելով անանձրեւ գահից
անյայտ անձրեւի
Խոստանում ես ինձ
Չափսոսալ այնքան, մինչ ես գամ, նստեմ
մի փոքր սենեակում
մեղմ, նարնջագոյն
Ու մի երգ գրեմ, այս անգամ այստեղ՝
Օտա՜ր մի երկրում,
Կրկին քեզ համար,
Եւ կամ անձրեւի,
Որի տեղումը անօգուտ է այս անվերջ, անսկիզբ
տողերի նման ...
Մի մենակ պոռնիկ լալիս է անձայն,
Մի սիրտ ...
Մի գիշե՜ր ...
Մայթե՜ր ...
Աֆիշնե՜ր:
Անդրադարձիր ինձ,
որ քեզ մոռանամ
Անդունդը վիժող ջրի վեհութեամբ,
Թախիծս մնայ յամառութիւնը իմ
տղամարղու
Եւ առեւանգւած արեան մարտն իմ:

-Անտրտունջ լռիր,
Աստւած,
այս գիշեր ...:

1979.8.29, Փարիզ

ՍՈՒՐ ԵՒ ՍՏՒԵՐ (1982)
Sword And Shadow

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ՍՈՒՐ ԵՒ ՍՏՒԵՐ - Sword And Shadow
June 21, 2010 09:26 PM PDT
itunes pic

Սուր եւ ստւեր

Վիճում էր մի Սուր իր Ստւերի հետ,
Թէ դու դատարկ ես, տեսիլ ես անպէտք,
Թէ՝ դու ինձանից մի ձեւ ես անմիտ,
Թէ՝ կը դիմանայ ծաղիկն էլ զարկիդ...

Ասում էր Սուրը ու նայում իրեն,
Հիանում կտրող լոյս ու կայծերով,
Ծիծաղում, ծաղրում Ստւերին անզէն,-
Արիւն էր թքում իր կարմիր ծայրով...

..................................
..................................

Ու յանկարծ ժպտաց Ստւերն իմաստուն,
Մի վայրկեան թարթեց աչերն իր անգոյն.
- Ես Ստւերն եմ քո, բայց ունեմ խորհուրդ
Եւ քեզ նման չեմ կայծկլտող, անգութ...

Արիւն է ծորում շեղբիցդ կաթ-կաթ,
Ես... ԽԱՉ եմ նաեւ, իսկ դու՝ ցուրտ երկաթ,
Երբ որ աւարտւի քո գործը դժխեմ՝
Այդ ե՛ս եմ, որ դեռ պիտ գամ ու իշխե՜մ...:

1981.3.10
Թեհրան

ՍՈՒՐ ԵՒ ՍՏՒԵՐ (1982)
Sword And Shadow

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ԲԱՆԴԱԳՈՒՇԱՆՔ
June 21, 2010 09:20 PM PDT
itunes pic

Բանդագուշանք

Դուք անցնէք պիտի այս մութ փողոցով
Ու զոր որոնէք վայրերը նրա.
Պիտ ճամբայ ելնէք զղջումի բոցով,
Սակայն չգտնէք մայթերի վրա…

Պիտի հայհոյէք իրար. Աստծուց
Խնդրէք երկնառաք կարմիր մի կաթիլ,
Որ քաւի ձեր ողջ մեղքերը մաղձոտ,
Մաքրի վէրքերը, քէները անթիւ...

Մէկը պիտ ասի.- Բարեկամ էր ինձ –
Բոռբոռայ մէկը. - Իմ ընկերն էր նա,–
Երրորդը՝ նրան տեսել եմ հեռւից
Սակայն կարծել եմ թշւառ մի տղայ:

Մրմնջաք գուցէ.- Հիւանդ էր ու բիրտ
Կամ աղաղակէք. «Թափառող հրեայ».
Մտածէք.- Խեղճը սիրահար էր
խիստ…-,
Բայց ոչ ոք կասի «Թշնամիս էր նա»:

Յետոյ ձիւն կիջնի, կապտափա՜յլ մի ձիւն,
Երազ կը լինի, պատում յուշերի,
Բոլոր, բոլորդ կը շտապէք դէպ տուն,
Որ նոր օջախիդ բոցը չմարի...

Յետոյ կասէք թող սառոյցը հալւի,
Մարտին կը փնտրենք այն մարդուն՝ նրան.
Կանցնեն տարիներ սին, անկասելի,
Ու խաւար կը գայ աշխարհի վրայ:

Խաւարման գիշեր սեղան կը բացէք,
Կը դնէք կրկին նշխարը, գինին,
Երկիւղածութեամբ կը սպասէք նրան,
Բայց Բանաստեղծը... խաչւա՜ծ կը լինի:

1983.5.1

ԲՈՀԵՄԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ (1988)
Bohemian Diary

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ԳԵՀԵՆԱԿԱՆ ԿԻՐԱԿԻ - Gehenna's Sunday
June 21, 2010 09:11 PM PDT
itunes pic

Գեհենական կիրակի

Երբ Արարիչը աշխարհը ստեղծեց,
Նկատեց մի բան արեւի մէջ մեծ՝
Լոյսը շա՜տ էր խոր,

Անձրեւը՝ տխուր,
Մանուշակը՝ հեզ,
Կրակը՝ մաքուր...

Զգաց նւագը
Իջնող ջրերի
Չափից աւել է հարթ ու անթերի,
Նաեւ ծարաւը
ծլարձակ հունդի
Աւել է տապից ողջ երկրագունդի:

Այնուհետ Աստւած նկատեց նաեւ,
Որ չի աւարտել
Աշխարհը համայն,
Դեռ չի արարել
կարեւո՜ր մի բան...

Մի բան, որ լինէր
Իր Ոգու նման -.
մարդոց ապաստան,
Լինէր մերկ ու բաց,
Լինէր հարցական.
Մի բան, որ լինէր
պարզ, իմանալի
Եւ նոյն ժամանակ
Բարդութիւնով լի...
Մի բան աւելի...
Ուստի բաղադրեց
տարերքն առաջին,
Հաղորդեց: Օժտեց
վարքով Արարչի,
Նրանց մէջ դրեց
հողմը իր շունչի,
Յետոյ աւարտեց
իր գործը վերջին:

Եւ բանաստեղծի հոգին արարեց…:

1985.1.15

ԲՈՀԵՄԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ (1988)
Bohemian Diary

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ՆԱԶՈՎՐԵՑԻ - Nazovretsi
June 21, 2010 09:02 PM PDT
itunes pic

Նազովրեցի

Եկեղեցու պատի վրայ սուր-սուր ճաղեր են շարել
Ու գաւիթի շուրջ - բոլորը այդ ճաղերը երկարել...

Դա երեւի դրա համար, որ չարքերը մօտ չգան,
Քշոցներին, սկուտեղին, գրակալին ձեռք չտան.

Դա երեւի դրա համար, որ աւազակ չմտնի,
Խորանի մէջ խաչ, մոմակալ, արծաթեղէն
չգտնի…:

Բայց թէ յանկարծ հրեշտակի թեւը ճաղին դէմ առնի
Ու իր շողի նման մաքուր շոր-շղարշին արիւնի

Կամ Սուրբ Հոգին ուզի անցնել որպէս ճերմակ
աղաւնի
Ու նրա սուրբ, նուրբ գլուխը փշալարին հանդիպի…

………………………………………………

Ոչ, ոչ, ասեմ - Այդ ճաղերը նիզակներն են բանակի,
Որ կանգնել են ամբոխի դէմ, իրենց դերում`
պահակի.

Չէ՞ որ ներսում դեռ խաչին է Նազովրեցին փրկարար,
Ու դեռ նրան չեն բերել ցած, փոխադրելու մութ
քարայր…

է, այսպէս է՝ անմահների մահը յաւերժ է տեւում,
Ու դարերը՝ տարիները այնտեղ մի պա՜հ են
թւում…:

1986.11.3

ԲՈՀԵՄԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ (1988)
Bohemian Diary

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ՏՐԱՄԱԴՐՈՒԹԻՒՆ - Mood
June 21, 2010 08:47 PM PDT
itunes pic

Տրամադրութիւն

Ահա այս ես եմ եւ ոչինչ աւել՝
Մի կեպի, մի շարֆ, մի անձրեւանոց,
Յունւարի եօթն է, իսկական ձմեռ,
Ժամի հինգն է, - դատա՜րկ մի փողոց...

Դեռ մութ է կարգին, քամւած տարտարոս,
Օրը չի բացել թեւը թռչունի.
Լուսանիշները խաղում են անխօս,
Բայց մեծ պարապը դրանց պէտք չունի:

Սուլում եմ ուրախ եւ գնում գործի,
Կարող եմ նաեւ պարել, թէ ուզեմ.
Թեւիս տակ փոքրիկ կապոց հացի,
Գլխումս կապոյտ երազներ վսեմ...

Թող որ յիշել եմ սէրերս անցեալ,
Թաքուն ու յայտնի անուններ տարբեր,
Թող որ իջել եմ նրանց մօտ դարձեալ,
Խո՜ր անուրջների երկա՛յնքը չափել...

Յիշել եմ մարդկանց իմ թափառ ազգի,
Որոնք հանգրւան չունեն ոչ մի տեղ,
Նաեւ, - սեւ կատակ, - հողն հայրենիքի,
Որ անբնակ է, դատարկ ու «անտէր»:

Թող որ գիշերը չեմ քնել բնաւ,
Աշխարհի՜, մարդո՜ւ հոգն եմ վերլուծել.
Մանր երկմտանքը սեպել եմ մեծ ցաւ,
Ուստի տասնեւութ ծխախոտ ծխել...

Հիմա տանջանքս իմաստ է առել՝
Կեանքը լաւն է ու ապրել պիտի.
Ահա այս ես եմ եւ ոչինչ աւել - .
Մի անձրեւանոց: Մի շարֆ: Մի կեպի:

1986.1.2-7

ԲՈՀԵՄԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ (1988)
Bohemian Diary

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ՁԵՂՆԱՅԱՐԿ
June 21, 2010 08:39 PM PDT
itunes pic

Ձեղնայարկ

էս հին անձրեւի ի՜նչն եմ ասել,
Որ ամէն անգամ նոր ցաւ է բերում.
Նրա չոր երգը վաղուց եմ լսել,
Բայց ամեն անգամ խոնաւ է բուրում...

Ուզում եմ իջնի վարդերի վրայ,
Որ լուսաբացին մի աղջիկ տեսնի,
Տեղայ անջրդի արտերի վրայ,
Որ ժամանակին ցորենը հասնի...

Ուզում եմ ջաղբի գինետան դիմաց,
Ու ուշքի բերի արնոտ հարբածին.
Անհաս քիւերից կաթկթայ կամաց
Ու երա՜զ բերի սիրահարւածին:

Ուզում եմ հոսի մայթերի վրայ,
Որպէս անսպառ, մաքրարար հեղեղ,
Կաթի դեռ հպարտ այտերի վրայ,
Որ արցունքները չերեւան այնտեղ:

Աշխարհում այսքան գործ ունի ու դեր,
Սակայն տեղում է տեղի-անտեղի.
Արհամարհում է մի ո՜ղջ տիեզերք
Ու կաթկթում է իմ խեղճ թիթեղին …:

1988.1.27

ՄԵՂՔԻ ՎԱՐԴԵՐ (1989)
Roses of Sin

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ՄԵՂՔԻ ՎԱՐԴԵՐ - Roses of Sin
June 21, 2010 08:29 PM PDT
itunes pic

Մեղքի վարդեր

Առաջւայ նման չեմ կարող նորից աչքերիդ նայել,
Այնտեղ վառւում են կանաչ կրակով օրերս անցեալ,
Ուր հրկիզւում է մի քնարակիր ու նուրբ մարգարէ,
Ու ամբառնում է նրա մոխիրից սատանան դարձեալ...

Այնտեղ ձգւում են խոնաւ կածաններ այս ուղու նման,
Որ մեզ բերել է հեռու վայրերից նորից իրար մօտ.
Հիմա մի ափ է դարձել այս անափ աշխարհը համայն,
Որ ծովի կողքին անձրեւ է մուրում մինչեւ առաւօտ …:

Այնտեղ փայլում են այս եկեղեցու գմբէթները վէս,
Որ ամէն տեսակ խենթ խոհի վրայ խիղճ են պարտադրում,
Դու, քո պսակով, սրբավայրերին ոչ մի պարտք ունես,
Սակայն այս երգով ես տալիքներիս մուրհակն եմ գրում...

Յետոյ շէնքերն են մէկ առ մէկ վառում լոյսերը իրենց
Ու քո աչքերում վերածւում են մի խաւար քաղաքի,
Չէ՞ որ դեռ այնպէս քո աղէտների երկինքներն են մեծ,
Ուր դեռ փլում է արնոտ դիակը մի արեգակի ...

Առաջւայ նման չեմ կարող նորից աչքերիդ նայել,
Բայց գիտեմ այնտեղ պիտի որոնեմ օրերս անյայտ...
Որոնք անցկացրի հաւատարմութեամբ, մեծ սիրոյ վայել,
Իսկ գիշերներս մեղքի վարդերով ծածկեցի հատ – հատ ...

Հայկաշէն I987.8.19
Թեհրան 1987.9.3

ՄԵՂՔԻ ՎԱՐԴԵՐ (1989)
Roses of Sin

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ԱՓՍՈՍԱՆՔ - Regret
June 21, 2010 08:19 PM PDT
itunes pic

Ափսոսանք

Մեղմ լամբարները շնչում են իրենց կրակը վերջին,
Մեղմ անձրեւներ են կախւել աղջկայ վարսերից
կապւած.
Թւում է պիտի նա լինէր կեանքում սէրդ առաջին
Ու պիտի լինէր վերջինն անկասկած...

Ու լոյսերի տակ կարմիր ու դեղին նա շիկնո՜ւմ է դեռ,
Երբ քո հայեացքի ամենաթաքուն մի կողմն է բռնում,
Նրա այտերին արդէն սահում է սօսափող մի սէր
Ու վզի փոքրիկ շարժումի վրայ շփոթ է դառնում:

Ելնում է կրծքիդ մաքուր զգացման կապոյտ մի ալիք,
Գլխիդ հասնելով ճակտիդ քարափում դա չի փշրւում.
Ոչ, սիրտը չունի մտքի գործերին պահանգ ու կարիք,
Նա իր քերթւածը հէնց իր մէջ եղած արեամբ է
գրում...

……………………………………………………………

Մեղմ լամբարները պատմում են իրենց հեքիաթը վերջին
Ու մահանում են ափսոսանքների սիւներին գամւած,-
Կորցնում ես նրան, որ պիտի լինէր սէրդ առաջին
Ու պիտի լինէր վերջինն անկասկած …

1987.9.4

ՄԵՂՔԻ ՎԱՐԴԵՐ (1989)
Roses of Sin

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ՄՈՒԹ ՎԱՐԴ - Dark Rose
June 21, 2010 08:12 PM PDT
itunes pic

Մութ վարդ

Դրսում երկինքը դժգունում է խուլ,
Իսկ իմ մտքի մէջ անձրեւը տխուր
Լուսնի մահիկը բարակ թակ արել,
Բախում է մի դուռ:

Փակ դռան յետեւ
Հիմա բացւել ես իմ քրմուհի դու,
Երեւի մերկ սուր սնարիդ վերեւ,
Որ չմօտենայ քեզ որեւէ գայլ-
Երազ անվեհեր:

Իսկ իմ երազը մի գառ է անտէր,
Գառ,- եւ ոչ աւել,
Որ հեշտանքի մի կարմրավառ մրրիկ
Մսուրն աւերել
Ու նրան իր հետ գեհեն է տարել...

Դրսում երկինքը պղինձ է կարմիր,
Իմ հոգում կորչած յուշատետր կար մի,
Որը անպատճառ չի աւարտւել դեռ
Ու սեւ վարդի պէս
նստել է այժմէն
Վարագոյրիդ դէմ:

Խոնաւ տները մտել են խոր քուն,
Որը անդորր չէ,
Այլ տագնապ խորքում,
Տագնապ, որ վանքում փակւած մոմն ունի
Կամ սկիհի մէջ արնաթոյր գինին:

Երկնի գմբէթը մաքուր է ճերմակ,
Սակայն իմ հոգու կապոյտն է մրսում.
Այս սքողածածկ
Կամարների տակ
Յիշատակներ կան, որ էլ չեն յուզում …:

1984.8.19

ՄԵՂՔԻ ՎԱՐԴԵՐ (1989)
Roses of Sin

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ՀԱՄՈԶՈՒՄ
June 21, 2010 08:01 PM PDT
itunes pic

Համոզում

Իմ մարմնիս թաց սպունգէն
Քամւած կեանքը երբ որ ցամքի՝
Սիրոյս կանթեղն ալ այն ատեն,
Լոկ այն ատեն մարի՜ պիտի։
ՎԱՀԱՆ ԹԵՔԷԵԱՆ

Ես հաւատում եմ՝
Ինձանից յետոյ Սէրս կը մնայ
Ու ապրի պիտի
Տերեւի վրայ թաց առաւօտի,
Շիթերի վրայ
Արիւնի պիտի
Այն լուսամուտի,
Որ սուրբ տաճարից
Բացւում է մեղքի վարդերի վրայ:

Ես հաւատում եմ՝ ինձանից յետոյ
Նա պիտի ապրի.
Պիտի ցոլցլայ մթին աչերում
Այն խենթ աղջկայ,
Որ ուրանում է իր կեանքը ամբողջ
Ու մօրը բարի՝
Սիրած օտարի
Թէկուզ մի յիմար
Խոստումի վրայ:
Նա պիտի դողայ
Ամէն մի կնոջ կրծքի մէջ հեւքոտ,
Երբ սիրած մարդու ձեռքը այդ կրծքի
Կոճակը բացի.
Պիտի տրոփի
Ու պիտ դոփի
Քունքի մէջ այն տօթ,
Որ շատ ուշացած
«Այո»-ն գամում է
«Ոչ»-ով առնացի ...
Օ, նա չպիտի իմ երակի հետ
Դագաղը մտնի,
Այլ իմ գրչի հետ
Պիտի շողշողայ,- դարակում թէկուզ,
Իմ բաց ճակատի, իմ աչքերի հետ
Պիտի չմթնի,
Այլ երազիս հետ
Պիտի հուրհրայ մինչեւ արշալոյս:

Ես համոզւած եմ
Ինձանից յետոյ Սէրս կընդլայնւի՜
-Նա, որ ընդամէնն մի նուրբ իրան էր
Զօրում ընդգրկել,-
Պիտ իր մէջ առնի
Շրջագիծը ողջ աշխարհի անւի
Եւ այն ամէնը,
Որ քերթող հոգիս չհասա՜ւ երգել …:

ՄԵՂՔԻ ՎԱՐԴԵՐ (1989)
Roses of Sin

Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ԱՐԵԱՆ ՄՂՁԱՒԱՆՋ
June 21, 2010 01:15 PM PDT
itunes pic

Արեան մղձաւանջ

- ԷՏԻԻԴ ՍԻՄՖՈՆԻԿ -

Ա

Ես մի տարագիր,
Քնարակիր այր,
Ես հայ բանաստեղծ
ափերում օտար

Ես, աւա՜ղ, կորցրած
Ուղին տունդարձի
Եւ աչքս յառած
Ապագաների մշուշին անծայր,
Հիմա փորձում եմ
Թօթափել ամէն
Պատրանք ու կոշմար,
Խորտակել ամէն
Կասկածի պատւար,
Չընկնել մտածման
Ուղիներն խաւար
Ու բազմաչարչար,
Այլ վերադառնալ
Սկիզբը, որտեղ
Բանն էր Աստւած
Ու Աստւածը՝ Բառ:

Պիտ փորձեմ լինել
Մաքուր ու արդար,
Ինչպէս մեր լեզուն
Վէս, քաղցրաբարբառ
Ու վերջին ելքով,
Ճիգով անհնար,
Պիտ փորձեմ բանալ
Մեր արարչութեան
Մատեանը ստւար:

Ես մի տարագիր
Քնարակիր այր,
Պիտի հաւաքեմ մեր լինելութեան
Հայելին կոտրւած ու հողմատարած.
Հայելին, որի մէջ
Դեռեւս չի նայել եւ ոչ մի Աստւած:

Բ

Իմ ցեղը մաշւած,
Իմ ցեղը խաչւած,
Լոկ արձագանքն է
Դեռ արարչութեան
Առաջին օրում
Մեր թանկ արիւնի
Գնդիկի պայթման
Սուր դղրդիւնի...

Իսկ ինքն գնդիկն
Կորել է վաղուց,
Կորել է ի սպառ
Ու իր փոխարէն
Թագադրել մի բառ,
Որը ասես թէ -
Պիտ ամբողջ մի կեանք,
Ու դեռ աւելի՜ն,
Մեր գլխին – հոգուն
Թագաւորութեան - մեծութիւն անի…:

Նա խառնւել է
Մեր մարմնի կաւին,
Նա խառնւել է
Մեր Վատ ու Լաւին.
Այդ բառն, այո՛,
Որ մի ժամանակ եզերք էր ծովի,
Այդ բառն, այո՛,
Որ մի ժամանակ տեսիլք էր ծաւի,
Այդ բառն... յանկարծ
Պայթեց ու փոխւեց մէկ բառի՝ Ցաւի:

Գ

Իմ ցեղը մաշւած,
Իմ ցեղըխաչւած,
Յանկարծ վերածւեց
Մի դժնատեսիլ
Անխարիսխ նաւի:

Քանի որ նաւը
Միշտ բաց հորիզոն, ծովեր է սիրում,
Քանի որ նաւը
Իր շուրջ միշտ ճերմակ սաւան է փռում
Եւ քանի որ նա
Ամպն է համբուրում,
Երբ անխարիսխ է՝
Իր իսկ թիերով աւազն է փորում -
Իր ցեղը հասաւ
Ծովն առանց ջրի,
Իմ ցեղը բռնեց
Ճամբան Տէր-Զօրի…

…………………………

Նրան առաջնորդ –
Արեւն էր միայն,
Որ շատ էր նման
Գնդիկին արեան...

Դ

… Օ, նրանց թւաց
Բլրակոյտերը
Մի-մի ատրուշան
Զրադաշտական,
Իսկ իրենց ճամբան
Հսկում էր հսկան
Մեր Մամիկոնեան:
Օ, նրանց թւաց՝
Փոքր Մհեր իշխանն
Անցաւ նժոյգով
Մի վերջին անգամ
Ու կրկին հասաւ
Ակռբայ դռան:

Օ, նրանց թւաց՝
Անապատը՝ թաց,
Իսկ գիշերը հաց,
Աստղերի տաք – տաք
Խաշխաշը վրան …:

Օ, նրանց թւաց …:

Ե

Իմ ցեղը մաշւած,
Իմ ցեղը խաչւած…

Իսկ ես լսում եմ
Արեան մղձաւանջ
Ու որբուկի լաց.

- Այ, ամա՜ ն, ամա՜ ն,
Ազիզ մեծ-մամա,

Գայլի բերանը թողուցիր գառան.
Ինքդ դեռ մի բուռ՝
Քոյր էիր տանում,
Ւնքդ առանց դուռ՝
Հիւր էիր տանում,
Ւնքդ առանց ջուր՝
Ծարաւ չորանում,
Բայց ծաղկի նման
Բո՜յր էիր հանում…:
(Իսկ որոշ ծաղկանց բոյրը թօշնելիս
Խիստ սուր է լինում...)
Քո ծունկը ծալւեց
Կշռի տակ բեռան,
Գառան դրեցիր
Խաւարի բերան.
«Եարաբ, քոյրիկս
Թողուցի՞ն, տարա՞ն.
Եարաբ, եղնիկս
Շները կերա՞ն»...

- Այ, աման, աման,
Անգին մեծ-մամա...:

Զ

Այդ նաւը,
Որ իր թիերով միայն
Աւազն Էր փորում,
Որքան էր նման,
Որքա՜ն էր նման
Հազարոտանի
Այն միջատներին,
Որոնց սիրում էր
Շիշի մեջ պահել
Քո եղերաբախտ
Ու ջիւան տղան,
Ցաւագա՛ր նանա...

Այո, սիրում էր
Շիշի մէջ պահել
Օձ, կարիճ, կրիայ
Որպէս ցրտաշունչ
Կեանքի տեսլական
Ու «Անհայրենիք հայի» ապագայ…:

Է

Իմ ցեղը մաչւած
Իմ ցեղը խաչւած
Լոկ արձագանքն է
Դեռ արարչութեան առաջին օրում
Մեր թանկ արիւնի
Գնդիկի պայթման...
Այդ արձագանքն էր,
Որ անցաւ Տիզբոն,
Հասաւ Սասնատան...

Այդ արձագանգն էր,
Որ հասաւ Տէր-Զօր,
Սրբեց անապատն
Այդ արաբական
Եւ ստանալով առաւել ընթացք,
Աղեղ անսահման,
Եւ ստանալով առաւել ալիք
Ու ծիր ընդլայնման,
Այսօր պատել է, պատել է համայն
Աշխա՛րհը անգամ.
Եւ եղբայրներն իմ մէկ ու ցիր ու ցան
Եւ քոյրերս մէկ եւ, սակայն, բաժան,
Սարսում են այսօր,
Որպէս ուրագան,
Սարսում են հզօր
Կանչով միակամ՝
Քաղաքներ բազում,
Վայրեր անհամար,
Մայթեր այլազան
Եւ տարածում են՝
Մէ՛կ պահանջի ձայն,
Մէ՛կ բողոքի կոչ,
Մէ՛կ արեան պատգամ:

Ը

Իմ ցեղը մաշւած,
Իմ ցեղը խաչւած
Յառնում է խաչից
Աստծոյ Միածին Զաւակի նման:

Այդ արձագանքը,
Որ հասաւ Տէր-Զօր,
Շարունակւում է դեռ մինչեւ այսօր,
Ու որքան պատնէշ
Զետեղեն նրա բարդ ուղու վրայ՝
Պիտ բազմապատկւի
Բոմբիւնը նրա.
Ա՛յդ է ուսանել
Նա իր լեռներից բիւր ու բարձրագահ,
Ա՛յդ է ուսանել
Նա իր ձորերից՝ անկումի վկայ:

Թ

Այսօրւայ կեանքը,
Որ արգասիքն է մեր կորած կեանքի,
Իրականի մէջ
Նոր արձագանգն է հին արձագանգի:

Ինչպէս որ վանքը
Երբ լեռների մէջ մնում է ոտքի,
Իրականի մէջ
Մարմնացումն է լոկ ամուր հաւատքի:

...Ձայներ եմ լսում,
Ասես պայթում է կողն արեգակի,
Դա ընդվզումն է
Մեր արիւնախեղդ, մեղկ մոլորակի:

...Ձայներ եմ լսում,
Ասես պայթում է կողն երկրագնդի,
Դա ընդվզումն է
Իմ չլերդացող արեան գնդիկի:

Գուցէ իմ ցեղի առաջին արիւնն
Արե՜ւ է եղել,
Որը հեղւել է, այսքան հեղեղւել,
Սակայն չի պաղել...

Գուցէ մեր արեան առաջին գունդը
Եղել է Երկիր.
Որը պայթել է ու ձայնը փոխւել
Այս արձագանգին:

Գուցէ մեր արիւնն այնքան է հոսել,
Փոխւել վտակի,
Որ մենք կարող ենք կարկաչը լսել,
Վերածել երգի:

Գուցէ, ախ, գուցէ Տէր-Զօրից յետոյ
Այլեւս...չկանք
Ու ապրում ենք մի անիրական կեանք,
Կեանքի ուրւական:

Գուցէ մեզ էլ մի Քրիստոս կանչի
Ու ելնենք ոտքի.
Գուցէ մեզ էլ մի Պիղատոս խաչի՝
Փոխւենք Աղօթքի:

Փոխւենք Աղօթքի ու մարդուն կապենք
Միակ Աստծոյ հետ,
Փոխւենք արցունքի ու միանալով
Դառնանք հզօր գետ:

Մեր մէջ նոր Մեսիան մկրտւի, յետոյ՝
Աշխարհը փրկի.
Գոլորշի դառնանք, երկնքում զօդւենք,
Փոխւենք կայծակի...

Փոխւենք կայծակի ու չարերին տանք
Մահու կրակի
Ու շարունակենք յաւիտեան ճամբան
Մեր արձագանգի:

Իսկ մի օր գուցէ հաւաքւենք մի տեղ,
Նոյնանանք կրկին
Ու վերածւենք մի անվթար ու վառ
Արեան գնդիկի:

Այդ վառ գնդիկը գուցէ վերածենք
Վառ արեգակի
Ու ճառագայթենք աշխարհի վրայ
Ու տիեզերքի...:

Մեր ցաւը, ցաւը չունի վերջ-սկիզբ.
Չունի ծայր-սահման.
Մեր ցաւը պիտի անւանել միայն
«Մղձաւանջ արեան»:

Ժ

Բայց էլի, էլի գոհութիւն եւ փա՜ռք,
Որ ծնունդ առանք ժայռերից միայն,
Սակայն հոսեցինք ջրերի նման.
Որտեղից անցանք,
Ուր որ մնացինք՝
Մեր բերքը հասաւ Աստծոյ ծոցին՝
Արեւի բոցին.
Որտեղ չհասանք՝
Մի՜շտ երազեցինք...:

Ու դեռ գնում ենք,
Ճեղքելով քարէ գիշերը մտքի,
Հրդեհը կրքի,
Թրով մեր ձիրքի
(Եւ ոչ թէ ձեռքի)
Ու դեռ հպարտ ենք,
Ու անպարտ ենք, կա՛նք:

Գոհութիւն եւ փառք...
Գոհութիւն ել փառք...

…………………………….
……………………………

ԺԱ

Ես մի տարագիր
Քնարակիր այր,
Ես հայ բանաստեղծ
Ափերում օտար,
Ես, աւա՜ղ, կորցրած
Ուղին տունդարձի
Եւ աչքս յառած
Ապագաների մշուշին անծայր,
Ես արդէն կորցրած ե՛ւ ինչք, ե՛ւ հասցէ,
Արդէն մոլորւած ճամբէքում խաւար,
Ճաշակած ամէն խորթութեան սեւ թոյն
Ու հետքս թողած
Ամէն քաղաքի
Ամէն մի մայթում,
Դառնացած՝ մարդկանց
Խարդաւանքից չար,
Մերթ տաքանալով
Հոգուս հոգեվար ակութից տկար,
Չգտած ոչ մի փրկութեան եզերք,
Անցնելով հազար իժերի վտառ,
Սերտելով բազում
Բարբառ ու լեզու,
Լսելով հազար անհարազատ երգ,
Տեսնելով նազուն
Կանայք սիրասուն,
Որոնցից հայիս եա՜րն է պակասում,
Վկայ լինելով մութ բախտի՝ գաղթի՛
Ուր մայրենիս է մարում, կակազում,
Վկայ լինելով Սպիտակ ջարդի,
Որ ցեղիս կէսն է
Արդէն հարւածում.
Էլ չսպասելով ոչ մի յարութեան,
Էլ չսպասելով ոչ մի յայտնութեան,
Չակնկալելով ոչ մի աջակցում՝
Արդէն անկումիս
Ճիչն եմ արձակում...
Արդէն անկումիս
Թեւերն եմ փակում
Ու մարմրում եմ թոյլ ու հիւանդկախ,
Բայց յանկարծ, յանկա՛րծ
Յայտնւում ես դու
Ու համբառնում ես,
Իմ հրա՜շք Արցախ...

……………………….

Իմ միակ Այգի, որբուկ սեւաւոր,
Մեր խաչելութեան վերջի՜ն Գողգոթա.
Դժոխք է դարձել եդեմդ այսօր
Ու սաւառնում է խորտակած չղթայ…:

ԺԲ

Քո մէջ է բացել
Լուսաւորիչը
Առաջին վանքն ու
Սուրբ վիմափորը.
Քո մէջ է պատռւել
Մութ վհուկներիծ
Եւ սուտ կուռքերի
Երեսի քողը.
Քո մէջ է չքւել
Չարիքն անճար
Ու ճեղքւել նրա
Գահն ու աթոռը...
Քո մէջ է որբը
Գտել իր մօրը,
Մանուկն՝ օրօրը,
Մեր հոգու տաշտը՝
Իր հունց-խմորը,
Մեր հոգու դաշտը՝
Իր լոյս արօրը.
Մեր մեղկութիւնը՝
Ւր խիզախ հօրը,
Մեր մերկութիւնը՝
Ազնիւ իր շորը…:
Քո մէջ է արեւն
Գտել իր ճամբան՝
Ճառագայթելու իր թիւն ու օրը:

ԺԳ

Իսկ դու Արմենիա,
Իմ հի՜ն Հայաստան...

Էլ քեզ չպիտի համեմատել այն
Քաջ-հերոսի հետ առասպելական,
Որ եօթգլխանի վիշապ էր մորթում,
Զենում էր, սակայն
Ամէն մի գլուխ հատելուց յետոյ
Վիզերի վրայ ցցւում էր նորը...
(Տարբեր է ժամը,
Տարբեր է օրը...):

Եօթ դրախտներդ
Հատել են վաղուց,
Տւել վիշապին,
Իսկ դու ուզում ես
Պահել քո հէնց մէկ գլուխը՝ վզի՛դ.
Եօթ դրախտներիդ
Պահպանման համար
Տւել ես եօթ-հագար կռիւ,
Զաւակներ անթիւ,
Տւել ինչք, արիւն,
Բայց պահել պատիւ,
Բայց պահել պատիւ…

Եօթ դրախտներդ
Զոհւել են, այո,
Տրւել դժոխքին,
Բայց երկրաշարժիդ
Փլատակներում
Իր իսկ արիւնով
Զաւակին սնող,
Զոհւող մօր նման
Ուզում ես փրկել
Գոնէ ա՛յս մէկին...
Գոնէ ա՛յս մէկին...
Եօթ դրախտիդ հետ
Տւել ես, այո՛,
Եօթ տասնեակ տարի,
Որը թէկուզ եւ անցել է խաղաղ,
Առանց գուպարի,
Սակայն ոչ թէ մեր
Ցասման սեւ ցուլն է
Դանդաղել-պաղել,-
Այլ՝ նրա կողին
Կարմիրով «եղբայր»
Կեղծ բառն են դաղել…:
Հիմա այդ բառից
Թորում է մոխիր,
Մոլեխինդ ու թոյն,
Եւ գոյնը, որ միշտ
Կարմիր է եղել,
Հիմա լոկ գոյն չէ,
Այլ նաեւ… արի՜ւն:

Ո՛չ քեզ չպիտի համեմատել այն
Քաջ - հերոսի հետ առասպելական...
Այլ այն փարոսի,
Որի շուրջ եօթ ծով ելել են մարտի
Նենգ ու տմարդի,
Իսկ դու տանում ես նաւը մեր բախտի
Դէպի դրախտի եզերք մի անհուն,
Որ լուսաւոր է
Ու ամբողջական,
Բայց չունի անուն,
Դեռ չունի անուն...:

ԺԴ

Այո՛, փարոսի,
Որին ձգտել են
Եօթ հազար առու,
Ամէն մի առւում
Եօթ հազար զեռուն,
Եւ առուն, որ լոկ
Առու էր հեռւում,
Հիմա դարձել է
Ովկիանոս եռուն
Եւ ուզում է մեր
Մի ափ մնացած
Կղզին յատակել...

Այո, քեզ պիտի
Համեմատել այն
Հարսի հետ ջահէլ,
Որ չի թողնում իր
Եարին ուղեցոյց
Ջահը խորտակել:

Այո՛, այն հարսի,
Իսկ «կղզու միջի ջահէլներն» միթէ
Գազանիկներն չե՞ն
Թեմուր - Չինգիզի...:

Ոչ, քեզ չպիտի
Նմանացնել մի
Չեղեալ հերոսի,
Այլ՝ այն իրական,
Այն նւիրական,
Տիրական կոյսին,
Որ ի՛նչ էլ անեն.
Ի՛նչ էլ անւանեն,
Էլի ծնողն է
Մանուկ Յիսուսի,
Մանուկ Յիսուսի՜…:

ԺԵ

Էլ քեզ չպիտի համեմատել այն
Կռապաշտական
Մարդու հետ, որը
Իւր ժայռն էր հրում
Պատժի լեռն ի վեր,
Իսկ երբ հասնում էր գագաթ - կատարը՝
Սահում էր ժայռը,
Ընկնում էր ձորը,
Ու վերսկսւում էր
Մարդու սին օրը:

Քո տաճարները
Երբ կործանւել են
Չարերի ձեռքով,
Բաժանւել հազար
Սրբատաշ մասի՝
Էլի կանգնել են
Ճիշտ ու հաւասար.
Վկայ սուրբ Վանքը
Քո Ամարասի...
(Այստեղ է դրել
Մեսրոպ Մաշտոցը
Առաջին քարը
Հայոց դպրոցի):

Դու այն Ոգին ես
- Ժայռերի աստւած,-
Որ կոյրի դիմաց
Որքան դուռ դնի,
Սրի դէմ որքան
Մտքի հուր դնի,
Քարի՝ բառ դնի,
Արիւնի՝ ողկոյզ, սափոր ու գինի,-
Էլի որդին է
Խիզախ, հարազատ,
Հրաբուխազարմ
Ազատն Մասսի...
Աշխարհը հիմա
Վերածւել է մի
Սեւ տարտարոսի՝
Դժնի քաոսի,
Եւ քեզ նեղում են
Ոչ թէ հին ու նոր
Վէրքերը ծանօթ
Նոյն բարբարոսի,
Այլ՝ դաւերը խորթ
Այն «բարեկամիդ»,
Որ պահպանիչն էր
Քո իսկ Երազի...

Դու Արցախին՝ սիւն,
Թիկունք կրկնակի,
Իսկ նրանք, նրանք
Ուզում են Արցախն
Վերադարձնել, բայց
Քո... մէջքը կոխել
Փոխան դանակի:

(Այս անգամ էլ մենք
Պիտ դիմակայենք
Ու պիտի հասնենք
Սուրբ նպատակին՝
Մեր յաղթանակին):

ԺԶ

Հէյ Հայկի, Հայկի
Եռաթեւ ոգի…

Իմ ցեղը մաշւած,
Իմ ցեղը խաչւած
Արձագանգն է
Եւ այդ խօլ նետի,
Որ ոչ թէ այսօր
Ու վաղն պիտ կտրի,
Այլ ահագնացող
Թափով իր պիտի
Յաւիտենութեան,
Յար-յաւերժութեան
Զրահը պատռի...
Զրահը պատռի...:

1990.4.12 Թեհրան

ՆՈՐ ՆԵՄԵԶԻԴԱ (1993)
New Nemesis

Epical Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ԱՌԱՋԻՆ ԱՅԲԸ - The First Alphabet
June 21, 2010 01:03 PM PDT
itunes pic

Առաջին այբը

…Եւ Սուրբ Մեսրոպը տքնում էր երկար
Ու ելք էր փնտրում վասն իւր ազգի,
Բայց չէր գտնում մի փրկութեան նշխար
Ու չէր հասնում մի
գինեգոյն այգի.

Շարժում էր անվերջ
Մատը պատն ի վեր
Ու նշաններ էր ծաղկում անտեսիլ,
Յետոյ ջնջում էր չեղածը անբեր
Ու կրկին գծում՝ ծւէններ անծիր...

Եռում էր իր մէջ
Սուրբ արարչութեան
Ամենակապոյտ կաթիլը վերջին,
Ու սեւ բազէի թեւաբախութեան
Շառաչն էր իջնում մտքերի բաշին.
Ուզում էր որսալ՝
Փրկութի՛ւն բիւրոց,
Վէմ ու սիւն գրոց՝
Տառը առաջին,
Որ յաւերժանայ
Ներշնչանքը բոց
Ու կենդանացնի ոգեվար Նաչին:

Զօրավար էր նա,
Բացել էր իր լայն ցանցը, որ որսայ
Մի առիւծ Ա-ի
Եւ լուսարար էր, որ աղօթաձայն
Ուզում էր հեգել Ա-ն Աստւածային...

Արահետ էր նա,
Դառնում էր անվերջ,
Սակայն չէր հասնում հուսկ ուխտավայրին.
Նաւապետ էր նա,
Որ փոթորկի մէջ
Պլլւել էր խարխուլ, ալեկուլ կայմին...:

Գալարւում էր իր
Հիր մղձաւանջում
Ու չէր հանդիպում Արեւ - Արքային,
Տարուբերւում էր ու մտատանջւում
Գոռ տարերքի մէջ իր գերմարդկային...

Յանկարծ ծունր իջաւ
Ու կարկառեց սառն
Բազուկները դէպ հուրն Աստւածային
Եւ ի՛ր թեւերի ստւերում տեսաւ
Դէպ երկինք յառնող Առաջին Ա-ին …:

1987.8.10

ՆՈՐ ՆԵՄԵԶԻԴԱ (1993)
New Nemesis

Epical Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ - Tsitsernakaberd
June 21, 2010 12:53 PM PDT
itunes pic

Ծիծեռնակաբերդ

Ծիծեռնակաբերդ,
Քn սուրբ ծառերից
Արդ՝ երեք տերեւ
Դրւած են իմ դէմ՝
Սեղանիս փռւած Հայաստանի հին
Քարտէզի վրայ...

Նրանցից մէկը,
Որ փոքր է, թեթեւ,
Կրկին արիւնի կարմիր գոյն ունի,
Միւսը ճիշտ ու ճիշտ
Պարզ հողագոյն է,
Սակայն երրորդը
Պղինձ է, քուրայ...

Ծիծեռնակաբերդ,
Երկիւղածութեամբ
Դնում եմ դրանք
Ճիշտ իրար վրայ,
Նախ թւում է, թէ
Կաթիլդ արեան
Ճառագայթում է խենթ ու անխնայ,-
Յետոյ խորհում եմ՝
Արիւնդ բոսոր
Իջել է մեր սուրբ հողերի վրայ,
Իսկ հողիդ տակին
Ընդերքն է մեր խոր,
Հրահեղուկ է, խառնարան, լաւայ...

(Թէ քիչ փոփոխեմ
Տեղերը դրանց
Ու խառն գոյները
Դառնան պարզորոշ՝
Կարող եմ նաեւ
Ստանալ… Դրօշ):

Ծիծեռնակաբերդ,
Երեք տերեւդ այդ երեք չափսի
Մէկ էլ դնում եմ
Լճերիդ վրայ,
Իսկ նրանք, - զարմա՜նք,-
Թրջւում են մի քիչ.
Աչքիս կրակը
Կարծեմ շատ էր տաք...

Ծիծեռնակաբերդ,
Նրանք դնում եմ
Լեռներիդ վրայ.
Սարսռում են քիչ.
Կարծեմ չեն լսել
Այդքան միատեղ
Ու քարացած ճիչ:

Ծիծեռնակաբերդ,
Հովիտ եմ փնտրում
Եւ կամ հարթավայր,
Տերեւներն այդ
Նււում են - Վա՜յ, վա՜յ…

Դնում եմ դրանք
Սահմաններից դուրս,
Դառնում են սլաք
Ու յիշել տալիս
Սելջուկ ու Չինգիզ...
Փոխադրում եմ ներս,
Ստեղծւում է մութի
Ու արեան կրկէս:

Ծիծեռնակաբերդ,
Վերջը ճարահատ
Դնում եմ դրանք
Քո սրտին վհատ.
Լսում եմ մօր կանչ,
Ճարճատիւն, շառաչ…
Ու մէկ էլ նրանք
Դառնում են... կանա՜չ:

Ծիծեռնակաբերդ,
Մեզ քո ջերմացնող
Յաւերժ հուրն է պէտք:

1989.9.6

ՆՈՐ ՆԵՄԵԶԻԴԱ (1993)
New Nemesis

Epical Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ԵՍ ԱՅՆ ՄԷԿ ՀԱՅՆ ԵՄ… - I'm That One Armenian...
June 21, 2010 12:35 PM PDT
itunes pic

Ես այն մէկ հայն եմ...

Ես այն մէկ Հայն եմ թանգարանի մէջ
Եւ իմ անունը Պանդուխտ է այսօր.
Իմ լռութիւնը՝
Համակ ոխ ու վէճ,
Թւում է բոլոր կանչերից հզօր:

Եւ այն մէկ Հայն եմ թանգարանի մէջ
Եւ գոյութիւնս թանկ է յիրաւի,
Քանզի իմ դէմքը՝ մագաղաթի էջ,
Իր մէջ պահում է
Ողջ գիրքը ցաւի:

Ես այն մէկ Հայն եմ ցուցափեղկի մէջ,
Սակայն աշխարհն է ինձ համար վիթրին,
Որտեղ մարդկային խիղճը գահավէժ
Ամէն լրբութեան տալիս է նոր գին...

Ես այն մէկ Հայն եմ, անունս Արեգ,
Թէ նայես որբ եմ, հալածեալ ու հէգ,
Սակայն ճակատիս
Խորշոմները թէժ
Քեզ կասեն՝ նաեւ կոչւում եմ... Վրէժ:

Ես այն մէկ Հայն եմ թանգարանի մէջ:

1988.6.5-9
1989.4.5

ՆՈՐ ՆԵՄԵԶԻԴԱ (1993)
New Nemesis

Epical Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

Փրփուրից մրուր - From Tears To Remnant
June 21, 2010 12:08 PM PDT
itunes pic

ՓՐՓՈՒՐԻՑ ՄՐՈՒՐ

Այդ ինչպե՜ս է քո
Բարեւը յստակ
Տեւում է ցամաք
Մի ցտեսութիւնի չափ,
Այնինչ ամէն մի
Հնչիւնը նրա
Կարող էր լինել
Աշխա՜րհ մի անափ:

Դէ, ասացի, չէ՞,
Մտածում էի` էլ երբեք, երբեք
Քեզ չեմ տեսնելու.
Դա լաւ էր մի քիչ,
Դա վատ էր շատ-շատ.
Լաւ էր, քանի որ
Համոզումն այդ - էլ երբեք, երբեք քեզ չտեսնելու,–
Խիստ ցուրտ լինելով,
Ունէր... ջերմութիւն,
Մարւած խարոյկի մոխրակոյտի տակ
Շնչող բոցի պէս,
Որի սահմանը
Պարզ է ու յստակ
Խարոյկ բոլորակ,
Որ չունի կրակ
Ու ջերմացնում է
Միմիայն իր տակ,
Փակ կոպի նման`
Որի յետեւում
Ննջում է անձայն
Մի անրջատես
Եւ երազող աչք:

Դա – համոզումը քեզ չտեսնելու,–
Եւ վատ էր շատ-շատ,
Իսկ դրա մասին ոչ մի վէճ ու փաստ…

Հիմա եկե՜լ ես
Մտել խարոյկի սահմանը անփակ
Նետել մի հայեացք,
Եվ քո աչքերի մէգից անյատակ,
Ոչ թէ մարում է
Բոցը` մոխրի տակ,
Այլ հէնց մոխիրը
Դառնում թէժ ու բարկ
Արձակում է կայծ, մխանք ու կրակ...:

Հէյ, Օտար քաղաք,
Որ քեզ պահել է
Բռունցքում իր տաք
Ու պատճառ դարձել`
Դու վերադառնաս,
Մոլեգնում անհաշտ,
Որպէս մի երաշտ`
Սրտիս արտը ճաք,
Դու վերադառնաս
Այդպէս հերարձակ,
Այդպէս համարձակ
Ու ճմլես վերջին
Կակաչները թանկ
Խենթ, աննպատակ
Քո քայլերի տակ...
Հէյ Օտար քաղաք:
Մինչ դու քաղաքիդ
Տեղանքն ես տալիս
Եւ ասում` այնտեղ
Ցուրտ է, սառցափակ,
Ես մտածում եմ
Արեւի՜ մասին,
Որ ընկել է քո
Թուխ իրանի տակ:
Մինչ դու քաղաքիդ
Մասին ես խօսում
Եւ ասում` այնտեղ
Հանդ է ընդարձակ,
Ես նկատում եմ
Մի թաց յովատակ,
Որ արածում է
Ծոցիդ կամարի
Ծիածանի տակ:

Մինչ դու քաղաքիդ
Մասին ես պատմում
Եւ ասում` բոստան,
Ցանք ու ագարակ...
Ես տեսնում եմ մի
Արահետ բարակ,
Որ քաշւել է քո
Քնքուշ քունքի տակ:

Մինչ դու ասում ես`
Հեռաւոր քաղաք,
Տեսնում եմ մի բակ
Եւ քեզ, քո հիւսւած
Ծամերը մէջքիդ
Պայուսակի տակ:

Հէ՜յ դու Ժամանակ,
Հէ՜յ Կեանքի վտակ:

* * *

Այդ ինչպես է քո
Բարեւը բարակ
Հնչում է որպէս
Հրաժեշտ մի թանկ,
Այնինչ ամէն մի
Հնչիւնը նրա
Կարող էր լինել
Արեգակ մի բարկ:

… Մինչ դու տալիս ես
Հասցէդ բովանդակ,
Ես ակնարկում եմ.
- Ես դեռ այնտեղ եմ`
Հեքիաթում դատարկ եւ անբովանդակ:

Մինչ դու ասում ես,
Որ եկել ես մի –
Երեք օր առաջ,
Ես մտածում եմ
Երազի՜ մասին ...
Աւելացնում ես
Թէ` մեկնելու ես
Ճիշտ 22-ին.
Ու մեր բարեւը
Դառնում է՝ ցտեսութիւն`
Մի կտոր արեւ,
Որին ծածկում է
Չսպասւած մի ձիւն...:

Ճիշտ 22-ին.
Իսկ ես որպէս
«Ելք» ու «Փոխհատուցում»,
Ներկայացնում եմ
Քեզ իմ միւսին…
Ծանօթացնում եմ
Այո, երկուսիդ...։

Այդ դեռ վաղուց է
Ասել քերթւածի
Մեր հսկայ այրը`
Այդ կեանքն ու մահն են
Ճիշտ դաշնաւորում
Հիւլէի պարը:

Իսկ ես կանգուն եմ:
Իմ շուրջն է պարում
Ամբողջ սրահը:
Պայթում է պահը,
Պոռթկում է պահը,
Եւ երերում է
Սրահի վրայ բռնկած ջահը...

……………………………………………………

(Եւ արեգակն էր
Հիր եւ առասպել
Ընդ երկինքը կեռ,
Բոսորում, բուրում
Բորբոք բոյրերով.
Եւ արեգակն էր
Միակ գոյութիւնն անհասկանալի,
Բամբ ու բառաչով
Իր անասնային,
Բարկ բարձունքներով իր
Հուրի հանգոյն,
Եւ ոչինչ չկար,
Այլեւս ոչինչ`
Կեանքի պուրակում:

Հազար ցուլ էին մորթում արեւում
Եւ մորթում էին հազար լուսիններ
Արեգակի մէջ
(Որպէս մերկացում
Փայլող արիւնի),
Եւ հազար մոգեր
Սաղմոսում էին
Տիւ ու գարունի
Վայելքը անջինջ:
Եւ ոչինչ չկար, այլեւս
Ոչինչ...

Վայրի, ամեհի ձիաներ քշեց
Արքան արեւի,
Կառքեր սուրացին
Ասպարէզն ի մէջ.
Տէգեր բարձրացան դրօշի թոյրով
Որպէս կիրք ու խիղճ,
Եւ որպէս բորբոք,
Բորբ իմաստութեան արհաւիրք ու խինդ...

Զարկեց արեւին Արքան արեւի
Եւ նա աւելի
Պոռաց շանթերով` թող լոյս եղիցի.
Եւ ոչինչ չկար, այլեւս ոչինչ – իր լոյսից բացի…:
Նա – արեգակը –
Հանգոյն մի պայթած
Մեծ դահանակի,
Ի սպառ հալչում էր իր արեւներում,
Արիւն էր բուրում, զինկ, կապար ու թոյն...
Աւելանում էր այլեւս ոչինչն
Ոչինչն էր այլեւս միշտ աշտարակւում,
Ոչինչն էր անցնում կեանքի պուրակում:

***

Հողմեր երգեցին
Հիր բոցերի մէջ, մարդու բամբ ձայնով,
Ծառեր հատեցին բոցէ մրգերով,
Պարեցին հրում,
Եւ աշխարհից մեծ, մի մեծ դահանակ,
Պայթում էր կանաչ,
Կանաչ բոցերով ինքն իր մեհեանում,
Ինքն իր ակից բոցեր էր վանում,
Իր բոց բերանից
Հրդեհներ հանում
Եւ հագագում էր ոնչի վրայ...

(Իբրեւ մի աստւած
Դաշն ու հրածին
Ու կրկին ինքն էր`
Ոչինչն էր անծին)։

Պայթիւններ եղան,
Ճաք ու փոթորիկ,
Անձրեւներ իջան կարմիր մեղքերի,
Կոյսեր քամեցին ծիծերը կիտրոն,
Պայթեցին կապոյտ
Ուռեր ու շիւեր,
Պոկւեցին Լոյսից
Ինը մոլորակ,
Արեգակնային Համակարգ որպէս:

(Ու մարդը ծնւեց
Ձայներից լոյսի...)

………………………………………………

Այդպէս է, որ քո
Ողջոյն-ցտեսութիւնն
Նոյնացումն է
Եդեմ - գեհենի,
Ուր չկայ ոչ մի
Անջրպետ – տարածք - վա յր
Քաւարանի...

Այդպէս է, որ քո
Բարեւ – ցտեսութիւնն
Յատակ է կարմիր
Մի գինետնի,
Որին լերդացած մարդկային արիւնն
Ոչ մի գին չունի...

Այդպէս է, որ քո
Հրաժեշտ – բարեւն
Գորգ է գեղանի,
Որի զոյգ երեսն
Նոյն խաչը, դաջը,
Նոյն գոյնը ունի...

Վերջում այդպէս է`
Բարեւ - ցտեսութիւնդ ամառ - ձմեռ է
Միեւնոյն գոյնի.
Գաւաթ է, որի
Փրփուրից մրուրն
էլ գինի չունի։

Թեհրան 1978-90.12.18

ՅՈՎՀԱՆՆՈՒ - 14 (1994)
John, Verse 14

Epical Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

Caligula (Marriage of Sonatas) - Կալիգուլա (Սոնետների պսակ)
June 21, 2010 11:30 AM PDT
itunes pic

ԿԱԼԻԳՈՒԼԱ
(ՍՈՆԵՏՆԵՐԻ ՊՍԱԿ)*

Սիրով՝ Ռ. Արզուեանին

I

Շատ դժւար է, երբ որ թողնում ես արդէն
Երազելու կարողութիւնդ անբիծ,
Եւ դառնում է հարթ եւ ուղիղ, որպէս գիծ,
Մինչ այդ պայթող ամէն վայրկեանդ ու րոպէն:

Այլեւ շուրջդ դեռ դառնում են վայրկեաններ,
Որոնց դարձին ականատես ես դու էլ,
Բայց ոչ իբրեւ փառազարդւած կարուսել,
Այլ՝ փառքերը այլանդակող մականներ:

էլ չեն թովում քեզ անցքերը քաղաքի,
Աշտարակներն ընկղմել են խաւարում
Ու նման են ոռնացող շան կզակի...

Այդպէս ուղիդ դառնում է շեղ ու անճիշտ,
Թարթափում ես, ու մնում են ստւերում
Պատանութեան վառ ճամբաները ընդմիշտ:

* «Սոնետների պսակը» բաղկացած է 15 սոնետից եւ ունի այսպիսի կառուցւածք. իւրաքանչիւր բանաստեղծութեան վերջին տողը նոյնութեամբ կրկնւոմ է իբրեւ յաջորդի առաջին տող, իսկ վերջին սոնետը գոյանում է նախորդ 14 սոնետների առաջին տողերից։
Գրականագիտական բառարան
Երեւան – 1980, էջ 278

II

Պատանութեան վառ ճամբաներն ընդմիշտ
Քարշ են գալիս քո ուսերից՝ ծիրանի,
Եւ դառնում են քո ստւերին հովանի,
Այնինչ ինքդ արդէն խորթ ես եւ ուրիշ:

Դու քայլում ես շեղ ու անճիշտ քո ուղին,
Բայց դառնում ես վայրկեանի մէջ, նրա շուրջ.
Ուստի անցնում ժամանակի ծիրից դուրս
Ու քայլում ես ինքդ քեզ հետ, քո կողքին:

Ձեզանից մէկն հարազատ է ամենքին,
Նա քայլում է հարթ ու հանդարտ դէպ գալիք,
Իսկ միւսն՝ դու, չի հանդուրժում ոչ ոքի:

Քանզի նրան բարդոյթներն են սնում միշտ,
Ոխն ու քէնը,, որ մերթ դառնում է չարիք
Եւ ծամում է քո ուղեղն որպէս վիշտ:

III

Եւ ծամում է քո ուղեղն որպէս վիշտ,
Ծաղրի ագռաւն, մոխրակոյտից օրերի,
Իրար տալիս սառած կոյտը մոխիրի,
Թեւ թափ տալիս ու հռհռում ամբարիշտ:

Մոխրակոյտը կարմրում է, դառնում բարկ,
Պսպղում են մանրիկ փայլերը հարուստ,
Երգ է լսւում՝ որպէս հրաչք ի վերուստ,
Բոցի վրայ կանգնում է մի սիրամարգ:

Կանաչ – կարմիր հազարան հաւք մի շքեղ,
Որ ճախրելու, բարձրանալու տենչ ունի
Եւ փորձում է պոկել ոտներն իր անգեղ...

Բայց նա ինքն որսի թիրախ է արդէն,
Շուտով նրա շէկ աչքերը կը հանի
Երազներիդ թեւակոտոր սեւ բազէն... :

IV

Երազներիդ թեւակոտոր սեւ բազէն
Կայծի նման պտտւում է երկնքից,
Չի սարսափում թէժ արիւնից, կրակից,
Հուրի վրայ ողջակիզում է իրեն:

Մոխրանում է,– երբ սառում է կոյտն այդ
Քամու ոգին բզկտում է յար նրան,
Իր ձիգ ձեռքը վրան անում է վրան,
Յանկարծ գտնում քո մատանին ոսկեհատ:

Գաւաթները կրկին զնգում են ոսկի,
Դու յիշում ես չեկած օրերն, որ անցան,
Ինչպէս նիզակ, որ չհասաւ սլացքի:

Դանդաղում ես ու պաղում ես վշտով խոր,
Երբ երազդ դառնում է մի մահարձան,
Երբ թողնում ես այն ամէնն, որ մի օր…:

V

Երբ թողնում ես այն ամէնն, որ մի օր
Քեզ կեանքի մէջ ջերմութիւն են խոստացել,
Դու դառնում ես սրտով աղքատ, հոգով ծեր,
Ու հաւատքդ սրսփում է խեղճ ու կոր…:

Թիթեղի պէս թաւալւում է թաց մայթին
Քո մտքերի ընծայականը շքեղ,
Ու յանկարծ էլ դրան տանում մի հեղեղ,
Որ անպայման տրւելու է անյայտին...

էլ մի յիշիր ոչ անուններ, ոչ վայրեր,
Շշուկ, խոստում, անրջանքներ լուսածիր,
Թաղիր Արքայ, թաղիր անգամ հոգիդ էլ…

Թո՛ղ, մի յիշիր զովից անօսր կանանց էլ
Եւ մէկընդմիշտ, եւ մէկընդմիշտ մոռացիր՝
Նրանց բոյրով ու գոյնով ես ջերմացել:

VI

Նրա՛նց բոյրով ու գոյնով ես ջերմացել,
Որոնք մի օր թւացել են քեզ երա՜զ,
Սակայն յետոյ փոխւել դարձել են վարազ,
Մոռացութեան լճի խորքում մահացել:

Բայց չի անցել ջերմութիւնն երազի,
Արծարծւել է նուրբ անթեղում վերյուշի,
Դու փնտրել ես, բայց չես գտել ուրիշի՝
Հետք չունենայ մեղքի ափի աւազին…:

Դու սիրել ես նաեւ մեղքը եւ մի օր
Մեղքից բացի չես ունեցել ուրիշ ելք,
Ընկղմւել ես նրա յատակը պղտոր…

Սակայն այնտեղ այցելել են նայադներ,
Նրանց վարսի ոսկե թելերը թանկարժէք
Յոյսիդ քողի համար դարձել են նուրբ թել:

VII

Յոյսիդ քողի համար դարձել են նուրբ թել
Նաեւ թեւերն գաղափարի թռիչքի,
Որ ձեւել է գորշ ամպերն երկնքի,
Ամպեր, որոնք գլխիդ տարափ են նիւթել:

Քեզ դաւել է միջավայրը թունաւոր,
Ցաւացել է սիրտդ ցրտից խորթացման,
Հարւածել է մէջքից որպէս ուրագան,
Եղբայրութեան կարգախօսը մեղրածոր…:

Այսպէս ծեծւած, վտարանդի ու թափառ,
Որոնել ես ոգու օջախ,, մտքի հուն,
Որով պիտի գեղեցկանար ողջ աշխարհ…

Բայց աշխարհին ծածանւել են հեշտօրօր
Միայն գերբեր եւ դրօշներ ամէն գոյն,
Այնինչ հիմա լաթ են դարձել մի կտոր…:

VIII

...Այնինչ hիմա լաթ են դարձել մի կտոր
Սովածների պարզած սիրտն ու ջանքը վէս…
Դու տեսնում ես արդէն կեանքդ դարձաւ կէս,
Իսկ միւս կէսն անորոշ է, անանդորր:

Կեանքդ թէկուզ յաճախ սեպել ես փողոց,
Սակայն վրան օդապարիկ ես պարզել,
Հիմա օրդ օդապարիկ է ինքն էլ
Ու ներքեւից թւում է մի մեռած օձ…

Առաջ ինքն օդապարիկն էր շտապում,
Սպասելով յարմար քամու եւ օդի,
Հիմա hովն է նրա թեւերը կապում

Եւ ծամում է օր-դ նոյնիսկ... գիշերով,
Իսկ գիշերւայ անուրջներդ անօթի
Ձեռքիդ տակով շտապում են որպէս հով:

IX

Ձեռքիդ տակով շտապում են որպէս հով,
Խեղանդամւած երազների կտորներ,
Յուշի այրւած ու անաւարտ հատորներ,
Որոնք մի օր թւացին լաստ ապահով:

Լաստ ապահով կեանքի խելառ գետի մէջ,
Յարմար միջոց քաոսի մէջ այս վայրագ,
Ու գրում եմ սոնետների այս պսակ՝
Որ թերթատեմ մղձաւանջն այս էջ առ էջ:

Օ, տիրելու, օ, սիրելու տենչ անմար,
Լաւ է դու կաս, դեռ ապրում ես դու ջահէլ,
Թէկուզ երբեմն մոռացւում ես ինչպէս բառ:

Վաճառւելու համար դու չես, սիրելիս,
Ունենալու համար քեզ պիտ վճարել
Բաներ, որոնք շա՜տ դժւար են ձեռք գալիս:

X

Բաներ, որոնք շատ դժւար են ձեռք գալիս
Ու ձեռք գալիս – չեն համբերում բոյրի պէս,
Շուտ հեռանում, շատ սպասւած հիւրի պէս,
Որ գալիս է… ուրի՜շ հասցէ փնտրելիս.

Օ, բաներ կան, որոնց շատ ենք կարօտում.
Ամբողջ մի կեանք ու թէ եղաւ՝ աւելի՛ն,
Բաներ, որոնք անուն չունեն կոչւելիք,
Սակայն մեր խեղճ ասելիքն են յօշոտում:

Գիտէք, նրանց լաւութիւնը հէնց դա է,
Որ չեն գալիս, սակայն գիտենք, որ դեռ կա՛ն,
Ինչպէս նոր բառ մագաղաթում մի քարէ…

Վատ են, քանզի միշտ գալիս են անվրդով,
- Օ, հատ ու կենտ, օ, տասնամեակ մի անգամ,-
Ու չեն գալիս, ինչպէս պահերը՝ հերթով:

XI

Ու չեն գալիս ինչպէս պահերը՝ հերթով,
Թէ չէ նրանց կը սպասէինք «մի քիչ էլ».
Այդ մի քիչ թող որ անցնէր կեանքից էլ,
Միայն կեանքը լեցուն լինէր հաւատով:

Կեանքը լեցուն լինէր սիրոյ երկունքով,
Սակայն մեր դէմ խորխորատ է անյատակ,
Ու լինելու տեսլականը՝ յովատակ,
Վարգում է հէնց այդ անդունդի պռունկով...

Դու տանում ես «տեսականը» քեզ հետ տուն,
Փայփայում ես հանց հարազատ խիստ մօտիկ,
Յետոյ ղրկում որպէս դեսպանդ՝ հեռուն:

Ճակտիդ թելը քիչ-քիչ փոխւում է սեւ-ի,
Յերիւրանքներն կաթկթում են - հասուն միրգ,
Ձեռք են գալիս, ինչպէս կաթիլն անձրեւի...

XII

Ձեռք են գալիս ինչպէս կաթիլն անձրեւի,
Նախ քիչ, ապա՝ յորդառատ ու ամպագոռ,
Քեզ դարձնում են «կամայական», «խելացնոր»,
Ով իշխել է ուզում նոյն իսկ արեւի՜ն:

Ոչ ոք գիտէ, թէ քո հոգում պատանի
Մի օր նրբին մի եղնիկ են արնոտել,
Տիբերիոս կայսրն է ոսկիդ աղտոտել,
Միւս նժարում դնելով կեղծ մատանի:

Զոյգ նժարը ծիծերն են իր բոզերի,
Մի կողմում դու՝ միւս կողմում ե՜ս-դ խեղճ,
Որ պիտ տրւէր մարգարտի պէս խոզերին...:

Այսպէս ինքդ քեզ էլ հաշիւ չես տալիս,
Երբ որ ծպտւած թափառում ես մարդկանց մէջ,
Երբ փողոցում մորմոքում ես ու լալիս:

XIII

Երբ փողոցում մորմոքում ես ու լալիս,
Ոխիդ ցուլը կատաղում է առաւել,
Որոնում է ամպեղէն կոյս, հարս ջահէլ,
Կին, պերճաղիճ... եւ նոյն վճիռը տալիս.

- Ինչպէս ես եմ թէ՛ մուրացիկ, թէ՛ արքայ,
Թագուհիներն հաւասար են... տիկնիկի,
Այս կապիկը զօրապետ է բանակի,
Եւ այս գողը դատաւոր է ձեզ վրայ…:

Ւրաւունքից դուրս ես ելնում սահմանւած,
Ուստի խստիւ կանոնին ես ենթարկւում,
Այն է՝ իշխել, իշխել ազատ, զերթ չաստւած:

Դա հասցնում է քեզ «Մեծ գժի» համբաւի,
Վառ պսակիդ խաւար թուխպ է կուտակում,
Ու դրա գալն չես էլ զգում երեւի:

XIV

Ու դրա գալն չես էլ զգում երեւի.
- Քեզ դաւադրող Ոգու ստւերը հուժկու,–
Որ աչքերդ պիտի փոխի ապակու
Եւ քունքերիդ մեհեանները աւերի:

Մթան միջից քեզ է նետւում մի ձեռնոց,
Իսկ դու մարդկանց վերածում ես ձկների,
Քղամիդդ հասնում է քո ծնկներին,
Այնինչ պոչդ երեւում է որպէս օձ…:

Այդպէս, ինչպէս յաւերժացար փողերին,
Քո հայեացքը միշտ մնում է քարացած,
Չհասնելով բզիկ-բզիկ կողերիդ:

Եւ մնում ես պատմութեան դէմ դու անզէն,
Հեշտ է, երբ որ հաւաքում ես վէրքդ թաց,
Շատ դժւար է, երբ որ թողնում ես արդէն…:

XV

Շատ դժւար է, երբ որ թողնում ես արդէն
Պատանութեան վառ ճամբաները ընդմիշտ,
Եւ ծամում է քո ուղեղն որպէս վիշտ,
Երազներիդ թեւակոտոր սեւ բազէն:

Երբ թողնում ես այն ամէնն, որ մի օր
Նրանց բոյրով ու գոյնով ես ջերմացել,
Յոյսիդ քողի համար դարձել են նուրբ թել,
Այնինչ հիմա լաթ են դարձել մի կտոր:

Ձեռքիդ տակով շտապում են որպէս հով,
Բաներ, որոնք շատ դժւար են ձեռք գալիս
Ու չեն գալիս ինչպէս պահերը՝ հերթով:

Ձեռք են գալիս, ինչպէս... կաթիլն անձրեւի,
Երբ փողոցում մորմոքում ես ու լալիս
Ու դրա գալն չես էլ զգում երեւի:

ԹԵՀՐԱՆ 1991.5.12
ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑԵԱԼ ԷՄԻՐՈՒԹԻՒՆՆԵՐ 1991.6.12

ՅՈՎՀԱՆՆՈՒ - 14 (1994)
John, Verse 14

Epical Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan

ՀԱՅԿ ԴԻՒՑԱԶՆ - The Epical Hayk
June 21, 2010 10:23 AM PDT
itunes pic

(Poem Reading By Razmik Arzooian)

ՀԱՅԿ ԴԻՒՑԱԶՆ

գրեց՝ ՎԱՐԱՆԴ
2009

Հայոց հին ամանորի՝ Նաւասարդի առիթով
(օգոստոսի 11)
Հայկ Դիւցազն
(Ասք՝ արիական եւ առնական)
ՊՈԷՄ
ՎԱՐԱՆԴ

Ձօն՝

Հայաստանի անկախութեան
4500-ամեակին

The Epical Hayk
By
Varand
2009

Սլաք Առաջին

(Նախերգանք)
...Վերադառնում եմ
Սկիզբս նորից
Ու փնտրում եմ ինձ
Քաոսում այս չար.
Ես, որ գալիս եմ՝ Տապանից՝ Նոյից,
Չեմ առել վրաս դեռ տապանաքար,
Դեռ չեմ վերացել
Ճանապարհին գիժ,
Ահեղ դարերի թաւալման մէջ բիրտ,
Վզիս երակներն ուռչել են յաճախ,
Բայց չեն կտրւել սուսերներից խիստ.
Փշրել եմ հազա՜ր ապառաժ ու քար,
Ճանապարհ բացել լեռներում կոպիտ,
Լեռներս իրենք դարձել են տապար
Եւ գլխատել են
Թշնամուն անսիրտ.
Ինձ հետ բերել եմ ժամանակ, անցեալ,
Ինձ հետ բերել եմ
Ե'ւ սիրտ, ե'ւ հոգի,
Բերել եմ ինձ հետ
Միտք ճառագայթեալ
Եւ պողովատեայ զրահներ կամքի.
Ինձ հետ բերել եմ
Ճարտար խօսք, լեզու,
Այբուբեն հարուստ՝
Շնորհ ի վերուստ,
Նաեւ սիրելու զեփիւռներ նազուն,
Որով արցունքս
Հոսել է ներքուստ.
Սրտիս զով լճից թեւել են երգեր՝
Թիթեռներ կապոյտ՝
Կոշմարիս վրայ,
Մատներս փորել են
Ժայռը, որ ժայթքի
Երկրիս կրակը լամպարիս վրայ՝
Հանճարիս վրայ.
Շողն այդ չտանի
Ոչ մի խորթ ճամբայ,
Հուր-ձեռք ու ողով
Արմատւեմ քարին,
Չդառնամ երբեք
Հողին դաւաճան,
Չդառնամ օտար ափերին գերի,
Չգտնեմ օտար ափերում վախճան,
Այլ աւիշ ու նիւթ՝
Հիւթեղ իմ ծառին,
Կեանքս նւիրեմ
կեանքերի հաշւին,
Կամքս թուլանայ...բարեգործելիս,
Բայց նաեւ քերե'մ
Թշնամու կաշին՝
Արեանս գինը
Քաշով փորձելիս...
............................................
............................................
.............................................
............................................

Սլաք Երկրորդ

Քար դնեմ քարին,
Կառուցեմ երկիր,
Երկիրն իմ հազար գազան է կերել,
Դար դնեմ դարին,
Բարձրանամ երկինք,
Ուր Լուսաւորչի կանթեղն եմ վառել
Ու յիշեմ՝ ինձ հետ
Եղել է Բաբէլ,
Եղել է Շումեր, եղել Եգիպտոս,
Եղել Փրուգիա,
Լիդիա, Ասորիք,
Քաղդէ ու Աքքադ,
Իսկ հիմի՝ «ափսո՜ս...»:
Ես պայքարել եմ
Կամքով բարբարոս,
Յարատեւել եմ
Մոլեգնմամբ սաստիկ,
Վերածնւել եմ վարդի պէս անխօս,
Թերթերիս մէջ՝ խոր խորհուրդներ,
Գաղտնիք.
Իմ բարձրացումի ճամբին
Սուր փշով
Խոցել եմ ճանկն այն՝
Փորձել է պոկել,
Սակայն արցունքիս
Կաթիլը կարմիր
Դարձել է գինի
Գաւաթում ընկեր.
Ես մերթ դժոխքի վիհերն եմ ընկել,
Մերթ սաւառնել եմ փառքի պսակին,
Մերթ յաղթանակիս
կտաւն եմ ներկել,
Մերթ կրել խաչը սեւ տառապանքիս...

Մերթ խնդացել եմ,
Յաճախ ողբացել,
Մերթ խստացել եմ,
Մերթ հալչել՝ բացւել,
Յաճախ կղպւել եմ, դարձել եմ գերի,
Բայց եւ հասել եմ
շեմն այս նոր դարի,
Երրորդ հազարի,
Երրորդ հազարի՜...

Ու վերադարձիս
Ճամբին ես հիմի,
Մէկ աչքս դէպի գալիքը անյայտ,
Միւս աչքովս
Դէտն եմ այն կէտի,
Որից սկսւել է
Ճանապարհս բարդ.
Ուսիս՝ ծիրանի,
Գանգիս սաղաւարտ,
Փնտրում եմ Արմատ,
Կրկնում եմ «Յար անդ»,
Կրկնում՝ հուր...յար... անդ...
տեսնում եմ՝ «Հուր-անդ»,
Բեւեռւում երկինք,
Դղրդում է՝ «Դինք»...

...Ալեկոծւում է բազմութիւնն ահեղ
Բիւզանդ... քաղաքի,
Մայթը խեղդւում է
Մէկ ու կէս միլիոն պսակների տակ
Արնաթոյր ծաղկի,
Դրօշ է դառնում կերպարը Դինքի,
Ոգի սխրանքի,
Եւ ա'լամն այդ
Դառնալով նիզակ,
Մխրճւում կողը Թուրան ջադուկի.
Ալեկոծւում է բազմութիւնն անհուն,
Ասես մորթում են
Սեւ մի վհուկի,
Որ իր վզին է կրում յուռութքը
Մութ ուրացումի
Մեր արեան մեղքի.
«Մէկ ու կէս միլիոն թւին յաւելէք
Նաեւ այս մէկին,
Նաեւ այս մէկին,
Որ մենք ազատւենք,
Է'լ ձերբազատւենք
Կարմիր նզովքից
Այս նոխազ ազգի...»:

Ալեկոծւում է քաղաքը Բիւզանդ...
Ասես ճաքել է
Երդը երկնքի,
Աղաղակում է սոյլն անհնազանդ.
«Մենք էլ արմէն ենք,
Մենք էլ հայ ենք մի»:

(...Վարդեր, օ, վարդեր, վարդեր հեթանոս,
Այստեղ է երկնել
Վարուժանը բոց,
Այստեղ խիզախել խօլ Սիամանթօն,
Ռուբէն Սեւակը առել մահւան խոց,
Այստեղ խենթացաւ
Կոմիտասն անմեղ,
Զոհրապի ճակատն
Ճեղքեցին այստեղ,
Այստեղ այրեցին բժիշկ, փաստաբան,
Այստեղ ջարդեցին գանկ ազնւական,
Չերգեցին նրանց պատարագ,
Սաղմոս,
Այլ վրան խուչկեց հաստաբեստ, սեւ օձ...):

...Օ, վարդեր, վարդեր,
Վարդեր սրտամօտ,
Ծաղկունք սրտակից
ու արցունքահոտ.
«Մեզ էլ ընդունէք
Ձեր սրտերին մօտ,
Դաստակից մեր թող չգայ արեան հոտ»...

Սլաք Երրորդ

...Սակայն քիչ անդին՝
Արցախում արնոտ,
Ամէն առաւօտ սպասւում նոր բօթ,
Ամէն գիշեր պիտ լինել խիստ
պատրաստ,
Որ վրայ չտայ
Գէլի բրդոտ թաթ:

Օ, զաւակներ իմ,
Օ, եղբայրներ իմ ազնիւ ու անպարտ,
Ինչպէ'ս մաքրեցիք Ղարաբաղն իմ
Հրէշից հպարտ,
Հպարտ չէ՝ լկտի գազանից գոռոզ,
Որ ժանիքւում էր՝ իբրեւ վայրի խոզ:

Ո՜վ իմ որդիներ՝
Համեստ ու հերոս,
Որ ձեր սարերի զովերում զմրուխտ
Արիւն-կրակով
Կնքեցիք սուրբ ուխտ՝
Սրբել դեւերից լեռնաշխարհդ կոյս,
Երկնքից կախել
Վճիտ արշալոյս...

Ո՜վ «Կարօտ», «Պետօ»,
«Բեկոր», խեւ «Դուշման»...
Երկնային լոյսերն ձեզ զով օթեւան,
Գորշ գէլի լեղին՝ սահմանից հեռո'ւ,
Պէտք լինի՝ հողից կելնէք՝
Գոռ ուրու:
...............................................
...............................................

Սլաք Չորրորդ

Իմ երթի ճամբին,
Արցախից առաջ,
Լսում եմ դղիրդ՝ զէնքերի շառաչ,
Դա տղաներն են
Իմ արդարադատ,
Որ զգետնում են թշնամուն նւաստ.
Է'յ ջան, որդիներ,
Հերոսներ հպարտ,
Որ աշխարհի
խորթ խաչմերուկներում
Լսելի դարձրիք
Ձայնը մեր արեան,
Զի փորձում էին
Հեռւից կէս դարի
Խեղդամահ անել
Դիպլոմատակա՜ն
Տիղմի մէջ՝ ցեխի՝
Կանչն իմ ցեղի:
Եւ Լիսաբոնից
Մինչ Կալիֆորնիա,
Նիդերլանդներից մինչեւ Վիեննա,
Մադրիդից Բելգրադ,
Ժընեւից Փարիզ,
Մեր Դատի կիզող անապատի մէջ՝
Կապոյտ ովազիս:

Փա՜ռք ձեզ, տղաներ,
Որդիներ ազիզ...

Սլաք Հինգերորդ

...Աշխարհակործան կռիւ-պատերազմ,
Ազգը ազգի դէմ,
«Մարդը մարդուն՝ գայլ»,
Իմ զաւակները
Կրկին մտած ռազմ,
Արձակեցին նոր խիզախումի փայլ:
Չնայած երկիրս
Բռնւած էր խիստ
Կարմիր հրէշի
Ճանկերում երկաթ,
Ու բռնատէրը
Տւել էր անսիրտ
Թուրքին՝ ձիգ հողեր ու լեռն Արարատ,
Սակայն իմ մի բուռ հողը պիտ փրկւէր՝
Չվերանայինք այրւող քարտէզից,
Մինչեւ փրկութեան
Այգաբացը գար,
Ծիրանի փողը
Հնչեցւէր նորից...

Բռնատիրութեան առաջին օրից
Կռներն վեր ցցեց
Ցեղն իմ յանդուգն,
Եւ Փետրւարեան
Կայծի որոտից
Կոթողւեց կրկին
Դրօշն Եռագոյն:

Եռագոյն, իմ սիրտ, իմ կերպար, իմ շունչ,
Գաղափարի սիւն,
Կրծքի ծաղկեփունջ,
Դու՝ մտքի արծիւ,
Ոգու խիզախում,
Եռագոյն՝
Արեան իմ ալեբախում...

Քանի՜- քանի՜ շահ
Դարեր ջանացին,
Որ դու չլինես,
Քանի՜- քանի՜ ջահ
Վառեցինք, որ քո
Դեղձանը գոյնես,
Քանի խան-սուլթան
Մթագնեցին քո
Երկինքը մաքուր,
Քանի՜ ցար-օսման
Ճմլեցին սիրտդ իբրեւ
Կաթող նուռ...

Մինչ փողփողալդ
Քանի՞ Վան, Ուրֆա ու Գարահիսար,
Մինչեւ շողալդ
Քանի՝ Մուսա Լեռ ու Սարդարապատ,
Մինչ փոթորկւելդ՝
Բաշ-ապարան ու Ղարաքիլիսա,
Մինչ կոթողւելդ՝
Քանի՞ կալանում,
աքսոր, բերդ ու բանտ...:

Հէ՜յ, դու դարերի լուսէ աւետիս,
Հէ՜յ, դու դիւցազուն
Վրէժ-Նեմեսիս:

* * *

«Նեմեսիս»՝ Միսաք, Արշաւիր, Արամ,
Թեհլիրեան, Շահան,
Ստեփան Ծաղիկեան...
Դուք խաւարներում արնալոյս ոգի,
Եւ ընկաւ
«Սադանաքիա»-ն
անկենդան:
..................................
..................................

Սլաք Վեցերորդ

... Խռնւում են դեռ
Մտքիս յանդիման
Ֆիդայիները մեր ծուռ ու տիտան
«Բաբէ-Ալի»-ից
Մինչեւ «Գումգափու»
Եւ Խանասորից
Մինչ «Բանկ Օտտոման»:

Հէ՜յ Սասուն, Սասուն,
աշխարհ դիւցազուն,
Հէ՜յ Զէյթուն, Զէյթուն,
այդ ո'ր կռւանով
Պարզեցիր բոցիկ՝
վէս ապստամբութեան
Օսման Աղւէսի
Ֆեսի յանդիման:

...Դրօշդ առիր թերեւս Դաւթից,
Մաշկւած Թաթուլից կամ Սպարապետից,
Առնականութիւն՝
Աշոտ Երկաթից,
Ուժ՝ Բագրատունի
վսեմ Սմբատից:

Եւ այսպէս գնդերն
Դառնում են տեսիլ,
Տեսիլները՝ զօրք, ջոկատ եւ շտաբ,
Պաշտպանում են քեզ վայնասունից զիլ,
Երբ արշաւում են սելջուկ եւ արաբ,
Մոնղոլ ու մամլուք,
Հոռոմ եւ քուշան,
Նենգ բիւզանդացի,
Մոխիր-ատրուշան,
Բայց եւ՝ մի Մուշեղ,
Գէորգ, Գայլ Վահան,
Որ փրկում են քեզ
...Կլափից Սեւ շան...

(Թո'ղ որ՝ մէկ-երկու Վասակ, Մերուժան,
Նրանք կրկէսի կապիկ են էժան):

Եւ աչքերիս դէմ՝
պատմութեան շղթան
Զնգում, ձգւում է
Մինչ Կարմիր Վարդան,
Փակւում է ոտքին
առնականութեան,
Եւ կռնատւում է Արտաւազդ արքան:

Ապա՝ Արտաշէս,
Վարազդատ, Տիգրան,
Արգիշտի, Պարոյր,
Մենուա, Երւանդ,
(Մղձաւանջումս՝
Տորք, Արա, Վահագն...
Բոցե՜ր, բոցերից՝ հրդեհ եւ հուր... անդ...)
Յար անդ...
Հասել եմ այգը պատմութեան,
այգը պատմութեան
Եւ չեմ գնալու կրկին պարտութեան...

Սլաք Եօթերորդ

...Դէմից գալիս է
Մի գէշ ուրւական,
Մօրուսն մանր հիւսած՝
Ասորի արքան,
Մշուշից ելնում իբր հսկայ բայղուշ,
Ինքնակամ, գոռոզ եւ ամբարտաւան.
Ցուլի պէս ցցւում,
Ցնցւում կճղակին,
Մի պահ շողում է օղը թաց ռունգին,
Կամենում է մեզ
Գերութեան տանել,
Կայծակում եմ ես՝
- Անէացի'ր, Բէ'լ.
Հանում է նա իր
Թուրը կարճ ու հաստ,
Ես իմ աղեղը լարում եմ՝ պատրաստ,
Բռնում է կոպալ,
Ես՝ նետ եռաթեւ,
Օդում կախւում է
Զարկ մի՝ յարատե՜ւ...

... Ճռճռոց, սուլոց, շաչիւն ու շառաչ...

(2490՝ Յիսուսից առաջ)
.........................................
.........................................

...Ճամբայ եմ ընկնում
Իմ ուղով նորից
Ու գտնում եմ ինձ
քաոսում այս չար,
Ես, որ գալիս եմ Փոքր Մհերից՝
Չեմ առնի վրաս
Սեւ տապանաքար.
Ես՝ դեւի աչքին սեւ ու սէգ սարդար,
Շէկ հողմի բաշին՝ կարմիր զօրավար.
Ինձ հետ կը բերեմ ժամանակ, անցեալ,
Ինձ հետ կը բերեմ
Ե'ւ սիրտ, ե'ւ հոցի,
Կը բերեմ ինձ հետ
Միտք ճառագայթեալ
Եւ պողովատեայ զրահներ կամքի.
Ինձ հետ կը բերեմ
Ճարտար խօսք, լեզու,
Այբուբեն հարուստ՝
շնորհ ի վերուստ,
Նաեւ սիրելու զեփիւռներ նազուն,
Որով արցունքս
Կը հոսի ներքուստ:
Սրտիս զով լճից
Կը թեւեն երգեր՝
կապոյտ թիթեռներ՝
Կոշմարիս վրայ,
Մատներս կը փորեն
Ժայռը, որ հոսի
Երկրիս արիւնը՝ հանճարիս վրայ.
Չեմ դառնայ երբեք հողին դաւաճան,
Չեմ դառնայ օտար ափերին գերի,
Չեմ գտնի օտար ափերում վախճան,
Այլ աւիշ ու նիւթ՝
Կենաց իմ ծառին.
Կեանքն իմ կը տամ կեանքերի հաշւին,
Պարկեշտ կը լինեմ,
Սակայն ոչ նւազ,
Նաեւ կը քերթեմ թշնամու կաշին՝
Փորձի երազս դարձնել փուչ-աւազ...

Ես ասք եմ, ազգ եմ,
Մասունք եմ, մուրազ,
Ես կամք եմ, ջանք եմ,
Մասիս եմ, Արազ.
Հայոց լեռներում
Արծիւ սրատես,
Ես Հայկն եմ դիւցա՜զն...

26-29.6.09 Թեհրան

ՑԱՅԳԱԾԱՂԻԿ - Morning Flower
June 20, 2010 11:39 AM PDT
itunes pic

Ցայգածաղիկ

Դո՞ւ էիր, թէ՞ քո ուրւականն էր լուրթ,
Այնտեղ, որ ափի-ծովի սահմանին
Ծնւում էր երազ,

Վարսերը դրած

Իրականութեան մահճի սաւանին։

Դո՞ւ էիր իրաւ, քո սիլւե՞տն էր պարզ,
Որ զեփիւռի պէս, արծաթ կածանին,
Մարմնաւորում էր՝
Բիւր ցայգածաղկի,

Գիշերւայ զովի

Բոյրերը անդարձ

Ու նւագի հետ
Անցնում անհունին։

Արդէն խօսել եմ
Սիրոյ առեղծւած ծնունդի մասին
Եւ գիտեմ, որ նա
(Սէրը միածին)
Ելել է ծովից.
Թերեւս սկզբում
Ունեցել է կերպ՝ թեփուկի,

ձկան,

մարգարտի, գուցէ

եղել է խեցի.

Ստոյգ է սակայն՝
Դրա համար է սէրը անսահման,

Զի նախահայրը

Ովկիանն է անծիր։

Դո՞ւ էիր, թէ՞ քո ուրւականն էր այն…

Ինձ հետ էլ եղաւ
Կարեւոր մի բան
Առաջին անգամ ծովը տեսնելիս։
Երեւի տեսայ

առաջին անգամ
երկինքը պառկած՝
հրճւանք գրկաբաց,

Երեւի տեսայ՝ անսահման, որին

կարող ես մերւել,
չմեռնել սակայն,

Չէ՞ որ ետմահո՛ւ կարող ենք

ճեղքել անհունը միայն։

Ինձ հետ էլ եղաւ
Կարեւոր մի բան,
Ու այնուհետեւ… էլ ինչե՜ր չեղան։

Նախ մեզ ասացին՝
Սպասէ՛ք, համբերէ՛ք.
Ճիշտ էին նրանք.
Մինչ ափը կարգին,

Պէտք էր համբերել՝

սպասել անպայման,

Բայց դրանից չէ՞ր՝
Մեր մէջ քարացաւ,
- Արդէն անհարկի,

փոխւած արգելքի,-

Պատւար-պատնէշը՝ համակերպութեա՜ն…։
Ու դրանից չէ՞ր՝
Բնազդը մեր վառ
Մարգարտի նման

խփւե՜ց, փշրւե՜ց,

Իր տեղը տալով
Արդէն համ հանող

«ծո՜վ համբերութեան»։

Առաջին անգամ
Ծովը տեսնելիս
Ինձ հետ էլ եղաւ
Կարեւոր մի բան,-

լա՛ւ բան անպայման,-

Իսկ քեզ տեսնելիս
Նոյն այդ ծովի մօտ,
Հասկացայ՝ լաւը այդ դո՜ւ ես միայն։

Խորհում եմ սակայն՝
Դո‏՞ւ էիր, թէ՞ քո ուրւականն էր այն.
Գիտե՞ս, կասկածը
Երբեմն լաւ է, տեղի՛ն, դրակա՛ն,
Քանզի ասւել է՝

«ճշմարտութեան սալը
խստիւ է դաժան՝
ծանր է անսահման,

Ում վրայ պառկի՝
Նրան կը դարձնիդիակ անկենդան. . . »:

Դո՞ւ էիր, թէ՞ քո ուրւականն էր այն…

Կասկածը որքան
Լինի դրական,
Ստոյգ է մի բան՝
Մինչ քեզ տեսնելը
Կեանքս եղել է
Քամու դէմ… Ուռկա՜ն։

. . . . . . . . .
. . . . . . . . .

Հիմա գնո՜ւմ ես…

Հաւատա՞լ դրան.
Ես չեմ կասկածում քո ճշմարտութեան,
Սակայն յուսով եմ՝
Բիւր ցայգածաղկի,

գիշերւայ զովի

բոյրերի նման,

Անհուն անցնողը՝

էլ չդարձողը,

Լինես ո՛չ թէ դու,
Այլ քո սուտ, անգոյ

Ուրւականը այն…

Ուրւակա՜նը այն…

29.3.04

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿԱՐՕՏ - Night Longing
June 20, 2010 11:35 AM PDT
itunes pic

Գիշերային կարօտ

Գիշեր է, այնպէս կարօտել եմ քեզ,
Լռութիւնդ նուրբ, հմայքդ հրկէզ,
Որ թւում է թէ՝ ոչինչ աշխարհում
Չի եղել այսքան առինքնող ու հեզ։

Գիշեր է, այնքան կարօտել եմ քեզ,
Որ թւում է թէ լոյսերն ամենուր
Մարւել են, որ քեզ է՛լ չգտնեմ ես,

Կամ հակառակը՝ գամ անտե՜ս, անլո՜ւր…

Գիշեր է, այնպէս կարօտել եմ քեզ,
Աչքերդ համեստ, վարսերդ ոսկէ,
Որ բաւական է նայել՝ լուռ, անտես,
Էլ պէտք չե՜ն բառեր, էլ պէտք չե՜ն խօսքեր։

Գիշեր է, այնպէս կարօտել եմ քեզ,
Որ մէկ հպումը կը վառի լոյսեր,
Յաջորդ հպումով արդէն հրակէզ
Կորած արեւը կը բարձրանայ վեր…

Սակայն… գիշեր է, կարօտել եմ քե՜զ…

19.7.03

ԻՐԻԿՆԱՅԻՆ ԿԱՐՕՏ - Evening Longing
June 20, 2010 11:24 AM PDT
itunes pic

Իրիկնային կարօտ

Կուզենայի արդ քեզ հետ
Զուր թափառել փողոցով,
Իրիկնային զովը ինձ
Հասնէր աչքիդ մեղմ բոցով.
Կուզենայի չունենալ
Ո՛չ հանգրւան, ո՛չ հասցէ
Ու սպառել ժամը մեր
Անկապակից զրոյցով։
Կուզենայի քիչ մրսել
Ու սարսռալ զովից թաց,
Պատրւակել, մօտենալ
Ու ջերմանալ քո ծոցով.
Կուզենայի… խաբե՜ս ինձ՝
Չքմեղանաս, շփոթւես,
Չարչարւէի ես մի քիչ
Կասկածանքի նուրբ խոցով.
Կուզենայի փորձել ինձ,
Թէ որքա՛ն եմ կենդանի
Ու դեռ որքան եմ խայթւում
Մէջս նիրհած խանդ-օձով։

Կուզենայի լքել քեզ,
Տարակուսել, փոշմանել,
Ընդունէիր ինձ նորից
Թեթեւ ու փոքր մի լացով.
Կուզենայի թեթեւնալ,
Զգալ շունչը գիշերւայ,
Թեթեւութիւնս կշռել
Կոճակներիդ փակ-բացով…

Եւ կուզէի խոնջանալ,
Մտնել տունդ ջերմ այնքան,
Որ դղեակի է նման,
Իմ «սեփական» բազմոցով…
. . . . . . . . . . . .
Կուզենայի արդ քեզ հետ
Զուր թափառել փողոցով…

10.9.94

ԽՈՐՀՐԴԱՒՈՐ ԿԱՐՕՏ - Mysterious Longing
June 20, 2010 11:17 AM PDT
itunes pic

Կարօտի աստղեր

Մի խորհրդաւոր կարօտ է հիմա սիրտս ներխուժում,
Ես եմ ու մի կին, որի աչքերն է սեւորակ մուժում
Ու մենք քայլում ենք երկար մայթերով, ասես անրջում
Այդ կարօտը ինձ նւաղեցնում է, բայց նաեւ բուժո՛ւմ։

Այդ մայթերն երկար աշխարհն են մեզ հետ դարձնում ու քաշում,
Մենք զուգահեռ ենք քայլում, բայց նաեւ իրար ենք դաջւում.
- Երկու զուգահեռ գիծ հանդիպում են միայն յաւերժում,
Ուստի մենք քայլում ու անհուններն ենք բաժանում, մաշում։

Պողոտան գնում, սակայն տարածքը ասես մեզ կպչում,
Զատւում է ամէն քառուղու վրայ ու նորից խաչւում.
Դրա համար էլ ո՛չ մեղք ենք զգում եւ ո՛չ մեղանչում,
Անսահման տուժում, բայց սահմանները երբէք չենք ջնջում։

Մի խորհրդաւոր կարօտ է հիմա սիրտս ներխուժում…

24.11.94

ԿԱՐՕՏԻ ԱՍՏՂԵՐ - Longing Stars
June 20, 2010 11:12 AM PDT
itunes pic

Կարօտի աստղեր

(Իսպանական ակորդ)

Կրծքիս երկնքի խաւարն այրում են
Կարօտի աստղեր, ցոլքեր կարօտի.
Քո սէրն իմ սրտում որքա՜ն անհուն է,
Ու մաշկս՝ մաշկիդ՝ որքա՛ն անօթի։

Կաշուցս այն կողմ՝ արիւնս՝ արիւնիդ,
Ռունգերս՝ շնչիդ՝ բուրմունքիդ կարօտ.
Աշունից այն կողմ՝ գարունս՝ գարունիդ,
Անունս անունիդ՝ ակունքիդ կարօտ։

Մթան կիսում է դաշոյնը յուշիս,
Ինչպէս կարօտս՝ ծրարդ ծանօթ.
Աչքս ծակում է, հանց ծայրը փուշի՝
Ճերմակ նամակդ, առնում վարդի հոտ…։

Մոմից քամում եմ մեղեդի լոյսի,
Գինուց՝ մեղրի գոյն՝ մինչեւ առաւօտ.
Գոյնից քաղում եմ ծաղիկներ յոյսի,
Ծաղկեփունջ դնում լուռ գիթարիս մօտ։

Մութ սնարիս մօտ վառում եմ երազ,
Որ ուղիդ պահեմ ցոլքով կապոյտի.
Գուշակ աստղերը ասեմ են՝ կը գա՜ս,
Կաշիս չի մնայ կաշուդ անօթի…

20.4.03
Զատիկ
Թեհրան

ԻՄ ՉԱՐ, ԻՄ ԱՆՄԵՂ - My Naughty, My Innocent
June 20, 2010 11:06 AM PDT
itunes pic

Իմ չար, իմ անմեղ

Դու մերժո՞ւմ ես ինձ…
—Անշուշտ դու էլ քո

պատճառներն ունես,—

Իսկ ե՞ս…

Տանջւել եմ
Ողջ ապրողների մահւան սարսափով,
Ողջ մեռելների կարօտով՝ կեանքին.

Ու հիմա կրկին՝

Նորից նոր տաժանք,
Նորից նոր կարօտ,
Նորից նոր կորուստ
Ու նորից նոր… Հի՜ն միամտութիւն,

Որից փրկւելու

Ոչ մի զէնք չունեմ,
Որից փրկւելու
Ոչ մի ելք չունեմ,
Ոչ մի ձեռք չունեմ,
Սակայն… ե՛րգ ունեմ.
Երգում ինչպէս միշտ՝

Վէրք ու հեւք ունեմ,
Հեւք ու վէրք ունեմ,

Սակայն այս անգամ,

Ո՜չ, երգ էլ չունեմ,
Լոկ կռահում եմ՝
Դու մերժում ես ինձ

եւ անշուշտ յարգի
պատճառներ ունես,

Իսկ ե՞ս…

Ի դիմաց
Սարսափում եմ ողջ ապրողների չափ,

Կարօտում եմ ողջ մեռելների տեղ։

Իմ լա՜ւ, իմ ահե՜ղ,
Իմ վա՜տ, իմ անմե՜ղ…

26.2.04

ՄԻԱՅՆ ԱՍԷԻ… - Only To Say
June 20, 2010 11:02 AM PDT
itunes pic

Միայն ասէի

Անցնէի բոլոր ծառերի միջով,
Անցնէի ոլոր փողոցներով մութ,
Անցնէի վերջին ձեր կամուրջն էլ ցուրտ,
Ու վերջին հեւքի իմ վերջին շնչով
Միայն ասէի՝ շատ եմ կարօտել…

Անցնէի ինքս իմ դիմաց վէճով,
Անցնէի մի քիչ վրդոված խղճով,
Մեծ տառապանքով,
Բաւարարւէի անդորրի՝ քչով,
Միայն ասէի՝ շատ եմ կարօտել։

Մի քիչ պար գայի սառցի ապակուն,
Մի քիչ ման գայի, թրջւէի մի քիչ,
Ճիւղից լսէի

կասկածելի ճիչ,

Ճամբաս ուղղէի,
Գայի դուռդ ճիշտ,
Միայն ասէի՝ շատ եմ կարօտել։

Մէլ էլ դառնայի զղջած, փոշմանած,
Մէկ էլ դառնայի վէրքը թշնամեաց,
Վերադառնայի թեթեւցած խղճով,
Մէկ էլ…

Թո՛ղ լինէր որեւէ ոճով,

Միայն ասէի, ասէի հաստատ՝

շատ եմ կարօտել,

կարօտել եմ շա՜տ…

11.12.03

ՔԱՆԶԻ ԱՄԷՆ ԻՆՉ… - Because of Everything
June 20, 2010 10:57 AM PDT
itunes pic

Քանզի ամէն ինչ

Ճրագները նոյն բանից են խօսում,
Պողոտաների աս‎ֆալտները թաց,
Սեւ տերեւները նոյնն են փսփսում-.
Դու չկաս, չկաս…
Շապկիս տակ ինչ-որ հնոց է բացւում
Ու կարօտներ են առկայծում հանգած,
Նոյն մոխրագոյնն ու մէգն է փողոցում՝
Դու չկաս, չկաս…
Ողջ քաղաքների քնքշանքը պէս-պէս,
Հորիզոնների փակւածքները բաց,
Որպէս ծաղկեփունջ ընծայում եմ քեզ,
Բայց չկաս, չկաս…
Հորիզոններ եմ կախում քաղաքին,
Փակուղիներին՝ նրբութիւն ու կայծ,
Վառ ծաղիկներ եմ տալիս կրպակին,
Որ կրկին դու գաս…

Քանզի ամէն ինչ
Լրացնում է ինձ,
Քանզի ամէն ինչ քեզնից է պակաս։

16.4.90

ԻՄ ԱՆՁՐԵՒ ԱՂՋԻԿ - My Rainy Girl
June 20, 2010 10:51 AM PDT
itunes pic

Իմ անձրեւ աղջիկ

Իմ անձրե՜ւ աղջիկ, քեզ չեմ դիպչի ես,
Քանզի անձրեւը շոյել չի լինի.
Պիտ շնչել միայն բոյրն աշնահեզ
Անձրեւի եւ քո՝ գոյներով գինի…
Իմ հրէ՜ աղջիկ, քեզ չեմ շոյի ես,
Քանզի կրակը բռնել չի լինի.
Պիտ զգալ միայն շունչդ հրակէզ,
Թէկուզ այրւելով բոցում գեհենի։
Հողաբո՜յր աղջիկ, քեզ չեմ շնչի ես,
Զի արարչութեան պտուղ չի լինի…
Քաղեմ պիտ միայն հմայքդ պէս-պէս,
Հողից դուրս ժայթքող ծաղկով արիւնի…
Իմ զեփի՜ւռ աղջիկ, չեմ համբուրի քեզ,
Զի քամիները գրկել չի լինի.-
Ու այսպէս տխո՜ւր, այսպէս սիրակէ՜զ՝
Պիտ ապրենք ձմեռ, առանց գարունի…

3.12.90

ՄԻԱՅՆ ՎԱՌՒԻ… - Only To Burn
June 20, 2010 10:44 AM PDT
itunes pic

Միայն վառւի

1

Առաջ բակ էր ու պարտէզ
Սենեակներ ջերմ ու պատշգամբ.
Փոքր դրախտ էր՝ ինձ ու քեզ,
Ո՛չ պատւիրան, ո՛չ պատգամ…

Ամբողջ օրը խաղ, կատակ,
Աչքակապուկ, տուն-տունիկ.
Միւսները՝ պապ-զաւակ,
Մենք՝ «հայր» ու «մայր»՝ ընտանի՜ք։

2

Յետոյ քանդւեց բակն այդ,
Տեղը շինւեց հիւրանոց.
Դու ուսանող, ես՝ սպայ,
Քայլեցինք մինչ մեր փողոց…

Ես մեկնէի պիտ ճակատ,
Դու՝ այլ երկիր՝ նոր շրջան…
Էրոս-Ամուրը հաստատ
Այդ գիշեր պիտ շշնջար…

3

Գուցէ յետոյ անդ կոչւի՝
Հանգստեան տուն - ծերանոց,
Մենք ծւարած մեր մահճին,
Իրար ժպտանք լուռ, անբոց…

Ինչ լինում է լինի՛ թող,
Մէ՛կ է՝ կեանքը կը հոսի.
Միայն թէ միշտ թող տայ շող՝
Վառւի ջահը երազի՜…

21.6.03

***ՄՒ ՔՒՉ ՀԱՐԲԱԾ... - ***A Bit Drunk...
June 20, 2010 10:38 AM PDT
itunes pic

***Մի քիչ հարբած՝ մի քիչ գինով...

Մի քիչ հարբած՝ մի քիչ գինով,

Մի քիչ մենակ լինէինք,

Դրսում աշուն, թախիծ լինէր,

Մի քիչ կրակ լինէինք,

Թող աշխարհը մտնէր խոր քուն

աշուն, ձմեռ, մինչ գարուն…

Ամառնագոյն գինու համար

մի - մի բաժա՜կ լինէինք։

13-14.9.03
Երեւան

ՏԱՐԻՔ - Age
June 20, 2010 10:29 AM PDT
itunes pic

Տարիք

Իմ երազների հրաշք թագուհուն
Զուգել է արդէն չքնաղ մի… Կնճիռ.
Այսպէս է սէրը՝ ապրում է թաքուն՝
Իր խոր, ներքնահոս ակունքում, վճիտ։

Նա հոսում է ծանր, ե՛ւ յամր, ե՛ւ գաղտնի,
Կտրում-անցնում է տարիներ բազում.
Յանկարծ անում է փրփուրն իր յայտնի,
Սակայն իսկ հունը մէկի չի բացում։

Նա հոսում է խոր ընդերքով գետնի,
Բովանդակ կեանքն է ձեւում— ընդգծում.
Այդ հոսքի մասին ոչ ոք չգիտի,
Լոկ արմատնե՜րն են նրա զովը ծծում…։

. . . Իմ երազների հրաշք թագուհուն
Զուգել է արդէն չքնա՜ղ մի կնճիռ.
Դա շատ-շատերին տարիք է թւում,
Իսկ ինձ՝ նոր հունը աղբիւրի վճիտ…։

22.8.99

ՀԱՐԵՒԱՆՈՒԹԻՒՆ - Neighbourly
June 20, 2010 10:25 AM PDT
itunes pic

Հարեւանութիւն

Դուք, իմ մանկութեան դիցուհի տիկին,
Որ հիմա մուժ է

իջել

ձեր աչքերին,

Դուստրդ նայում է ինձ մի քիչ տարբեր,
Իմ ջահէլ հօ՞րն է յիշում թէ՞ մէկին…

Դուք իմ մանկութեան դիցուհի տիկին,
Դուստրդ նման է ե՛ւ ձեզ, ե՛ւ մէկին,
Թէ՝ նման է ձեզ,

թէ՛ իր մանկութեան,-

Բայց արդ դարձել է հասուն մի կին…

Դուք իմ մանկութեան դիցուհի, տիկին,
Նրան է նայում իմ տղան կրկին.
Աշխարհը այսպէս կը գա՜յ,

կը գնա՜յ,

Բայց կապրի՛ սիրոյ երազի հոգին…

Դուք իմ մանկութեան դիցուհի տիկին…

6.3.93

ՄՈԳԵԿԱՆ (2) - Magical 2
June 20, 2010 10:20 AM PDT
itunes pic

Մոգական - 2

Բոյրերը յաճախ
Մեզ բան են յուշում.
Ինչ-որ ճանապարհ,
Ինչ-որ մայրամուտ,
Յուշում են ինչ-որ

Աչքեր՝ մշուշում,

Ինչ-որ երգի տող,

Գորովանք ու գութ։

Բոյրերը յաճախ
Յուշ են մշուշում,

Ինչ-որ անտառում
Արմատ կամ կեղեւ,

Որը փակւել է
Թանձրաշերտ փոշում,
Բայց յանկարծ վրան
Տեղում է անձրեւ…

Տեղում է թեթեւ,

Մաքրում է փոշին,

Անտառի բոյրը

Քեզ բան է յուշում,

Մտաբերում ես
Արդէն ուրիշի,
Որը նա է, բայց
Ուրի՜շ մշուշում…

8.12.90

ՄՈԳԱԿԱՆ (1) - Magical 1
June 20, 2010 10:16 AM PDT
itunes pic

Մոգական -1

Իրիկնամուտ է։
Եւ վառւող բոլոր ճրագների հետ,
Ինձ մէջ խաղում է զով կանաչաւուն,
Որ մի աղջկայ աչքի գոյնն ունի…

Իրիկնամուտ է,
Եւ այդ աղջիկը այնքան է լաւը,
Որ մտածում ես՝ լոկ նրա համար
Կարժի հանդուրժել
Աշխարհի ամբողջ կրակն ու ցաւը։

Իրիկնամուտ է։

Սրսփաց պահը,
Սառեց աշխարհը,
Մարեց մեծ ջահը,
Կուտակւեց ամպը,

Ու վառւեց ինձ ու նրան բաժանող
Տարածութիւնը քիչ լուսաւորող

Մեն-միակ լամպը,

Որ թէ բարի է,
Թէ խիստ անգութ է…

Իրիկնամո՜ւտ է։

13.6.90

ԿԾԻԿ - Ball of Thread
June 20, 2010 10:11 AM PDT
itunes pic

Կծիկ

Քեզ ասացի՝ մի՛ գնա, վերադարձել ես, բարի՜,
Լուսաբաց է քեզ համար, թերեւս մեզ… չորս տարի…
Քեզ չսիրել չեմ կարող, մեղքս պատմիր լոկ բարձին,
Բայց ողջ աշխարհ է սպասում հարկադրեալ իմ դարձին։

Դու գնացիր ու եկար, աշխարհների՜ այցելու,
Ինձ ժամ չեղաւ քեզ նոյնիսկ թաքնաթաքուր լացելու.
Դու աշխարհից ես գալիս, ոչինչ տխուր չես ասում,
Իսկ ես ուրախ չեմ գնում, ինձ աշխարհ ցա՛ւ է սպասում։

Գուցէ ասում ես՝ գնա, զի մնալս բան չարժի.
Չեմ ասում՝ ես քաշեցի, քիչ էլ հիմա դու քաշիր.
Մենք է՛ն գլխից ենք կտրել նուրբ թելը մեզ միացնող,
Դրա համար ենք անցնում իրար կողքից որպէս զով…։

Գուցէ մի օր հանդիպենք աշխարհի այլ փողոցում,
Հանդիպումն այդ մեր թելին բերի մի նոր հանգուցում.
Այնպահ կասես՝ ասացի գնա՛, ինչո՞ւ ետ դարձար.
Ես էլ կասեմ՝ աշխարհ է, թելի կծիկ բազմածալ…

2.2.94

***ՔՈ ՃԱՀՃԱԳՈՅՆ ԱՉԵՐՈՒՄ... - ***In Your Marshy Eyes...
June 20, 2010 10:06 AM PDT
itunes pic

***Քո ճահճագոյն աչերում...

Քո ճահճագոյն աչերում
Կայ թէժ մի վագր, մերկ մի սուր.
Լռելեայն քո կանչերում՝
Վայելք, թակարդ, մեղք հասուն։
Ցորեանի մէջ վարսերիդ
Կայ լոյս-միգում անտառի.
Աղօթք, անյուշ վերացում՝
Գմբէթներումդ բերրի…
Սրունքներիդ մարմարին՝
Սառն սարսափը բագինի,
Քնարալար մատներիդ
Փակ-անափը անհունի…
Ուզի՛ր արիւն կը մտնեն,
Որպէս հզօր կենդանի,
Միայն երբէք չմթնեն
Մանուշակնե՜րդ վայրենի…

24.10.83

ՁԻԹԵՆԻ - Olive Tree
June 20, 2010 10:03 AM PDT
itunes pic

Ձիթենի

Քո տաք շրթերի գոյնը
Կարմրաշէկ
Սրտիս արիւնն է կաթեցնում

բուռ-բուռ…

Սատափ իրանիդ՝
Ստինքներդ նուռ
Ժայթքում են որպէս
Լուսէ կաթնաղբիւր.

Քո մարմնի բոյրը
-Խունկ ու ձիթենի,-
Կարող է վառել
Հազարմէկ տաճար,

Որտեղ ծնկում են
Քրմերը բոյլ-բոյլ,
Բայց չեն գտնում

Քեզ մի պահ տիրելու
չափ՝ կեանքի՜ պատճառ…

Իմ արեւակէզ,
Իմ մշտադալար։

20.9.89

ՍԷՐԴ ՆՄԱՆ Է… Բ - Your Love Like... B
June 20, 2010 09:58 AM PDT
itunes pic

Սէրդ նման է ... Բ

Սէրդ նման է… վառ ծխախոտի,
Թէ ծխեմ՝ պիտի ներսս յօշոտի,
Թէ նետեմ՝ պիտի դառնամ «դաւաճան»
Ոտնատակ անեմ՝ դառնամ սիրասպա՜ն…
Այսպէս, բոցը միշտ
Մօտն է իմ մատի,
(Ո՛չ միայն մատի,
Այլ նաեւ՝ սրտի՜),
Ոչ միայն բոցը, հնո՛ցը ասա,
Սովոր՝ երազիս ցախին ու փայտին։

Սէրդ նման է վառ ծխախոտի…

10.8.93

ՍԷՐԴ ՆՄԱՆ Է… Ա - Your Love Is Like... A
June 20, 2010 09:47 AM PDT
itunes pic

Սէրդ նման է ... Ա

Սէրդ նման է, ախ, ծովի ջրի,
Շա՜տ է, անսահմա՜ն, բայց նաեւ՝ աղի՛.
Եթէ չխմեմ, ծարաւ կը մեռնեմ,
Թէ խմեմ, պիտի աղից ծարաւեմ.
Ասա ի՜նչ անեմ.
Այսպէս չծաղկած, ինչպէ՜ս թառամեմ…

9.8.93

ԽԱՐՈՅԿ
June 20, 2010 09:41 AM PDT
itunes pic

Սիրոյ մէջ պարտւելն
Պոէտի համար
Հաւասար է իր
Ամենապայծառ
Երգը նետելուն
Խարոյկի մէջ վառ..

Այնտեղ մնում է
Մի բուռ մոխիր սառն,
Մինչդեռ հոգու մէջ՝
Հրդեհի՜ անտառ… Հրդեհի՜ անտառ…

23-24.1.90

***ԽՕԼ ԿԱՆԱՉ, ԽԵՆԹ ԿԱՊՈՅՏ... - ***Mad Green, Wild Blue...
June 20, 2010 09:31 AM PDT
itunes pic

***Խօլ կանաչ, խենթ կապոյտ...

Խօլ կանաչ, խենթ կապոյտ աչերդ թաւուտ,
Ինձ տարին փակ-թաքուն գանձարանն հոգուդ,
Որտեղ մեղմ փայլում էր հազար մէկ զմրուխտ,
Որտեղ է՛լ բացւում էր մի սիրոյ յուռութ։

Խօլ կանաչ, խենթ կապոյտ քո աչերը լուրթ,
Ինձ բերին երազի խոստումներ անսուտ.
Յուռութով խոստումն էլ փշրւեց անգութ,
Ու պարզւեց Չար-Բարու առեղծւածը մութ—.

Կեանքի մէջ ամէն ինչ այդպէս է՝ զոյգ պուտ,
Սաղմը, շարժումը, ժամանակն անփոյթ.
Մի բան միակ է, խորին մի խորհուրդ,-
Դա էլ լոկ սէրն է՝ սիրելն է անշուշտ։

Խօլ կանաչ, խենթ կապոյտ քո աչերը լուրթ…

10.6.96

«TENACITY»
June 20, 2010 09:01 AM PDT
itunes pic

(Յամառութեան շոգենաւ)

Ձեր փողոցը մի նաւ է ջահերով,
Որ ամէն գիշեր տանում է եւ քեզ.
Ես մոլորւում եմ այնտեղ ժամերով,
Որ լսեմ վերջին սուլոցն աղեկէզ։

Ու մեկնում ես դու նաւին երազի,
Ու ճամբորդում ես ժամանակից դուրս,
Որպէսզի ինձ գան երազներ այցի
Ու բերեն ինչ-որ հանդիպումի յոյս…

Մշուշ է ելնում ջահերից երկար,
Լոկ լռութիւնն է մայթերը քերում,
Ինձ թւում է՝ դու այս անգամ եկար՝
Զի փողոցը կայ իր իսկ ափերում։

«Նաւ»-ից վաղը պիտ ճամբորդներ իջնեն,
Առնեն ու ծախեն ապրանքներ չնչին,
Իսկ ես պիտի ողջ գիշերը շրջեմ,
Որ լսեմ նրա սուլոցը վերջին…

Դու չկաս, բայց քեզ նաւը պիտ տանի,
Քո հուրը, թոյրը, բոյրը վերջապէս.
Եւ այսպէս քանի՞ գիշեր, դեռ քանի՜,
Պիտի թողնի ինձ եւ տանի լոկ քե՛զ…

24-27.1.90

***ՇԱՏ ԵՐԱԶԵԼՈՒՑ... - ***From So Much Dreaming...
June 20, 2010 08:57 AM PDT
itunes pic

***Շատ երազելուց...

Շատ երազելուց դարձել էր բեզար,
Ու չկար, չկար փրկութեան հնար.
Կեանքը շաղւել էր անուրջների հետ
Ու դարձել էր մի քողարկւած կոշմար.
Յետոյ մտածեց. . . չապրելու մասին,
Յետոյ մտածեց՝ չկայ ճանապարհ,
Յետոյ մտածեց՝ երազն էլ է սին,
Ոչ մօտենում է, ոչ չքւում ի սպառ.
Խորհեց։ Քուն մտաւ։ Բայց դարձեալ երա՜զ,
Այս անգամ սէրը մերկ էր ու պայծառ,
Ու կեանքի հիւթը իր երակներում
Վարար կաթի պէս պղպջում էր վառ…

Յետոյ հասկացաւ, որ կարժի ապրել,
Թէկուզ հէնց միայն երազի՜ համար…

7.5.92

ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ…
June 20, 2010 07:14 AM PDT
itunes pic

Այս պատմութիւնը
Կարծես պատմել եմ.
Անձրեւի դիմաց
Անձեւ պառկել եմ,
Վերջերգս գրել,
Բայց եւ պատռել եմ,
Կեանքն արհամարհել,
Ուստի — պատւե՜լ եմ…

… Գոյներն թանձրացել,
Բայց մեղմանում են,
Հոգիս ցաւացել,
Բայց մեղքանում եմ…
Իմ դիմադրութեան
Դիմաց պարտւել եմ,
Ուրեմն…Կարծես…
Քեզ կարօտե՜լ եմ…

Այս պատմութիւնը
Կարծես պատմել եմ։

21.2.91

***ԱՉՔԵՐԻԴ ԽՈՐՔՈՒՄ... - ***In Depth of Your Eyes...
June 20, 2010 07:05 AM PDT
itunes pic

***Աչքերիդ խորքում ...

Աչքերիդ խորքում անտառ եմ տեսնում,
Դրանից յետոյ մշուշ ու երկինք,
Շրթերիդ վրայ մի բառ եմ տեսնում,
Որով բացւում է ամէն սիրոյ գիրք.
Շրթերիդ համար երազ եմ տեսնում-.
Այդ անտառի մէջ ես ու դու մենակ…
Աչքերիդ համար մի բառ եմ ասում,
Ու սրտիս մէգը դառնում է կրա՜կ։

9.8.92

BOULEVARD
June 20, 2010 06:59 AM PDT
itunes pic

Շոյում է, հոգիս

Հին ջրհորդանից ջրի թաւալւող կաթիլի նման,-

Անյայտ մի թախիծ.
Չէ՞ որ եղել ես՝ ինձանից առաջհրդեհ քաղաքում

Ու մի երեկոյ

անցել անպայման
Բուլւարից՝
Թերեւս իրական, անգո՛յ,
Պարտէզից, որպէս կորուսեալ մշուշ,

Ուրի՜շ վայրերից, երբ իջել է ձիւն…

Ուրիշ մայթերից, երբ եղել է ու